HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Անժելա Մելիտոպուլոս. «Ըմբռնման և հասկանալու եղանակը միայն մեկը չէ»

Երեկ եւ նախորդ օրը Ուտոպիանա կազմակերպության հրավերով Հայաստանում էին արվեստագետ Անժելա Մելիտոպուլոսը, բելգիացի ռեժիսոր Մարիան Հանդվերքերը և սոցիոլոգ, փիլիսոփա Մաուրիցիո Լացարատոն: Նրանք հանդես եկան ֆիլմերի ցուցադրությամբ և ունեցան հանդիպում-քննարկումներ հայ արվեստագետների հետ: Հանդիպումների շրջանակում Անժելա Մելիտոպուլոսը ներկայացրեց երկու ֆիլմ` 2010 թվականի իր և Մաուրիցիո Լացարատոյի «Ասսամբլաժը» և 2006 թվականին նկարահանած «Իրերի լեզուն» վիդեո նախագիծը:  «Ասսամբլաժում» արվեստագետը և փիլիսոփան ներկայացնում են իրենց կողմից իրականացրած տեսաձայնային հետազոտությունը` նվիրված Ֆելիքս Գուատարիին, նրա հեղափոխական հոգեբուժական պրակտիկային, քաղաքական ակտիվիզմին, ինչպես նաև Էկոսոֆիային վերաբերող նրա գաղափարներին և անիմիզմի հանդեպ ունեցած հետաքրքրությանը` հատկապես բրազիլական և ճապոնական ենթատեքստում: Անժելա Մելիտոպուլոսի մյուս ֆիլմը` «Իրերի լեզուն» վիդեո էսսեն ենթագրված է Վալտեր Բենիամինի «Լեզվի մասին ընդհանրապես, և մարդկային լեզվի մասին» աշխատությունից մեջբերումներով: «Բենիամինի տեքստը, որ կա ֆիլմում, չափազանց հագեցած է: Նա դա գրել է 1916 թվականին, շատ երիտասարդ հասակում: Թեման մարդկանց լեզուն և իրերի լեզուն է: Երբ մենք սա դնում ենք տեխնոլոգիական աշխարհի կողքին, հարց է ծագում` ի՞նչ է տեխնոլոգիան, արդյոք մարդու լեզու՞ է, թե՞ իրերի լեզու, թե՞ բնության լեզու, թե՞ արվեստի լեզու», - ասում է Անժելա Մելիտոպուլոսը: «Իրերի լեզուն» պատկերում է Տոկիոյի արհեստական աշխարհներն ու բարձր տեխնոլոգիաներով հագեցված զվարճանքի այգիները: Ստեղծագործելով ժամանակակից արվեստի ասպարեզում` Անժելա Մելիտոպուլոսը իրականացրել է մի շարք էքսպերիմենտալ ժապավեններ, վիդեո ինստալյացիաներ, վիդեո էսսեներ, վավերագրական ֆիլմեր և ձայնային աշխատանքներ: Նրա աշխատանքները կենտրոնանում են միգրացիայի, հիշողության և նարատիվի շուրջ: «Կան կինոյի տարբեր տեսակներ, կինո, որը հաստատում է այն, ինչ արդեն ծանոթ է մեզ, կա կինոյի մի տեսակ էլ, որը փորձում է ակտիվացնել ուրիշ զգայարաններ, մարդուն ավելի զգայուն է դարձնում, դուրս է գալիս սովորականի շրջանակներից: Գուցե այն կարելի է անվանել չհասկացվածություն, բայց գուցե այն կարող է նաև հետաքրքրություն առաջացնել հասկանալու, մարսելու այն, ինչը դեռ չես հասկացել: Տեսախցիկը այդ բոլոր պատկերների միջոցով հարստացնում է աշխարհը, հաղորդակցման գործընթացը, ավելի է ակտիվացնում մարդու լսողությունը: Ըմբռնման և հասկանալու եղանակը միայն մեկը չէ»,- ասաց արվեստագետ Անժելա Մելիտոպուլոսը ֆիլմի ցուցադրումից հետո կազմակերպված բանավեճ-քննարկմանը: Սոցիոլոգ, փիլիսոփա Մաուրիցիո Լացարատոն հանդես եկավ «Տնտեսական աղքատացումն ու սուբյեկտիվության աղքատացումը նեոլիբերալիզմում» թեմայի շուրջ զեկույցով: Բելգիացի ռեժիսոր Մարիան Հանդվերքերը ներկայացրեց 1990 թվականին նկարահանած իր «Անդրե Գորց» վավերագրական ֆիլմը: Ֆիլմում աշխատանքի կապիտալիստական ընկալումների շուրջ իր ոչ ավանդական տեսակետն է ներկայացնում ֆրանսիացի փիլիսոփա և լրագրող Անդրե Գորցը: Մշակութային-ստեղծագործական հասարակական կազմակերպություն Ուտոպիանան իր գործունեությունն է ծավալում Երևանում  ու Ժնևում (Շվեյցարիա): Ուտոպիանան նպատակ ունի նպաստել Հայաստանը մշակույթների երկխոսության և հանդիպման վայր դառնալուն, աջակցել քննադատական մտքի և ժամանակակից ստեղծագործության խտացումներին, խթանել հասարակության հետաքրքրությունն ու ներգրավվածությունը արվեստի ժամանակակից պրակտիկաների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter