54-րդ վենետիկյան բիենալեում Հայաստանը կարող է ներկայացուցիչ ունենալ նաև գլխավոր ցուցադրության մեջ
2011 թվականին կայանալիք բիենալեում առաջին անգամ փորձ է կատարվելու ազգային տաղավարից բացի Արսենալեում` Բիենալեի գլխավոր ցուցադրության մեջ ներկայացուցիչ ունենալ:
«Հայաստանը երբևէ ներկայացված չի եղել Արսենալեում: Այժմ փորձում ենք այնպես անել, որ տեղ գտնենք և' Մուրադ Ռաֆայելյան վարժարանում, և' Արսենալեում ներկայանալու համար»,- ասել է հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ժամանակակից արվեստի 24-րդ վենետիկյան բիենալեին նվիրված մամլո ասուլիսին:
Արսենալեն Վենետիկի հին զինամթերքի պահոց, ռազմական նավերի գործարան է եղել, որը 50-ականներից սկսել է օգտագործվել որպես Բիենալեի հիմնական տաղավարներից մեկը: Այստեղ է ներկայացվում գլխավոր համադրողի կողմից մշակված համատեքստը: Բացի հիմնական ցուցադրությունից այստեղ տեղ են գտնում նաև որոշ ազգային տաղավարներ, օրինակ` Չինաստանը, Արաբական Էմիրությունները, Թուրքիան պարբերաբար տարածք է վերցնում Արսենալեի կենտրոնական հատվածներում:
ՀՀ Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը նշեց, որ Մշակույթի նախարարությունը փորձում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ձեռք բերել Վենետիկում 16 դարի շինություն գնելու համար: «Գնելն ավելի շահեկան է, քան վարձակալելը: Հայաստանի անընդմեջ մասնակցությունն ապահովելու համար պետք է գնել: Սակայն այս հարցը կապված է խոշոր գումարների հետ»,- ասում է նա:
Հայաստանի տաղավարի գեղարվեստական միտքը վստահված է Վարդան Ազատյանին, Ռուբեն Արևշատյանին, Նազարեթ Կարոյանին և Արմինե Անտիկյանին: «Նրանց աշխատանքին մենք վաղուց ենք ծանոթ: Մշակույթի դաշտի ամենապրոֆեսիոնալ մարդիկ են, եղել են ժամանակակից արվեստի ջատագովները»,- ասաց Վիկտոր Մնացականյանը: 54-րդ Բիենալեի հայկական տաղավարի կուրատոր Նազարեթ Կարոյանը նշեց. «Թիմային աշխատանք ենք անելու: Մեր փորձը, գիտելիքները կարող են միահյուսվել, քանի որ մենք բոլորս տարբեր ասպեկտներ ենք ներկայացնում»:
«Վերջին 10 տարիներում ժամանակակից արվեստի կարևորագույն ձեռքբերումն այն է, որ հայ ժամանակակից արվեստի գործիչները ակտիվ երկխոսության մեջ են, ներգրավված են համաշխարհային արվեստի կոնտեքստի մեջ: Հենց դա է ապացուցում մեր ներգրավվածությունը Վենետիկի Բիենալեին»,- ասաց հայկական տաղավարի կուրատոր արվեստաբան Վարդան Ազատյանը:
54-րդ բիենալեն կրելու է «Տիեզերքը տիեզերքում» խորագիրը: Թե ինչպես է ներկայանալու Հայաստանը Վենետիկի բիենալեին 2011 թվականին, դեռ հստակ չէ: Կոնցեպտը զարգացման փուլում է:
«Սովորաբար Հայաստանի ազգային տաղավարը ներկայացվել է կոնկրետ գործերի տեսքով, ինչպես ինստալացիա, վիդեոարվեստ, որոնք դրված են եղել մի վայրում: Դրանք տեսնելու համար պետք էր գնալ այնտեղ ու նայել»,- հավելեց Վարդան Ազատյանը: Նրա խոսքերով այս Բիենալեի ողջ ընթացքում նախատեսվում է կազմակերպել կլոր սեղաններ, քննարկումներ, տարբեր հյուրեր հրավիրել` տաղավարի աշխուժությունը և քննադատական ու բանավիճային մթնոլորտը ապահովելու համար: Նախատեսվում է նաև ներգրավել սփյուռքի առաջադեմ մտավորականներին քննարկումներին մասնակցելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել