Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ չորս հոգով քննարկեցին անտառի խնդիրները
Սեպտեմբերի 23-24-ին Աղավնաձորում տեղի ունեցավ «Կայուն անտառկառավարման հիմնախնդիրները» թեմայով երկօրյա դասընթաց, որին նախատեսված ավելի քան 20 մարդուց մասնակցեց ընդամենը 4-ը։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ անցկացվող այս դասընթացին ներկա էին երկու լրագրող և հասարակական կազմակերպությանների երկու ներկայացուցիչ:
«Միշտ ասել եմ և ասում եմ, որ անտառի վիճակը վատ է։ Լավագույն ծառերը հատում են»,- անտառի վիճակը բնութագրում է «Զիկատար» բնապահպանական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը։
Իսկ Գուգարքի անտառտնտեսության գլխավոր անտառապետ Գագիկ Ամիրյանը նշում է, որ չնայած էկոլոգիական գործոնները մեծ ազդեցություն ունեն, և վերջին շրջանում կլիման փոփոխվել է, սակայն անտառներում ներկա վատ վիճակի ամնամեծ պատճառը «մարդածին գործոնն է»։
Ա. Ղուլիջանյանը նշում է, որ անտառին վնաս են հասցնում հատկապես ապօրինի անտառհատումները և անասուններին անտառում արածեցնելը։ ԲՀՀ-ի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն անտառների կրած վնասին ավելացնում է նաև ֆաունային կենսաբազմազանության խաթարումը, իսկ պատճառների թվին՝ որսագողությունը, որոնք ավելի շատ հայտնաբերվում են Մեղրիում ու Կապանում, ինչպես նաև հանքարդյունաբերությունը և փոքր հէկ-երի կառուցումը։
Փոքր հէկ-ները կառուցվում են գետերի մոտ, որտեղ աճում են նաև անտառները։ Դրանց կառուցումը մեծ վնաս է հասցնում անտառներին. ավելանում են աղտոտվածությունը և «սոցիալ-տնտեսական ծանր հետևանքները»։ Կ. Մանվելյանը նաև նշեց, որ Դիլիջանի ու Սևանի ազգային պարկերը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, քանի որ դրանցում չկա բավարար կենսաբազմազանություն։
Համեմատած էկոլոգիական այլ համակարգերի հետ՝ անտառը շատ ավելի արագ է ինքնավերականգնվում, սակայն նրա վրա շատ են մարդածին ճնշումները։ Մինչ այժմ հստակ հայտնի չէ, թե որքան է ՀՀ-ի անտառծածկը ։ Տարբեր մասնագետներ նշում են տարբեր թվեր, անգամ 5, 6 %: Սակայն Ա. Ղուլիջանյանը նախընտրեց նշել 11-12%:
Իսկ Գ. Ամիրյանը համոզված է, որ վերջին տարիներին անտառծածկը չի նվազել։ Սակայն ըստ նրա՝ պետք չէ կենտրոնանալ անտառծածկի կոնկրետ մակերեսի թվի վրա, քանի որ դա այնքան կարևոր չէ, որքան անտառներում առկա պաշարները։ Պաշարների ավելացման ուղղությամբ էլ «պետության գործունեությունը թույլ է», իսկ «շաբաթօրյակով անտառ չես ստեղծի»։
Հայաստանում բնական ճանապարհով անտառը չի հասցնում վերականգնվել, արհեստական ճանպարհով էլ անտառաճեցման աշխատանքներ գրեթե չեն կատարվում՝ պատճառաբանությամբ, թե բավարար գումար չկա։ Գ. Ամիրյանն առաջարկում է անտառպահպանման համար գոնե 3 տարով դադարեցնել բոլոր տեսակի հատումները։
Դասընթացի բոլոր մասնակիցներն էլ շեշտեցին, որ շարունակվում են ապօրինի անտառհատումները: Ա. Ղուլիջանյանի կարծիքով՝ անտառբիզնեսը սկսվել է 1995թ.-ին, իսկ Գ. Ամիրյանը համոզված է, որ «դա անտառային բիզնես չէ, այլ կազմակերպված հանցագործություն»։
Ապօրինի անտառհատումների դեմ պայքարելու համար «Անտառի պետական մոնիտորնգի կենտրոնը» (ԱՊՄԿ) նախատեսում է գործածել մի նոր համակարգ, ըստ որի՝ յուրաքանչյուր կտրված գերան, նախքան մի վայրից մեկ այլ վայր տեղափոխվելը, պետք է համարակալվի, և դրա տվայալները պետք է անցնեն համապատասխան բազա։
Արդյունքում հնարավորություն կլինի հետևվել այդ գերանների տեղաշարժին, իսկ այն գերանները, որոնց տվյալները չեն արտացոլվի համակարգում, կհամարվեն ապօրինի հատված։ Համակարգը պետք է սկսի գործել մինչև այս տարվա վերջ։ Այն կարող է որոշակիորեն հարցը լուծել գերանը հեռու տարածքներ, սակայն ոչ անտառին մոտ տուն կամ բնակավայր տեղափոխելիս։ Մոնիտորինգ անցկացնելու համար նախատեսվում է նաև Ջի-Այ-Զեթ գերմանական կազմակերպության օգնությամբ կիրառել արբանյակային հետազոտության սարք։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտաառապետ, տնօրենի տեղակալ Ռուբեն Պետրոսյանը համոզված է, որ եթե անտառտնտեսության մեջ չներդրվեն նոր տեխնոլոգիաներ, ապա հնարավոր չի լինի հասնել շոշափելի արդյունքների։ Բացի տեխնիկական միջոցներից՝ անտառտնտեսության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է նաև «քաղաքական կամք և մարդկային ռեսուրսների ներգրավում»։
Եվ Մ. Ղուլիջանյանը, և Ռ. Պետրոսյանը նշում են, որ անտառտնտեսության բնագավառում մասնագետների կարիք կա, որոնք շատ քիչ են։ Չնայած ամեն տարի բազմաթիվ երիտասարդներ ստանում են անտառագետի մասնագիտություն՝ սակայն նրացից շատ քչերն են աշխատում իրենց մասնագիտությամբ։
Մ. Ղուլիջանյանի և Ռ. Պետրոսյանի կարծիքով՝ այդ ուսանողների գիտելքիների մակարդակը շատ ցածր է աշխատելու համար։ Ռ. Պետրոսյանը հավելում է, որ շրջանավարտների կեսը աղջիկներ են, որոնք չեն կարող գնալ և աշխատել անտառում։ Աղջիկները հիմնականում նախընտրում են գրասենյակային աշխատանքը, որի տեղերն իրենց բնագավառում խիստ սահմանափակ են։
Գ. Ամիրյանը հավելեց, որ մասնավորապես անտառապահները շատ քիչ են վարձատրվում, և ամեն մեկը չի համաձայնի այդ աշխատանքին։ Ըստ նրա՝ անտառապահները պետք է գոնե համազգեստ ունենան, ինչպես ոստիկանները, որոնց համազգեստը որոշակի ազդեցություն է թողնում և զգաստացնում դիմացինին ։
«ԱՊՄԿ» տնօրեն Արթուր Ալավերդյանը նշեց, որ իրենց կենտրոնին անհրաժեշտ են ամենագնաց մեքենաներ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ գործել։ Սակայն Համաշխարահային բանկի «Անտառային մոնիտորինգի զարգացման» դրամաշնորհային գումարը, որը օգտագործվելու է նաև մոնիտորինգի վերը նշված համակարգի ծախսերի համար, ըստ ՀԲ-ի պայմանների, հնարավոր չէ օգտագործլ մեքենաներ գնելու համար։ Այդ գումարը պետք է ծախսվի մասնավորապես դասընթացներ, սեմինարներ կազմակերպելու վրա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել