Հավասար իրավունքներ՝ սրճարանում (վիդեո)
Այսօր «Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանի մոտ հավաքվել էին մի խումբ հաշմանդամներ, ովքեր իրենց ընտանիքի անդամների հետ եկել էին սրճարանում ժամանակ անցկացնելու:
Այս նախաձեռնության կազմակերպիչն է «Աստղիկ» ՀԿ-ն, աջակիցը՝ «Մարիոթ» հյուրանոցը, որը պատրաստակամություն էր հայտնել այսօր անվճար հյուրասիրել կազմակերպության շուրջ 20 շահառուի:
«Աստղիկ» ՀԿ-ի ղեկավար Լևոն Ներսիսյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումներ պետք է անցկացվեն շատ ավելի հաճախ, որովհետև դրանք օգտակար են իրենց շահառուների համար, նաև բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը:
Նրա խոսքերով` նախորդ տարիների համեմատ այսօր կա որոշակի առաջընթաց. մարդիկ խոսում են հաշմանդամների խնդիրների մասին, իրականացվում են տարբեր ծրագրեր, կան օրենսդրական որոշակի փոփոխություններ: Սակայն միաժամանակ ընտանիքներին հատկացված օգնությունները քիչ են, նրանցից շատերը ծանր վիճակում են, իսկ հաշմանդամության թոշակները անբավարար են:
Լ. Ներսիսյանը կարևոր է համարում, որ լինեն մասնագիտացված ծառայություններ հաշմանդամների համար: Չնայած նախատեսվում է մինչև տարվա վերջ ունենալ հաշմանդամների համար հարմարեցված տրանսպորտ՝ սակայն Լ. Ներիսիյանը առաջարկում է ունենալ նաև մասնագիտացված տրանսպորտ, որը կօգտագործվի հաշմադամներին տեղափոխելու համար, քանի որ նույնիսկ հարմարեցված տրանսպորտի առկայության դեպքում հաշմանդամները կանգառ հասնելու խնդիր են ունենալու:
Լ. Ներսիսյանի խոսքերով` իրենց նպատակն է, որ հասարակությունն իրապես ճանաչի հաշմանդամների խնդիրները և նրանց վերաբերվի հավասարը հավասարի նման: Իսկ նման միջոցառումներն, ըստ նրա, մեծ գումարների հետ կապված չեն, բայց շատ կարևոր են:
«Մարիոթի» առևտրի և մարկետինգի տնօրեն Զոլտան Կոնշանսկին նույնպես կարևորեց նման միջոցառումները և խոստացավ, որ դրանք շարունակական կլինեն:
Մոր հետ սրաճարան էր եկել նաև 37-ամյա Մոնիկա Սահակյանը: Նա նշեց, որ շատ ուրախ է, քանի որ մեկ-մեկ է դուրս գալիս տնից, իսկ այժմ կարող է շփվել իր ընկերների հետ: Նրա մայրը` Լարիսա Լալայանը, նշեց, որ ինքը միշտ չի կարողանում աղջկան դուրս բերել զբոսանքի և հիանալի հնարավորություն է: Մոնիկան ամիսներով մտապահում ու խոսոմ է նման ամեն միջոցառման մասին:
Ազատ ժամանակը Մոնիկան սիրում է նկարել, մի քանի անգամ ունեցել է անհատական ցուցահանդեսներ: Նա նկարում է աբստրակտ ոճում՝ նկարների միջոցով ցույց տալով իր ներաշխարհն ու տրամադրությունը: Լարիսայի խոսքերով` ինքն իր աղջկա նկարների վառ գույներում տեսնում է կյանք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել