HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանի կոպիտ սխալը մենք պետք է օգտագործեք մեր նպատակներին հասնելու համար»

Ս.Սարգսյանի պատասխանը` Արցախի հակամարտության կարգավորման խնդիրը ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում շահարկելու Ադրբեջանի քաղաքական ուղեգծի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, օգոստոսի 29-ին այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց, որտեղ պատասխանել է նաև ուսուցիչներից մեկի հարցին: Հարց - Այսօր Արցախի Հանրապետությունը զարգանում և բարգավաճում է, մենք մեր ձեռքերով կառուցում ենք մեր հանրապետությունը: Բայց Ադրբեջանն այսօր ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում, առիթը բաց չթողնելով, փորձում է նորանոր բանաձևեր առաջ քաշել` դրանով իսկ փակելով միջազգային հանրության աչքերը: Մինչև ե՞րբ է Ադրբեջանը շարունակելու քաղաքական տվյալ կուրսը, և չե՞ն հասկանում, վերջապես, որ սա այլ հանրապետություն է, և նրանց հետ ոչ մի կապ չունի: Լավ կլինի, որ այս հարցը Ալիևին տաք, որովհետև ես չեմ կարող Ադրբեջանի քաղաքականության համար պատասխանատու լինել: Ես առավելագույնը կարող եմ պատասխանատու լինել Հայաստանի և, ինչ-որ չափով, մեր ժողովրդի տարբեր հատվածների կողմից իրականացվող քաղաքականության համար: Մյուս կողմից, ես զարմանում եմ, որ Դուք զարմանում եք Ադրբեջանի գործողությունների, քայլերի առիթով, և մի քիչ էլ զարմանում եմ, որ անհանգստանում եք: Միգուցե պետք է անհանգստանալ, բայց այդ անհանգստությունը որևէ ազդեցություն չպետք է ունենա ձեր գործունեության վրա: Ձեր խնդիրը երեխա կրթելը, դաստիարակելն է, նրանց մեջ հայրենասիրական որակների ամրապնդումը, բարձր գիտելիքների նկատմամբ մեծ ցանկություն դաստիարակելն է և ոչ միայն դպրոցում, այլև որ նրանք, ընդհանրապես, կյանքում միշտ ձգտեն իրենց գիտելիքն ավելացնել: Պատասխանատուները, ովքեր զբաղվում են այդ խնդրով` զբաղվում են քաղաքականությամբ, կարծում եմ` լուծումներ կգտնեն: Այո, հավաստի տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձև (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի և Հայաստանի ոչ քաղաքական, ոչ տնտեսական կյանքում, ոչ էլ անվտանգության բնագավառում: Այդ բանաձևին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ: Թերևս այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներն են: Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որ այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձևին: Առնվազն գոնե ձեռնպահ են մնալու, որովհետև նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձևերի ընդունումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա: Սա` մի հանգամանք, և երկրորդ հանգամանքը` կարծում եմ, որ շատ շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է անում, և այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործենք մեր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է, որ մեր կողմից ևս քայլեր կլինեն, և այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին: Բայց, նորից եմ խնդրում, որ ինձ հարցնեք մեր գործունեության մասին, իսկ մեր գործունեությունը մշտապես պետք է ուղղված լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլև մնացած երկրները համոզված լինեն, որ հետդարձի ճանապարհ չկա, որ որևէ կերպ բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդեն իսկ կայացած պետություն է, միգուցե` փոքր, միգուցե`դեռևս պրոբլեմներով լի, բայց պետություն է, և այս պետությունն ամրապնդվելու, զարգանալու է: Դուք երեխաներին բացատրում եք, որ տարին ունի չորս եղանակ, և որևէ մեկը չի կարող փոփոխել դա: Ուզես թե չուզես, գարնանը հաջորդում է ամառը, ամռանը` աշունը, աշնանը` ձմեռը, և այդպես էլ անփոփոխելի է մեր ընթացքը: Այս ընթացքը շարունակվելու է: Վերադառնամ խնդրին, դուք ձեր ճակատում պետք է շարունակեք պայքարը, մենք` մեր ճակատում, սպաները, զինվորները` իրենց ճակատում: Եվ եթե մենք կարողանանք մեր բնագավառներում հաջողության հասնել, այն ժամանակ կարող ենք ասել, որ մեր պրոբլեմները քչանում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter