HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մայրենի լեզվով ասած` «Արթուր Բաղդասարյանը միայն աջակցել և զորակցել է»

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում այս օրերին կառուցվում եւ մոտակա ամիսներին էլ շահագործման է հանձնվելու կոնյակի գործարանը: Ոսկեվազում բոլորն ասում են, որ գործարանը կառուցում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Որպես ներդրող` շրջանառվում է նաեւ Ուկրաինայում բնակվող հայ գործարարի անունը` Նվեր Մխիթարյան: Այս առնչությամբ «Հետքի» հարցերին պատասխանում է ՕԵԿ անդամ, պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: ՕԵԿ խմբակցությունում կա՞ն պատգամավորներ, ովքեր բիզնես ունեն: Մենք օրինաստեղծ գործունեությամբ ենք զբաղվում, եւ մեր պատգամավորները օրենքով սահմանված կարգով իրենց գործունեությունն են ծավալում: Բիզնեսով զբաղվող պատգամավորներ չունենք: Իսկ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը բիզնես չունի՞: Ոչ, որեւէ անձնական բիզնես նա չունի: Ոսկեվազ գյուղում կառուցվող կոնյակի գործարանն իրեն չի՞ պատկանում: Վա՞տ բան է: Ի պատիվ այն հայորդիների, ովքեր պատրաստ են գումար ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Մենք անդրադարձել ենք այդ հարցին, որ աջակցելն այլ բան է, բիզնեսով զբաղվելը` այլ: Արթուր Բաղդասարյանն է գործարարին աջակցե՞լ ներդրումներ կատարելու համար: Աջակցել նկատի ունեմ, որ մարդուն համոզել է, որ Հայաստանում գումար ներդնի: Այդ մասին արդեն ասել ենք, եւ չեմ ուզում անուն-ազգանուններով նորից ասեմ: Ինչ վերաբերում է կուսակցությանը, այո, գործարարներ շատ կան: Մենք կուսակցության 100.000 անդամ ունենք, եւ բնական է, որ բազմաթիվ գործարարներ ունենք: Հիմա գործարարի անունը դրել եք բիզնեսմեն, ուրեմն` բազմաթիվ բիզնեսմեններ ունենք: Բայց Ոսկեվազում ասում են, որ գործարանը հենց Արթուր Բաղդասարյանինն է: Պարզ մայրենի լեզվով ասել ենք` Արթուր Բաղդասարյանին չի պատկանում: Աջակցել է, զորակցել է: Կառուցմանը մասնակցել է այնքանով, որ մոտ հարաբերությունների մեջ լինելով հանրահայտ գործարարի հետ, ով այսօրվա դրությամբ Ուկրաինայում է եւ լավագույն ներդրումներ է արել, այդ մասին բոլորը գիտեն: Իսկ ինչ որ այսօր կատարվում է, բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծվելու: Դուք միայն մտեք տարածաշրջան եւ տեսեք` գյուղացիներն ինչ խանդավառ են, որովհետեւ հիմա աշխատատեղ ունեն, քանի որ մասնակցում են շինարարական աշխատանքներին եւ ապագայում էլ ունենալու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter