HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Սմեսովը ավարտում է առաքելությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ժամանակ կատարված աշխատանքի համար և բարձր գնահատել նրա ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման հարցում։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ դիվանագետն իր գործունեության ընթացքում մեծ նպաստ է ունեցել երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում` հասցնելով դրանք քաղաքական և մշակութային երկխոսության բարձր մակարդակին։ Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` Սերժ Սմեսովը գոհունակությամբ նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունից հետո Ֆրանսիան երկրորդ խոշոր ներդրողն է Հայաստանում, ինչը վկայում է տնտեսական փոխգործակցության ոլորտում արձանագրված լուրջ առաջընթացի մասին։ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ծավալված արդյունավետ համագործակցության համատեքստում զրուցակիցները ողջունելի են համարել հայաստանյան շուկայում ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում` «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» բջջային օպերատորի, գործունեությունը և քննարկել հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերի աշխուժացման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, հեռանկարային է համարվել ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ համագործակցության ակտիվացումը փոստային ծառայությունների մատուցման, ապահովագրության, էներգետիկայի, էլեկտրոնիկայի, գյուղատնտեսության, գինեգործության, դեղագործության և օծանելիքի արտադրության ոլորտներում։ Դեսպան Սմեսովն անդրադարձել է նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված արդյունավետ համագործակցությանը և կարևորել Հայաստանի ու Ֆրանսիայի քույր քաղաքների և շրջանների միջև բարեկամական կապերի ընդլայնումը։ Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ և համոզմունք հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի լավ բարեկամը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter