Տիգրան Գ. Մարտիրոսյանը` աշխարհի չեմպիոն
Ի պատիվ գյումրեցի 22-ամյա ծանրորդ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանի երեկ թուրքական Անթալիայում հնչեց Հայաստանի հիմնը: Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում մեր մարզիկը պոկում վարժությունում ցույց տվեց 173 կգ արդյունք, որը մեկ կգ-ով էր ցածր աշխարհի գործող ռեկորդից: Իսկ ռեկորդակիրն ու աշխարհի գործող չեմպիոնը` չինացի Քսիայուն Լուն, բավարարվեց 170 կգ արդյունքով: Այս 3 կգ-ի առավելությունը օգնեց մեր ծանրորդին երկամարտում դառնալ առաջինը: Հրում ձեւում Տիգրանը երկրորդ փորձից միայն բարձրացրեց 200 կգ-ը, իսկ հետո ցավալիորեն գցեց 205 կգ-ոց ծանրաձողը: Չին մարզիկը, որն անձնական քաշով 300 գրամով թեթեւ էր Տիգրանից, այդուամենայնիվ, չկարողացավ օգտագործել իր հնարավորությունը եւ չնայած թեթեւ քաշի շնորհիվ 200 կգ-ով հենց նա նվաճեց հրում վարժության փոքր ոսկին, բայց երկամարտի մեծ ոսկե մեդալին ու աշխարհի չեմպիոնի կոչմանը արժանացավ Տիգրան Մարտիրոսյանը:
Գյումրեցի ծանրորդը դեռ 19 տարեկանում` 2007-ին Ստրասբուգում 69 կգ քաշային կարգում դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն` ցավալիորեն զիջելով ֆրանսիացի Դաբայային, բայց 2008-ին իտալական Լինյանոյում Տիգրանը գերազանցեց բոլորին, դարձավ Եվրոպայի չեմպիոն ու ճանաչվեց այդ առաջնության լավագույն ծանրորդ: Նույն տարի Պեկինի օլիմպիական խաղերում մեր ծանրորդը բորնզե մեդալ նվաճեց: 2009-ին կորեական Կոյանում արդեն 77 կգ քաշային կարգում նա դարձավ աշխարհի փոխչեմպիոն` զիջելով Լուին, իսկ այս տարի Մինսկի Եվրոպայի առաջնությունում դարձյալ լավագույնը ճանաչվեց: Ահա եվ Եվրոպայի չեմպիոնը դարձավ նաեւ առաջինը աշխարհում:
Երեկ հարթակ դուրս եկավ նաեւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, օլիմպիական բրոնզե մեդալակիր, գյումրեցի Գեւորգ Դավթյանը, որը պոկում վարժության հենց առաջին փորձի ժամանակ վնասեց մեջքն ու ձախողեց բոլոր փորձերը: Հրում վարժությանը Գեւորգն այլեւս չմասնակցեց:
Տղաների մեր թիմն, այսպիսով, երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալ նվաճեց: Սպասելիքներն անչափ մեծ են նաեւ այսօր հարթակ դուրս եկող 85 կգ քաշային մեր մյուս գյումրեցիներից` Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական բրոնզե մեդալակիր Տիգրան Վարդանի Մարտիրոսյանից եւ Եվրոպայի ու աշխարհի մրցանակակիր Արա Խաչատրյանից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել