Առաջին անգամ կիրականացվի «Կինոաշուն» ամենամյա ազգային կինոյի ամիս ծրագիրը
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրը կմեկնարկի «Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 11-ին: Մինչեւ նոյեմբերի 10-ը ներարառյալ այստեղ երեւանցիները կդիտեն հայկական կինոյի արժանահիշատակ ֆիլմերի պրեմիերաներ, կնշվեն մի շարք հոբելյաններ: Միաժամանակ, մեկամսյա կինոցուցադրություններ կիրականացվեն մայրաքաղաքի այլ վայրերում, այդ թվում` Հայաստանի ազգային պատկերասրահի, «Նարեկացի» արվեստի կենտրոնի, Տիկնիկային թատրոնի եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի եւ մանկավարժական ինստիտուտների դահլիճներում:
Մայրաքաղաքի կինոսիրող հանրությունը նաև հնարավորություն կունենա երկու բացօթյա «կինոթատրոններում»`Կասկադում եւ Սիրահարների այգում, չորս շաբաթ շարունակ, յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին դիտել իրենց համար հարազատ եւ սիրելի դարձած ֆիլմերը, այդ թվում` «Կարինե», «Հարսնացուն Հյուսիսից», «Առաջին սիրո երգը», «Նամուս», «Շորն ու Շորշորը» համր «Պեպո», «Շիրակի մեղեդիները», մանկական ֆիլմերի ծրագիր եւ այլն:
Բուհերում կցուցադրվեն անկախությունից հետո արտադրված ժամանակակից ֆիլմեր, որոնց համար ուսանողների շրջանում հայտարարվելու է լավագույն գրախոսականների մրցանակաբաշխություն: Մրցութային հանձնաժողովի անդամներն են` Դավիթ Մուրադյանը, Սուրեն Հասմիկյանը, Նունե Հախվերդյանը, Անիտա Երզնկյանը եւ այլք:
Ծրագրի աշխատակազմի որոշմամբ, մարզային կինոծրագրերում եւս ընտրված են ժամանակակից հայ ռեժիսորների գործերը: Այս տարի կինոցուցադրությունների համար ընտրվել են միայն չորս` Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերը, քանի որ ծրագիրը ընդունվել է օգոստոսի 20-ից հետո: Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից խոստանում են, որ հաջորդ տարի կընդգրկվեն բոլոր մարզերը:
«Կինոաշուն» ծրագրի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կբացվի նաեւ ֆոտոցուցահանդես:
«Կինոաշուն» ծրագրի առաջնային նպատակն է ամեն տարի մեկ ամիս մայրաքաղաքում եւ մարզերում իրականացնել ինչպես ազգային կինոֆոնդում պահպանվող ֆիլմերի ցուցադրությունն ու տարածումը, այնպես էլ ժամանակակից հայ կինոարտադրանքի մասսայական տարածումը և հայ ժամանակակից կինոյի մասին հասարակական կարծիքի ձևավորումը, արդի հայ կինոն հայ հանրության մշակութային կյանքի անքակտելի բաղկացուցիչ դարձնելը:
Հոկտեմբերը այսուհետ նախատեսվում է հայտարարել ազգային կինոյի ամիս և ամեն տարի նույն ամսին անցկացնել ազգային կինոյի բազմաժանր ցուցադրություններ մայրաքաղաքում եւ մարզերում:
Ի դեպ, այս տարվա հոկտեմբեր ամսին Երեւանում տեղի կունենա նաեւ իտալական ժամանակակից կինոյի փառատոն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել