HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մայրիկի» պրեմիերան՝ վաղը

Վաղը՝ ժամը 19:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Մայրիկ» տեսահոլովակի պրեմիերան: Արևմտյան Հայաստանում և Փարիզում նկարահանվել է մի երաժշտական տեսահոլովակ, որը փորձելու է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արևմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման վրա:

«Մայրիկ» տեսահոլովակի նկարահանման աշխատանքները սկսվել են 2010թ.-ին: Ընտրվել է ժամանակակից երաժշտական ժանրում գործիքավորված հայկական միջնադարյան «Ուր ես, մայր իմ» հոգևոր երգը` հայ երգչուհի Ռոզիի կատարմամբ, որին լրացնում է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմի ֆրանսերեն թարգմանությամբ ասերգը` ֆրանսիացի երգիչներ Ջիֆայի և Դեվոնի կատարմամբ: Տեսահոլովակի պատրաստմանը մասնակցել են ավելի քան 20 արհեստավարժ մասնագետն Եվրոպայից և Հայաստանից:

Տեսահոլովակի սցենարիստը և ռեժիսորը ֆրանսիացի Ստեֆան Զինբերգն է, որը բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմերի  ռեժիսոր և հեղինակ է: Ավարտել է Փարիզի ÉICAR կինեմատոգրաֆիայի դպրոցը, Նյու-Յորքի Center for the Media Arts-ի շրջանավարտ է: 2009 թ.-ին Պիեր Րիշարի մասնացությամբ Ժան Մարկ Պյերֆիտի նկարահանած Drôle d'histoire ֆիլմի սցենարի համահեղինակն է, որը  մասնակցել է Կաննի փառատոնին: 2006 թ.-ին Ստեֆան Զինբերգը «Բուրժ 2006» փառատոնին Էմանուել Գիյի Entraves ֆիլմով արժանացել է լավագույն դերասան մրցանակին: 2005 թ.-ին հիմնադրել է «Imagique Films» ՀԿ-ն, որը զբաղվում է կարճամետրաժ ֆիլմերի պատրաստմամբ:

Տեսահոլովակի օպերատորը պորտուգալացի Ռաուլ Ֆերնանդեսն է, որը մասնակցել է բազմաթիվ եվրոպական ֆիլմերի նկարահանման աշխատանքներին: Այժմ նա համագործակցում է France Télévision-ի հետ` իրականացնելով մի շարք ֆրանսիական հեռուստահաղորդումների նկարահանումներ:

Տեսահոլովակում երգում է Ռոզին, որը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Սովորել է Գրոնինգենի (Հոլանդիա) կոնսերվատորիայում, մասնակցել է բազմաթիվ համերգների  ​​ ԱՄՆ-ում, Հունաստանում, Հայաստանում և Ուկրաինայում:

«Էֆ Էմ Էս Մեդիա» մշակութային ՀԿ-ի նախաձեռնած «Հայ-ֆրանսիական մշակութային բարեկամություն» նախագծի շրջանակներում նախատեսվում է այլ երաժշտական տեսահոլովակների (մինի ֆիլմեր) պատրաստում, որոնցից յուրաքանչյուրը շոշափելու է համահայկական նշանակություն ունեցող կոնկրետ հիմնահարց (փակ սահմաններ, ցեղասպանություն, արցախյան հիմնահարց, շրջակա միջավայրի պահպանություն և այլն): Նախագծի նպատակն է նոր ձևաչափով ներկայացնել հայկական հիմնահարցերը համաշխարհային լսարանում, ինչպես նաև շոշափել համամարդկային հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրներ` հայ և օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ:

FMS Media

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter