Կայացավ Պատանի քիմիկոսների համահայկական առաջին մրցաշարը
Հոկտեմբերի 2-ին Երևանի ֆիզմաթ դպրոցում կայացավ Պատանի քիմիկոսների համահայկական առաջին մրցաշարը, որին մասնակցում էին 7 թիմեր Աբովյան, Գյումրի, Երևան, Ստեփանավան, Վաղարշապատ և Վանաձոր քաղաքներից։
Առավոտից տիրող ակտիվությունը բոլոր մասնակիցներին, ժյուրիին և հյուրերին վարակել էր բարձր տրամադրությամբ։ Բոլորին հիացրել էր երեխաների պատրաստվածությունը, քիմիայի խորը իմացությունը և լավ կազմակերպված թիմային խաղը։
Մասնակիցների ելույթներից տպավորված՝ ժյուրիի նախագահ Համբարձում Խաչատրյանը դրանք անգամ համեմատեց ավարտական թեզերի պաշտպանության հետ։
Թեժ պայքարի արդյունքում հաղթեց և մրցույթում առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Վանաձորի «Էվրիկա» թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին Երևանի «Գիտունիկ» և Ստեփանավանի «Էրուդիտ» թիմերը։
Երեխաներին խրախուսելու համար ժյուրին շնորհեց նաև մի շարք անվանական պատվոգրեր։
«Շատ ուրախ ենք, որ Հայաստանում առաջին անգամ անցկացրինք այս մրցաշարը։ Համոզված ենք, որ հաջորդ տարի դրան կմասնակցեն ավելի շատ թիմեր՝ այդպիսով ավելի մեծ թվով երեխաների վարակելով այն ոգևորությամբ ու գիտելիքի հանդեպ սիրով, որ մենք տեսանք այսօր», - մրցաշարի փակմանը նշեց «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել