2011-2015թթ. Հայաստանի բնապահպանության համար` 7.97 մլն ԱՄՆ դոլար
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրավերով Հայաստան է ժամանել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Մոնիկ Բարբուտը:
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը /ԳԷՀ/ հիմնվել է 1991թ և նպաստում է Երկիր մոլորակի շրջակա միջավայրի պահպանման գործընթացին` ֆինանսական միջոցները նպատակաուղղելով գլոբալ բնույթի բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը:
Հայաստանի Հանրապետությունը ԳԷՀ-ի հետ համագործակցում է 1994 թվականից, այդ անցած ժամանակահատվածում Հայաստանում իրականացվել է հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող 17 ծրագիր` 21.9մլն դոլար արժողությամբ:
Հայաստանում ԳԷՀ-ի քաղաքական և գործառնական համակարգող է հանդիսանում ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը:
Հոկտեմբերի 19-ին, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է տիկին Մոնիկ Բարբուտին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում առկա բնապահպանական խնդիրները, ԳԷՀ-ի ներդրումային ծրագրերն ու դրանց արդյունքները, ամփոփվել է ԳԷՀ-ի հետ համագործակցության 4-րդ փուլը, որի շրջանակներում 2005-2009թթ ժամանակահատվածում իրականացվել են մի շարք ազգային և տարածաշրջանային բնապահպանական ծրագրեր` 5.5 մլն դոլար արժողությամբ և նախագծվել են ԳԷՀ 5-րդ փուլում համագործակցելու հեռանկարները:
ԳԷՀ -5 գործընթացի շրջանակներում 2011-2015թթ-ն Հայաստանի Հանրապետության համար նախատեսված բյուջեն կազմում է 7.97մլն ԱՄՆ դոլար` ըստ կիզակետային ոլորտների:
Նախարար Արամ Հարությունյանը կարևորեց այս հանդիպումը և հույս հայտնեց, որ այն կտա իր առավել դրական արդյունքները հետագա համագործակցության համար:
ՀՀ բնապահպանության նախարարը և տիկին Բարբուտը հանդիպեցին ՀՀ–ում ԳԷՀ-ի ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող միջազգային գործակալությունների հետ, այդ թվում` Համաշխարհային բանկի (WB), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNDP), Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության(UNIDO) և ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «ԳԷՀ-ի հետ համագործակցության հանձնաժողովի» անդամների հետ:
Հանդիպման ընթացքում պարոն Հարությունյանը ներկայացրեց տիկին Բարբուտի այցի նպատակը, ԳԷՀ-ի հետ համագործակցությունը, ինչպես նաև այն գործողությունները, որոնք նախատեսված են իրականացնել տիկին Բարբուտի այցի ընթացքում:
Այնուհետև տիկին Բարբուտը խոսեց իր այցի և հանձնաժողովի հետ քննարկվելիք հարցերի շուրջ, միաժամանակ կարևորելով ՀՀ վարչապետի կողմից «ԳԷՀ-ի հետ համագործակցության հանձնաժողովի» ստեղծումը: Նա նշեց նաև, որ ԳԷՀ-ի ռազմավարական խնդիրներից է աջակցությունը երկրներին` որոշումներ կայացնլու, բնապահպանական խնդիրները ծրագրավորելու և ինքնուրույն ծրագրեր իրականացնելու պարագայում:
Պլանավորված է այցելություն «Սևան» ԱՊ և «Խոսրով» պետական արգելոց, որտեղ կքննարկվեն նոր ներդրումային ծրագրեր և համագործակցության հեռանկարները:
Հոկտեմբերի 20-ին, նախատեսվում է ՀՀ բնապահպանության նախարարի և տիկին Բարբուտի համատեղ մամլո ասուլիսը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել