«Հայփոստ». մեծ փոփոխությունների մեկնարկը տրվեց
Հոկտեմբերի 15-ին Կապանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, «Հայփոստ» ՓԲԸ 3301 բաժանմունքի և Կապանի մասնաճյուղի պաշտոնական վերաբացմամբ մեկնարկում է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի վերափոխման մեծ ծրագիրը մարզերում: Ծրագիրը ենթադրում է հանրապետության բոլոր մարզերի մասնաճյուղերի և ավելի քան 200 բաժանմունքների նորացում թե արտաքին տեսքի, թե տեխնիկական վերազինման, թե ժամանակակից ենթակառույցների ներդրման առումով, որոնք ավանդական եւ ոչ ավանդական փոստային ծառայություններից բացի կտրամադրեն ֆինանսական եւ կոմերցիոն բազմապիսի եւ բազմաբնույթ ծառայություններ եւս:
Ինչպես Կապանում բացման արարողության ժամանակ նշեց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, գործընթացը կարեւոր է հատկապես այն առումով, որ բոլոր վերաբացվող մասնաճյուղերում նույնատիպ և նույն բարձրորակ ծառայություններն են մատուցվելու, այսինքն` մարզերի բնակիչները ստանալու են նույնքան բարձրորակ ծառայություններ, որքան մայրաքաղաքի բնակիչները:
Ի դեպ, առաջիկայում կվերաբացվեն Կապանի եւս երեք բաժանմունքներ:«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:
Փոստային բաժանմունքներում փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվի փոստբանկային ծառայություններ, ինչպես նաեւ ֆաքսիմիլային կապ, պատճենահանում, տպագրություն և ինտերնետային կապ:
Մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացել ևս 35 բաժանմունք` այդ թվում նաև Դիլիջանի, Գյումրիի, Իջեւանի եւ Ծաղկաձորի մասնաճյուղերը:
«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր ծառայությունների տեսականին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել