HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

«Բեմից այն կողմ» հանդիպումները` «Հայֆեստ»-ի օրերին

Երեկ ավարտվեց IFEA` Միջազգային փառատոների և միջոցառումների ասոցիացիայի ամենամյա «Բեմից այն կողմ» ("Behind the scene") խորագրով հանդիպումը, որը  կազմակերպվել էր «Հայֆեստ»-ի շրջանակներում` հոկտեմբերի 3-ից 6-ը: Մասնակիցները` տիկնիկային թատրոնների ցանցերի, համաեվրոպական թատերական ցանցի, միջազգային կատարողական արվեստների ցանցի, տեղական ցանցերի ներկայացուցիչները, փորձագետները և փառատոնների տնօրենները 4 օրվա ընթացքում հանդիպել են մասնակիցների, գործընկերների և հյուրերի հետ, ինչպես նաև կարծիք են կազմել, թե ինչ վիճակում է թատերական ցանցային գաղափարը Հայաստանում: Համաշխարհային փառատոնային ցանցը աշխարհի ամենամեծ և ընդարձակ փառատոնային ցանցն է: IFEA-ն տարեկան ունենում է մեկ մեծ հանդիպում, որն այս տարի անցկացվել է Կոպենհագենում: Ցանցը ունի նաև ծրագրեր, որոնցից է «Բեմից այն կողմը»: Այն անցկացվում է տարին 2-3 անգամ: Այս տարի «Բեմից այն կողմ» ծրագիրը մեկ անգամ արդեն նրկայացվել է Էդինբուրգի փառատոնի ընթացքում, իսկ երկրորդը տեղի ունեցավ Երևանում «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի օրերին: Համաշխարհային փառատոնային ցանցի գաղափարը «բեմից այն կողմն» է. հիմնական կապերի, շփումների ստեղծումը լինում է ոչ միայն թատերական դահլիճներում, այլ բեմից, ներկայացումներից դուրս: Բրիտանիայից ժամանած պրոդյուսեր Ռոջեր Մակքեյնը ասել է. «Կարծում եմ նման իրադարձությունների համար աղետ է, երբ մարդիկ անմիջապես արդյունք են ակնկալում: Փառատոնին պետք է նայել որպես մի վայր, որտեղ սերմեր են դրվում: Որոշ սերմեր երբեք չեն մեծանա: Որոշները ծիլ կտան, բայց կարող են հետագայում անուշադրության մատնվել: Եվ մի քանիսը ծաղիկ կտան: Բայց դրա համար տարիներ կպահանջվեն»: Մակքեյնի կարծիքով` «Հայֆեստ»-ի սրտում ընկած է համագործակցության գաղափարը, քանի որ այլ փառատոների ընթացքում հանդիպում են միայն ռեժիսորները, իսկ այս փառատոնին հանդիպում են նաև դերասանները, այսինքն` ոչ միայն ղեկավարության, այլև ավելի լայն շրջանակների միջև է կապեր հաստատվում: «Քաղաքները փառատոններ են ունենում մի քանի պատճառով: Պատճառներից ամենավատն այն է, որ տարվա 50 շաբաթվա ընթացքում ուրիշ ոչինչ տեղի չի ունենում: Միացյալ Թագավորությունում կան փառատոններ, որոնք գործում են հենց այդ տարբերակով: Կան նաև այնպիսիները, որոնք օգտագործում են փառատոնը` ցուցադրելու իրենց համայնքի արվեստի լավագույն աշխատանքները և բերում են աշխարհի լավագույն գործերը իրենց համայնք»,- ասել է նա: «ԿուկԱրտ» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի նախագահ Դավիդ Բուրմանի խոսքերով, ինքն այստեղ է` ներսից դիտելու փառատոնի կազմակերպումը, ինչի հնարավորությունն ընձեռում է ասոցիացիան, և, օգտագործելով այդ դիտարկումները, տարածել թատերական շարժման գաղափարները ողջ աշխարհով. «Թատերական շարժման տեսանկյունից ցանկացած երկրի զարգացում հնարավոր չէ պատկերացնել առանց փառատոն հասկացության: Լինելով Երևանում` ես փորձում եմ նայել անսպասելի պրոյեկտներ: Ինձ շատ հետաքրքիր են արվեստի տեսակների խառնուրդները` մեկ ներկայացման, մեկ պրոյեկտի ներսում: Ինձ հատկապես դուր են գալիս համատեղ աշխատանքները (coproduction)»: Պեկինի թատերական ակադեմիայի ռեկտոր Շեն Լինը փառատոնները նմանեցնում է մեծ շուկաների, որտեղ մարդիկ փոխանակում են իրենց մտահղացումները: Այդ գաղափարները փոխանակելու համար էլ օգնում են նման հանդիպումները: ՌԴ Թատերական գործիչների միավորման միջազգային բաժնի փորձագետ Օլգա Պերևեզենցևան ասաց. «Այսօր, եթե Եվրոպայում մասնակցեք ցանկացած միջոցառման, անպայման խոսելու են մոբիլության (շարժունության) և ցանցային փոխհարաբերությունների մասին, այս գաղափարները հիմա եվրոպական մշակութային քաղաքականության կենտրոնում են: Մոբիլությունը վերաբերում է դերասաններին, թատրոններին, մշակույթի գործիչներին»: Նրա խոսքերով, հետխորհրդային ժամանակներում հյուրախաղերի մշակույթը անկում ապրեց: Այս տեսանկյունից փառատոնները  նախևառաջ օգնում են հանդիսատեսին ծանոթանալ այլ մշակույթի հետ, ինչպես նաև օգնում են դերասաններին չճահճանալ, դուրս գալ սեփական փոքր տարածությունից: Այս պատճառով փառատոնները կարևոր են` ինչպես պլատֆորմները և  տարածքը հանդիպումների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter