HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համանախագահները կայցելեն նաեւ Ադրբեջանի օկուպացրած ԼՂՀ տարածքներ

Հոկտեմբերի 11-ին դաշտային առաքելության իրականացման շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) ճեպազրույց են անցկացրել տեղի և հավատարմագրված լրագրողների համար: «Առաքելությունը հիմնականում իրականացվում է իրավիճակի վերաբերյալ հենց իրենց` համանախագահներին ավելի լավ պատկերացում տալու համար: Մեր խմբի երեք միջնորդներից ես միակն եմ, ով հնարավորություն է ունեցել 2005 թ.-ին այցելել Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներ: Քանի որ այն ժամանակվանից փոխվել են ամերիկացի և ռուսաստանցի համանախագահները, ուստի իմ գործընկերները հնարավորություն չեն ունեցել այցելել այդ շրջաններ և այնտեղ պատկերացում կազմել իրավիճակի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով մենք մտածեցինք, որ մեր ընդհանուր աշխատանքի համար անհրաժեշտ է այցելել այդ շրջաններ և ուսումնասիրել իրավիճակը»,- հայտարարել է ԵԱՀկ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Միաժամանակ, նա նշել է, որ առաքելության կազմում գտնող երեք փորձագետներից երկուսը ներկայացնում են ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ժնևյան շտաբ-կայանը: «Այդ փորձագետները մեծ թվով մարդկանց են հանդիպել շրջաններում և գյուղերում, և նրանք կաջակցեն մեզ գնահատել հումանիտար այն կարիքները, որոնք առկա են մարդկանց մոտ»,- ասել է ֆրանսիացի համանախագահը` նշելով, որ առաքելությունն արդեն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յոթ շրջաններից վեցը և հոկտեմբերի 12-ին Քարվաճառի (Քելբաջարի) շրջան այցելելուց հետո ավարտելու է իր աշխատանքը: Միաժամանակ նա նշել է, որ մեծ աշխատանք է սպասվում այցելությունների ընթացքում հավաքած տեղեկատվության վերլուծության շուրջ: «Այն բանից հետո, երբ հանգենք եզրակացությունների, մենք, նախ և առաջ, դրանք կներկայացնենք  կողմերին: Որպես միջնորդներ մենք չենք փորձում որևէ բան անել այս կամ այն կողմի համար: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ»,- ասել է Բեռնար Ֆասիեն: «Կարծում ենք, որ կարևոր է այցելել այն բոլոր շրջանները, որոնց վրա ազդել է հակամարտությունը»,- իր հերթին նշել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռոբերտ Բրադկեն: «Մեզ անհրաժեշտ է հասկանալ այդ շրջաններում տիրող իրավիճակը և լսել այնտեղ ապրող մարդկանց ձայնը: Մենք մտադիր ենք այցելել նաև այլ շրջաններ (խոսքը վերաբերվում է Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներին – ԱԳՆ ծանոթագրություն), որոնց  վրա ազդել է հակամարտությունը և որոնք հետաքրքրություն են ներկայացնում հակամարտության բոլոր կողմերի համար»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, մեկնաբանելով Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի կասկածելի մահը ադրբեջանական գերությունում, ասել է. «Մենք իմացանք այդ դեպքի մասին տարածաշրջան մեկնելու հենց նախօրեին և ցնցվեցինք: Կարծում ենք` այս դեպքը պետք է մանրազնին հետաքննվի, համապատասխան միջազգային կառույցները, առաջին հերթին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, պետք է ներգրավվեն հետաքննության մեջ»,- նշել է Իգոր Պոպովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter