HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերոբ Տեր-Պողոսյանի դատը շարունակվում է. վկաները բացակա են

Այսօր Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը: Դատական նիստը նշանակված էր ժամը 12-ին, սակայն վկաների՝ դատարան չներկայանալու պատճառով սկսվեց ժամը 15:00-ին:

Դատախազ Արամ Ամիրզադյանն ասաց, որ վկաները դատարան չէին ներկայացել օբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառն, ըստ նրա, այն է, որ մեկը բացակայում է հանրապետությունից, մյուսներին հնարավոր չէ գտնել, որովհետև նրանք ընդհանրապես դուրս են եկել բնակության վայրից և աշխատանքի վայրից: Բացակա վկաների մեջ կան նաև տուժողների ծնողներ:

Այդուհանդերձ, դատական նիստը շարունակվեց: Դատարանը հրապարակեց բացակա վկաների ցուցմունքները: Այնուհետև դատարանն անցավ գործին կցված ապացույցների հրապարակմանը:

Ըստ մեղադրողի՝ հնարավոր է, որ միջոցներ ձեռնարկելուց հետո վկաները դատարան ներկայանան դատաքննության հաջորդ նիստերին և հարցաքննվեն, բայց այսօրվա դրությամբ անհնարին էր նրանց ներկայությունը ապահովելը, և դատարանը հրապարակեց նրանց ցուցմունքները, որպեսզի դատավարությունն ընթանա ողջամիտ ժամկետներում:

Դատարանում հրապարակվեցին նաև գործում եղած այլ ապացույցներ ու փաստաթղթեր, որոնք հիմնականում հետազոտվել են: Դրանք փորձաքննության եզրակացությունները, լազերային սկավառակներն են, որոնց վրա պատկերված են տեսանյութերը:

«Դրանք բոլորը մենք արդեն դիտել էինք, դրա համար հրապարակվեցին այդ տեսանյութերը առգրավելու, զննության արձանագրությունները և այն, որոնք իրեղեն ապացույցներ են և այս պահից սկսած հանդիսանում են հետազոտված ապացույցներ»,- հայտնեց Արամ Ամիրզադյանը:

Դատախազը նշեց, որ քրգործի շահերից ելնելով՝ դատարանում տուժողներն ու մինչև օրս ցուցմունքներ տված վկաները հարցաքննվել են երկար ժամանակ. «Յուրաքանչյուր տուժող 3-3,5 ժամ հարցաքննվել է»:

Արամ Ամիրզադյանն ասաց, որ նախաքննության նյութերից դատարանում որոշակի շեղումներ լինում են, բայց այդ շեղումներից մեղադրանքի էությունը չի փոխվում: Այս պահի դրությամբ նախաքննության առաջադրած մեղադրանքների փոփոխության վտանգներ մեղադրողը չէր տեսնում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին: Այս նիստի ժամանակ հարցաքննվելու է ամբաստանյալ Սերոբ Տեր-Պողոսյանը:

Մեկնաբանություններ (1)

eva
hama te masxara en eeeeeeeeeeeeeee. rezin@ INGHQAN EL

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter