67-րդ վենետիկյան միջազգային կինոփառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին
67-րդ վենետիկյան միջազգային կինոփառատոնը բացվելու է սեպտեմբերի 1-ին Դարեն Արոնովսկու «Սև կարապը» ֆիլմի պրեմիերայով: Հոգեբանական թրիլերի գործողությունները զարգանում են New York City Ballet-ի կուլիսների ետևում:
Թվով ամենաշատ ֆիլմեր ներկայացնում է ԱՄՆ-ն (Սոֆիա Կոպոլայի «Ինչ-որ մի տեղ», Ջուլիա Շնաբելի «Միրալը», Վինսենտ Գալլոյի «Ջրի վրա գրված խոստովանությունները», Քելի Ռեյխարդի «Միկի շրջայցը», Մոնտե Հելմանի «Ճանապարհ ոչ մի տեղ»): Ֆրանսիան ներկայացնում է 3 ֆիլմ (Անտոնի Կորդյեի «Մի քանի հաջողակները», Աբդել Քեշիշի «Սև Վեներան», Ֆրանսուա Օզոնի «Ծաղկամանը»): Տանտերերը` իտալացիները, կինոփառատոնին ներկայացրել են 4 ֆիլմ (Ասկանիո Չելեստինիի «Սև ոչխարը», Կարլո Մացակուրատիի «Կիրքը», Սավերեո Կոստանցիոյի «Կենտ թվերի միայնությունը», Մարիո Մարտոնեի «Մենք հավատում էինք»):
Մյուս մասնակիցների թվում են Թոմ Տիկվերի «Երեքը» (Գերմանիա), Պաբլո Լարայնի «Post Mortem»-ը (Չիլի), Տակաշի Միկեի «13 մարդասպանները» (Ճապոնիա): Մեկական ֆիլմեր են ներկայացնում Չինաստանը, Հունաստանը, Կանադան:
Այս տարի փառատոնի կազմակերպիչները խախտել են ավանդույթը և նախապես հայտարարել մրցույթի ավանդական «ֆիլմ-անակնկալը»` 23-րդ ֆիլմը. դա լեհ ռեժիսոր Եժի Սկոլիմովսկու «Անհրաժեշտ սպանությունն» է:
Ժյուրին գլխավորում է Քվենտին Տարանտինոն, ժյուրիի անդամներն են Առնո Դեպլեշենը, Գաբրիելե Սալվատորեսը, դրամատուրգ Գիլյերմո Արիագան, կոմպոզիտոր Դենի Էլֆմանը և լիտվացի դերասանուհի Ինգեբորգա Դաբկունայտեն:
«Հորիզոններ» ծրագրի շնորհիվ, որը խոստանում է կենտրոնանալ էքսպերիմենտալ կինոյի վրա, մրցանակների թիվը հասել է չորսի: Այստեղ ժյուրին գլխավորում է իրանցի ռեժիսոր Շիրին Նեշաթը, բացող ֆիլմը լինելու է Կատրին Բրեայի «Քնած գեղեցկուհին»:
67-րդ Մոստրան, ինչպես Իտալիայում անվանում են վենետիկյան բիենալեի մաս կազմող միջազային կինոփառատոնը, սեպտեմբերի 11-ին փակելու է Ջուլի Թեյմորի «Փոթորիկը» ֆիլմը, որը Շեքսպիրի համանուն պիեսի էկրանացումն է:
Վենետիկյան կինոփառատոնը աշխարհի ամենանշանակալի և հեղինակավոր փառատոներից է: Վենետիկի փառատոնի գլխավոր մրցանակի` «Ոսկե առյուծի» հետ կարող են մրցել միայն Կաննի «Ոսկե արմավենին», Բեռլինի «Ոսկե արջը» և հոլիվուդյան «Օսկարը»: Վենետիկյան կինոփառատոնը աշխարհում ամենահինն է. այն սկիզբ է առել 1932 թ.` ժամանակակից արվեստի վենետիկյան բիենալեի շրջանակներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել