Բացվել է Լևոն Լաճիկյանի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը
Այսօր Նարեկացի արվեստի միությունում բացվել է Լևոն Լաճիկյանի «Խաչվող ճանապարհներ» ցուցահանդեսը` նվիրված իր ստեղծագործական գործունեության 30-ամյակին: Արվեստաբան-լրագրող, գեղագետ ու մշակութաբան Լևոն Լաճիկյանն անհատական ցուցահանդեսով ներկայացնում է իր գրաֆիկական աշխատանքները, որոնց միջուկն է կազմում անցած 4-5 տարիներին ստեղծած Գյումրիին ու Գորիսին նվիրված նկարաշարերը:
Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 60 աշխատանքների մեջ են նաև Նյու Յորքը, Փարիզը, Վիեննան, Վենետիկն ու աշխարհի այլ քաղաքներ պատկերող գծանկարները: Լևոն Լաճիկյանի գծանկարները ուղեկցում են նրա 2006 թվականին հրատարակված «Խաչվող ճանապարհներ» ուղեգրությունների գիրքը:
Հակոբ Հակոբյանը Լևոն Լաճիկյանի աշխատանքների մասին ասել է. «Դրանք տարածական զգացողությամբ, լավ կոմպոզիցիայով և նուրբ ու զգայուն արված աշխատանքներ են: Հեղինակն անթերի գծերի միջոցով թրթռուն ու կենդանի պատկերներ է ստեղծում: Շատ կարևոր է, որ Լևոնի գծանկարները նյութի պարզ վերարտադրություն կամ սոսկ փաստագրություն չեն: Տարբեր շինությունների ճարտարապետական մանրամասներ տալով հանդերձ` նա կարողանում է վեր բարձրանալ դրանցից և դրսևորել եղածի հանդեպ իր անհատական վերաբերմունքը»:
Լևոն Լաճիկյանի մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածները տպագրվել են Հայաստանի ու արտերկրի գիտական հանդեսներում և հանրագիտարաններում: Նրա հարյուրավոր արվեստաբանական հոդվածների ընտրանին ամփոփված է 2004 թվականին լույս տեսած «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» հատորում: Դրան հաջորդել են հայերենին նվիրված 2 գեղազարդ ժողովածուները` հրատարակված Երևանում և Նյու Յորքում:
«Խաչվող ճանապարհներ» ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 4-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել