HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարժում եւ իրականություն (Էսսե)

Թերեւս Ամերիկա հայտնագործած չեմ լինի, եթե կրկնեմ հազարամյա մի ճշմարտություն. «Իրականությունը ձեւավորվում է շարժումից»: Անկասկած, Շարժումն է տնօրինում տիեզերական անցուդարձը, սակայն, եթե արվեստի տեսանկյունից խնդրին նայելու լինենք, միանգամայն այլ պատկեր կտեսնենք:

Մինչեւ Լյումիեր եղբայրների դարակազմիկ հայտնագործությունը, Շարժման դերն արվեստում Առաջնային էր: Շարժումը հիանալիորեն էր «դրսեւորվում» արվեստի բոլոր ճյուղերում, սակայն Շարժման հիմնական «մենաշնորհը» պատկանում էր թատրոնին: Շարժումից առաջանում է գործողություն եւ փոխակերպություն. երկու կարեւոր տարրեր, որոնց շնորհիվ թատրոնը կենդանի արվեստ է դառնում: Բեմական տարածությունը ստեղծվում է Շարժումով (միզանսցենով), որի ապահովողը հիմնականում դերասանն է: Այլ կերպ ասած' Շարժումն է կազմակերպում բեմական տարածականությունը: Սինեմայի հայտնագործումը գլխիվայր շրջեց Շարժման մասին պատկերացումները` Առաջնային ստատուսը դարձնելով Գլխավոր:

Ինֆորմացիան մեծապես նպաստում է ժամանակի «արագացմանը»: Որքան շատ է ինֆորմացիան, այնքան ժամանակը արագ է անցնում:

Սինեմայի հայտնագործությունը տեղեկատվական քաղցի պահանջից էր: Քանի որ ժամանակը, շնորհիվ տրանսպորտային նոր միջոցների, բավականին արագացել էր, հարկավոր էր ինֆորմացիա ստանալու նոր, առավել արագ աղբյուրներ գտնել: Խոսքս չի վերաբերում միայն լրատվությանը: Մարդը նոր արվեստի պահանջ ուներ, որն առավելապես պետք է կենտրոնացներ ժամանակի խելահեղ ռիթմը:

Տասներորդ մուսան գերազանցեց մարդու բոլոր սպասումները:

Գնացքի ժամանումն իր առաջին հանդիսատեսին սարսափի մատնեց ոչ այնքան շարժվող մեքենայի, որքան անհասկանալի, հետեւաբար' անկառավարելի Շարժման շնորհիվ: Մարդն առաջին անգամ տեսավ ոչ իրական մի Շարժում, որն, ի տարբերություն, օրինակ, բեմում կազմակերպվող Շարժման, պայմանական չէր:

Ժապավենի վրա ամրագրված առաջին Շարժումը հանճարեղ էր, բայց առավել հանճարեղ էր այն մարդը, ով առաջինը հայտնաբերեց այսօրվա դպրոցականին հասու մի պարզ ճշմարտություն. որպեսզի սինեման Արվեստ դառնա, բացի Շարժումից հարկավոր էր նաեւ Իրականություն:

Սինեմայի էվոլյուցիոն փուլերը լիովին համապատասխանում են Ժամանակի արվեստի խելահեղ տեմպերին: Ոչ ոք չգիտի, թե որքան ջուր հոսեց մինչեւ մարդը կարողացավ ժայռապատկերներից անցում կատարել դեպի գեղանկարչություն: Սակայն սինեմայի զարգացումը Սոսկ Շարժումից դեպի Իրականություն ձեւավորող Շարժում շատ արագ կատարվեց, քանի որ մարդը հասկացավ, որ միայն Շարժումով անհնարին է արվեստ ստեղծել, հետեւաբար եւ` գումար վաստակել:

Շարժումը կինոյում իր բնույթով որոշակիորեն նույնանում է գրական երկի ներսում կատարվող իրադարձությունների ընթացքին. երբ բառն աննկատ փոխվում է պատկերի: Այսինքն` գեղարվեստականացված խոսքը ընթացք է ստանում: Բայց մի տարբերությամբ. եթե գրականության մեջ գրողի ստեղծած իրականությունն է տեքստը Գիր դարձնում, ապա կինոյում բեմադրիչի մտահղացումներից ու «տեսածից» զատ կարեւորագույն դեր ունի Մոնտաժը: Այս յուրօրինակ «կրճատումն» է կինոն դարձնում հուզիչ, հետեւաբար, մարդկային իմաստով, կենդանի:

Մարդը ժամանակը ֆիքսելու բնական պահանջ ունի: Նա հնարավոր բոլոր ձեւերով փորձում է կանգնեցնել այն, ինչը մշտապես հոսում է:

Ժամանակը ֆիքսելու համար մարդն առավել հաճախ դիմում է արվեստի օգնությանը: Այստեղ է, որ առաջ է գալիս ժամանակի եւ արվեստի ամենամեծ պարադոքսը: Լուսանկարչությունը հիանալիորեն «կանգնեցնում» է ժամանակը, բայց ստեղծվելու պահին լուսանկարչությունը արվեստ չէր, կինոն` նույնպես: Ուրեմն ի՞նչ. Ժամանա՞կը լուսանկարչությունն ու սինեման արվեստի ճյուղ դարձրեց: Ինչեւէ...

Մարդը, որպեսզի ռեալությունը ներկայացնի այնպիսին, ինչպիսին կա (առանց գեղարվեստականացման), ստեղծեց մեկ այլ կինո, որը վավերագրական անվանեց: Թերեւս, ըստ նախնական ենթադրությունների, կինոյի այս ճյուղը միայն Շարժում էր ներկայացնելու: Բայց մարդը երբեք չի հաշտվում այն մտքի հետ, որ այս կամ այն «իրադարձությունը» կարող է տեղի ունենալ առանց իր միջամտության:

Մանավանդ, երբ ինքն է այդ «իրադարձության» կազմակերպիչն ու դիտորդը: Արդյունքում վավերագրական կինոն, որքան էլ ժամանակի վկան ու շունչը ձեւանա, միեւնույն է' կախված է ստեղծողի աչքից ու տվյալ իրականությունը պատկերելու ցանկությունից: Չհաշված, իհարկե, մոնտաժի կարեւոր նշանակությունը: Այսպիսով, չնայած անօրինակ շրջադարձերին, կինոն արվեստ դարձավ այն պահին, երբ ինքնանպատակ Շարժումը դարձավ Իրականություն ձեւավորող Շարժում:

Ժամանակի արվեստն էլ ավելի արագացրեց կյանքի տեմպը: Կինոն սկսեց խոսել: Համր կինոյի վարպետների «խոսուն, արագաշարժ» արվեստը «համակարգվեց». կյանքային արտահայտչամիջոցները շատացան: Հնչյունը եւ առհասարակ ձայնը դերասանական նոր, առավել հավաստի խաղաոճի պատճառ հանդիսացավ: Հարուստ դիմախաղերն ու կիսամնջախաղային հնարքները երկրորդ պլան մղվելով' եզրափակեցին հին կինոյի դարաշրջանը:

Փոխարենը վավերագրական կինոն առիթ էր մի նոր հայտնագործության: Խոսքս հեռուստատեսության հայտնագործմանն է վերաբերում: Տեղեկատվությունը դարձավ էլ ավելի արագ ու մատչելի: Միաժամանակ փոխվեցին նաեւ մարդու պատկերացումները կինոարվեստի ընկալողունակության մասին: Մարդը սկսեց խուսափել «դահլիճային» հասարակությունից' նախընտրելով կինոդիտման տնային պայմանները: Մանավանդ' այդ դիտումները պարտադրված (ներքին իմաստով) չէին ու, ամենակարեւորը, անվճար էին: Կինոն ներխուժեց հեռուստատեսություն' սկիզբ հանդիսանալով նոր' հեռուստատեսային կինոյի հիմնադրմանը:

Այս ամենից զատ, չնայած անթիվ մահախոսականներին, իր համեստ Շարժումն էր ապահովում թատրոնը` միաժամանակ ապացուցելով, որ Իր եւ Սինեմայի նույնացումը կամ փոխադարձորեն կապված լինելը միանգամայն անտեղի է: Շարժումը թատրոնում թեեւ չի հասնում կինոյի խելահեղ տեմպերին, սակայն մի առավելություն ունի. կյանքի նման հարափոփոխ, այլ կերպ ասած` կենդանի է...

Կինոյում ամեն ինչ շատ արագ է կատարվում, Ոսկե դարի հեռացումը` նույնպես: Քսաներորդ դարի երկրորդ կեսը կինոյի այլասերման ժամանակաշրջանն է: Հեռուստատեսային մատչելիությունը փոխեց մարդու պատկերացումը կինոարվեստի մասին: Կինոն կորցրեց իր դահլիճային «արարողակարգի» լավագույն ավանդույթները' փոխարենը ձեռք բերելով կենցաղային, բազկաթոռի մեջ նստած սուրճըմպումի «ընկերակցություն»: Բացի այդ, մարդը, դահլիճից հեռանալով, ցանկացավ ունենալ իր անձնական տեսադարանը, որը հաճախ չընթերցվող գրադարանի տպավորություն է թողնում:

Իսկ ժամանակը ինֆորմացիա ստանալու նոր պահանջներ էր ներկայացնում: Մի տարբերությամբ միայն. եթե մինչ այդ անձը հիմնականում տեղեկատվական սպառող էր, այժմ նա ուզում էր ինֆորմացիայի տարածող դառնալ:

«Հարաբերականության տեսությունից» հետո մարդկության ամենամեծ հայտնագործությունը, թերեւս, Վիրտուալ իրականությունն է: Ինտերնետը հեքիաթի ու իրականության խառնուրդն է, մի բան, որը հեքիաթ չես համարի, քանի որ հեքիաթ է, ոչ էլ իրականություն կանվանես, որովհետեւ իրականություն է: Տիպիկ վիրտուալ պարադոքս:

Վիրտուալ իրականությունը լիովին բավարարում է մարդու` «աշխարհին իր գոյության մասին հայտնելու» փառասեր պահանջը, եթե հաշվի առնենք, որ այդ «փառասիրությունը» չի գրաքննվում:

Ինտերնետը մարդուն կրկին ինքնուս լինելու հնարավորություն ընձեռեց: Անձը հանրությանը կարողացավ ներկայացնել այն, ինչ զգում է`առանց գեղարվեստականացման ու ռետուշի: Համացանցը հեղեղվեց անձնական հոլովակներով ու լուսանկարներով:

Այսպիսով, Վիրտուալ իրականության դարաշրջանը կարեւորվեց Շարժման դոմինանտությամբ: Ինֆորմացիա տարածող մարդու համար կրկին առաջնայինը դարձավ Շարժումը, որը թեեւ չի ապշեցնում այնպես, ինչպես գնացքի ժամանումը, բայց աշխարհին հայտնում է իր գերիրական գոյության մասին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter