HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կարապետիչի ԺԿ-ն երրորդ ու՞ժ է

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն առաջադրվելու է 2013-ի նախագահական ընտրություններում, իսկ կուսակցությունը մասնակցելու է 2012-ի ԱԺ ընտրություններին: Այս մասին այսօր հայտնեց հենց ինքը: Ըստ Տ. Կարապետյանի` այսօր ԺԿ-ի թիվ մեկ խնդիրը թիմ կազմելն է, քանի որ թիմից է կախված, թե որքանով ժողովուրդը կվստահի կուսակցությանը: «Մենք այս անգամ անպայման անցնելու ենք խորհրդարան»,- վստահ նշեց Կարապետիչը, բայց այդպես էլ չմանրամասնեց` դաշինքո՞վ, թե՞ միայնակ: Տ. Կարապետյանը համոզված է, որ այսօր քաղաքական դաշտում խմորումներ են կատարվում միայն իշխանական դաշտում, քանի որ հենց կոալիցիոն կուսակցություններն են ընտրություններում փող բաժանողներն ու միմյանցից քվե փախցնողները.«Կոալիցիոն կուսակցությունները մրցակցում են, եւ դա բնական է: Եթե նրանք իրարից փախցնելու ձայն ունեն, անհանգստանում են այդ կապակցությամբ եւ ձգտում են մեկի մյուսի ներուժը նվազեցնել»: Քաղաքական դաշտում Ժողովրդական կուսակցության նախագահը կոալիցիայից ու ընդդիմությունից բացի տեսնում է նաեւ երրորդ ուժի. դա հենց իր ուժն է: «Ինչքան էլ ասեն` երրորդ ուժ չկա, մեր կուսակցությունը զբաղեցնում է դրա տեղը,- ասում է Կարապետիչն ու որպես հիմնավորում բերում իր կուսակցության հավաքած ձայները,- եթե գնում ենք ընտրության, 40-50 հազար ձայն ենք հավաքում, այդքան տալիս են, իրականում ավելի շատ է: Ուրեմն եթե էլեկտորատը կա, կա նաեւ այդ ուժը: Այն էլեկտորատը, որը չի ցանկանում գործող իշխանությանը ձայն տալ, չի ցանկանում նաեւ տալ ընդդիմությանը` համարելով, որ դա էլ է նախկին իշխանություն, որպես այլընտրանք տալիս է մեզ»: ՀՅԴ-ի մասին Կարապետյանն ասում է, որ այն սփյուռքի ներուժով է առաջ գնում: Իսկ «Ժառանգությունը» «ամերիկյան պրոյեկտ է, իրեն ասում են` միացիր, միանում է, մի միացիր, չի միանում: Հիմա միանալն իրեն ձեռնտու չէ: Այդ պրոյեկտը ստեղծված է ոչ թե կուսակցական գործունեություն ծավալելու, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական թեկնածությունն առաջադրելու համար»: Ի պատասխան ընդդիմադիր դաշտում, մասնավորապես` ՀՀՇ-ում առկա խմորումների մասին հարցին` ԺԿ-ի նախագահը նշում է, որ ՀՀՇ-ն սովոր է տրանսֆորմացիաների, «այսօրվա գործող նախագահը, Ռոբերտ Քոչարյանը, բոլորն էլ եղել են ՀՀՇ-ում: Հիմա մնացել է մի կորիզ, անհաշտ քաղաքական գործիչներ, որոնք չեն լքել ՀՀՇ-ն ու ստեղծել են ՀԱԿ-ի հիմքը, պլատֆորմը: Բայց նախընտարական ցուցակ կազմելիս ՀԱԿ-ի կուսակցապետերն ունենալու են խնդիր»: Մյուս կողմից` նա շեշտում է, որ եթե մի ուժ ՀԱԿ-ից ձայն փախցներ, իշխանական կոալիցիան շատ ուրախ կլիներ: Բայց հիմա այդ դաշտում հասկանում են, որ իրար ձայներն են տանելու, դրա համար էլ մրցակցությունը սուր է: ԼՂ անկախությունը ճանաչելու «Ժառանգության» առաջարկին Կարապետիչը դրական է վերաբերվում, ավելին` ըստ նրա` լավ կլիներ, որ Արցախը միանար Հայաստանին. «Եթե հարցը դրվել է, որ ճանաչենք, մենք պարտավոր ենք ճանաչել: Եթե չեն ճանաչում, ո՞նց ենք դրդում ուրիշներին ճանաչել: Ո՞նց ենք պայքարում այդ հարցի շուրջ, եթե ասում ենք` պատեհ առիթ չէ այսօր ճանաչելու համար: Պատեհ առիթ երբեւէ չի լինի: Այսօր պատերազմի վտանգ կա, վաղն այլ վտանգներ կլինեն: Սկզբունքը չի կարող դրվել նժարին` պատեհ առիթ կա, թե չկա: Սկզբունքը սկզբունք է, դրա համար կարող ես մահի գնալ»: Գյումրու ռուսական ռազմաբազան, ԺԿ-ի նախագահի կարծիքով, պահում է մեր թիկունքը Թուրքիայի կողմից, բայց դա քիչ է. պետք է նաեւ երկրորդ ռազմակայանը բացել Մեղրու ուղղությամբ. «Ես ասել եմ, որ եթե թուրքը հարձակվի, ուզենա օգնել Ադրբեջանին, կձգտի Նախիջեւանը միացնել Ադրբեջանի տարածքի հետ: Մենք այսօր ի վիճակի չենք մեր բանակով մրցակցել Թուրքիայի բանակի հետ: Եթե Ադրբեջանի հետ մեր հերոսներով, խիզախությամբ կարող ենք պայքարել, Թուրքիայի հետ չենք կարող»: Իսկ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային խաղաղապահների հնարավոր տեղակայումը անհանգստացնում է Կարապետիչին, քանի որ այժմ Հայաստանը ԱՊՀ-ի հարավային դարպասն է, իսկ այդ դեպքում մեր երկիրը կկորցնի ակտիվ խաչմերուկի իր դերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter