
Ծախսվել է մեկ մլն դոլար. նոր ծխատարը դեռևս չի արդարացնում
Սեպտեմբերի 22-ին Հայաստանի անկախության 20-ամյակի տոնական միջոցառումների ժամանակ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի կողմից ազդարարվեց Կոշաբերդի ծխատարի գործարկման մասին:
Կոշաբերդի ծխատարի շինարարությունը սկսվել է 2010 թ.-ի հունիսին: Այն իրականացրել է Ալավերդու «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Ներկայումս երկու ծխատարներից միաժամանակ մթնոլորտ են արտանետվում գործարանի ծուխը, սակայն նոր ծխատարով արտանետման հոսքը ավելի քիչ է: Քաղաքի վրա ծխի թանձր քուլաներ են սփռում նաև գործարանի պղնձաձուլական արտադրամասի վառարանի արտանետումները:
Բնակիչներն այս օրերին խոսում են, որ մոտ մեկ ամիս առաջ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը մեծացրել է նաև պղնձաձուլական գործարանի վառարանի տարողությունը, որի արդյունքում ավելացել են նաև արտադրության ծավալները: Քաղաքի փողոցներում ալավերդցիները շնչահեղձ են լինում թունավոր արտանետումներից:
Պարզվում է, որ ծխատարի տեղափոխման նախագիծը, ըստ «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի աշխեկ Սամվել Բեժանյանի, իրեն առայժմ չի արդարացնում. «Եթե այսպես թողնեն, ծխատարը չի ծառայի, 1 մլն դոլլարի ծախսը իրեն չի արդարացրել: Ընկերությունը 500 հազար դոլլար ավելացրել է: Ծխատարը դեռևս պահանջված տաքությունը չի ապահովել: Այնտեղ պետք է անհրաժեշտ ջերմաստիճանը ապահովվի, որ ծուխը քաշի: Երեկվա դրությամբ, Կոշաբերդ սարի գագաթից սկսած մինչև 100 մ ներքև, ջերմաստիճանը 105 աստիճան էր: Պետք է սարի գագաթի խողովակի տակ տաքությունը լինի 105 աստիճան, որ նախագծին համապատասխանի: Հիմա սպասում են այդ ջերմաստիճանի բարձրացմանը, տեսնենք` երբ կլինի»,- ասում է Ս.Բեժանյանը:
Ըստ նրա` ծխի այս հոսքը մոտավորապես 10 օր կտևի: Իսկ Նախագծային ինստիտուտը վերանայում է ծխատարի տեղափոխման իր նախագծային աշխատանքները: Հնարավոր է, որ Կոշաբերդի ծխատարի խողովակը եւս 20 մ-ով բարձրացվի:
Ս.Բեժանյանը հայտնեց, որ կառուցման ժամանակ ինքը նկատել է, որ ծխատարի կառուցման նախագծերը սխալ են: «Նախագիծը վերափոխել եմ ես: Որ այսքան էլ ծուխը քաշում է մեր` շինարարներիս շնորհիվ է: Իրենց հին նախագծով ընդհանրապես նոր խողովակը ծուխը չէր քաշելու: Հին նախագծի մեջ նախատեսվում էր պղնձաձուլական գործարանի ձուլարանից ծուխը Կոշաբերդի գագաթը հասցնել կիսաշրջանաձև խողովակով: Հնարավոր չէր, որ խողովակների այդպիսի թեքությամբ ծուխը սարի գագաթը բարձրանար: Իմ առաջարկությամբ ծխանցքերը սարի գագաթ են ուղղվել ուղիղ խողովակներով: Այստեղ արդեն ծխանցքերի լայնությունից և բարձրությունից է կախված ծխի հոսքի արդյունավետությունը: Նախագծողները կրկին աշխատում են դրա վրա, տեսնենք` ինչ լուծում են տալիս»,- ասում է Սամվել Բեժանյանը:
Նա նշում է, որ Կոշաբերդի շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, թերի են, կավարտվեն դեկտեմբերին:
«Հիմա մտածում են` ինչ անեն, որ խողովակը բարձրացնեն, ծխատարների լայնությունը մեծացնեն: Ծխատարները չենք քանդելու, ուղղակի դրանց վերջնամասում 3-հազարանոց խողովակի ֆունդամենտը, որտեղ գլխավոր խողովակը մոնտաժված է, հնարավոր է մեծացնենք»:
Ս.Բեժանյանը կարծում է, որ այս օբյեկտը կառուցող շինարարը չպետք է ընտրվեր մրցույթով, որի պահանջը եղել է արագ, էժան և որակով. «Մրցույթում էժան հասկացությունը չպետք է գրվեր»: Ըստ նրա օբյեկտի շինարարական աշխատանքների համար «Վալլեքս» խմբի հատկացրած միջոցները չեն համապատասխանել նախատեսված աշխատանքների ծավալին: «Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկը դա է»- ասում է օբյեկտի շինարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ դեռևս չեն կատարվել ծխատարների ջերմամեկուսացման աշխատանքները, հայտնի չէ նաև, թե ինչ նյութերով է կատարվելու ծխատարների մեկուսացումը: Ըստ պայմանավորվածության` ջերմամեկուսացման աշխատանքները պետք է կատարեին «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի շինարարները, սակայն Ս.Բեժանյանն ասաց, որ չգիտի ինչու` կառույցի բոլոր 17 շինարարներին միաժամանակ ազատել են աշխատանքից:
Այսօր «Հետքին» չհաջողվեց լիարժեք պարզաբանումներ ստանալ ընկերությունից: «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վահրամ Ավագյանը հեռախոսով հայտնեց, որ «ընթանում են փորձարկումներ: Շահագործումը տեղի կունենա ոչ շատ երկար ժամանակ հետո: Ծխատարի ներդումային գումարները ավելացվել են, բայց չեմ կարող ասել` որքան, ինֆորմացիա չունեմ: Այս պահին հիվանդ պառկած եմ»: Վ. Ավագյանը խորհուրդ տվեց պաշտոնական գրություն ուղարկել ամբողջական տեղեկատվություն ստանալու համար:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել