32-ամյա կին, ում պատմությունն իր չորս երեխաներն են
Ֆոտոխցիկը ձեռքիս հերթական անգամ ներկա էի Էջմիածնում իրականացվող միջոցառումներից մեկին: Փոքրիկը, որը խիստ տարբերվում էր բոլոր երեխաներից, մոր գրկից չէր իջնում:
Ես լուսանկարում էի նրան: Մայրը ժպիտով նայեց ինձ եւ ասաց, որ նրան հաճախ են լուսանկարում: Երբ հեռացա նրանցից, կնոջ տխրությունն ու լուսավոր երեխան արդեն իսկ տպավորություն էին գործել վրաս:
-Շատ դժբախտ կին է: Չորս երեխա ունի, ամուսինն էլ մահացել ա,- ասաց էջմիածնեցի ծանոթներցս մեկը, որը անձամբ գիտեր Զեմֆիրա Հովսեփյանին:
Միջոցառումից հետո Զեմֆիրային խնդրեցի զրուցել:
Նրա պատմությունը դժբախտությունների մի երկար շարանի պես պատկերվեց աչքիս առաջ:
Զեմֆիրան ընդամենը երեսուներկու տարեկան է: Ապրում է Աղավնատուն գյուղում: Չորս անչափահասների մայր:
Յուրաքանչյուր բառը նա արտասանում էր արցունքները կուլ տալով, իսկ փոքրիկ Պավելը, ում ես անդադար լուսանկարում էի, աղմկում էր մոր գրկին:
-Ես կյանքով լեցուն էի, ակտիվ: Հիշում եմ` տարիներ առաջ ինչպես էի կազմակերպել ինքնագործ արվեստագետների ցուցահանդես: Բոլորի մոտ շոկ էր առաջացել դրանից: Եվ հետո հասկանալով, որ ուզում եմ շատ բան կիսել մարդկանց հետ եւ խուսափել սեւ-սպիտակից, ես 2001 թ.-ին ընդունվեցի Թատերական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) կինոյի եւ թատրոնի դերասանական բաժին: Բայց նպատակս դերասան դառնալը չէր, այլ իմ խումբը, ստուդիան ունենալը:
2002 թվականին ես հանդիպեցի իմ ապագա ամուսնուն: Համագյուղացիս էր: Ես սիրում էի նրան, նա` ինձ: Կարծում էի` ընտրությունս ճիշտ է: Ես զոհեցի ամեն ինչ. կրթություն, ազատ կյանք, երազանքներ... Սկսվեց իմ դժոխային կյանքը:
Երբ Զեմֆիրայի ամուսինը դատապարտվում է, նա արդեն սպասում էր երկրորդ երեխային: Զեմֆիրան ամեն կերպ փորձում է ամուսնուն դուրս հանել բանտից:
-Երբ նա դուրս եկավ, արդեն ծանր հոգեկան վիճակի մեջ էր: Մշտական կռիվներ, ծեծ... Ես ոչինչ չէի կարողանում անել: Նույնիսկ նրա անունը լսելիս ուշաթափվում էի:
Իսկ ամուսնու զայրանալու պատճառները, պատմում է Զեմֆիրան, ավելացել էին եւս մեկով. նրանց երկրորդ երեխան ծնվել էր մտավոր թերզարգացվածությամբ:
Զեմֆիրան սկսում է կյանքի գնով երեխային` Մարիամին, ոտքի կանգնեցնել.
-Երբ նա չորս տարեկան էր, կշռում էր ընդամենը 8 կգ: Երկար ժամանակ չէր կարողանում քայլել, շարժվել:
Անընդհատ բուժումները, Զեմֆրայի ջանքերը զուր չեն անցնում:
Մարիամը, ում լուսանկարում եմ այսօր, արդեն կարողանում է նորմալ քայլել, խոսել եւ հաճախում է Զվարթնոցի հատուկ դպրոցը: Նա շարունակում է բուժում ստանալ:
Երբ նստել էր հայկական ավանդական տիկնիկի կողքին, անընդհատ ծածկում էր նրան ու սպառնում, որ եթե մրսեց, ինքը վատ կվարվի: Երբ նկատեց, որ լուսանկարում եմ իրեն, միանգամից եկավ ու պահանջեց ցույց տալ:
Մարիամից առաջ ընտանիքում արդեն ծնվել էր առաջնեկը` Նոյեմզարը:
Այդ խոշոր եւ տխուր աչքերով աղջնակն ամենից շատ է կիսում մոր հոգսը:
Մենք նստած ենք երեքով: Զեմֆիրան նայում է աղջկա աչքերին ու կիսախեղդվելով ասում.
-Ամենից շատ Նոյեմզարիս համար եմ անհանգստանում: Կռիվները, էդ դաժան օրերը, վախից կուչ գալը... Ամենն ինքն ա տեսել: Բայց խոսել է հոգեբանների հետ: Ահագին ձերբազատվել է էդ ամենինց: Հիմա կավագործությամբ է զբաղվում, նկարում է դպրոցին զուգահեռ:
Նոյեմզարից եւ Մարիամից հետո ծնվել է որդին` Տիգրանը:
-Ես չէի կարող հրաժարվել ոչ մի երեխայիցս: Ու հիմա էլ գիտեմ, որ նրանցից բացի ոչինչ, ոչինչ չունեմ:
Զեմֆիրան, ելք չունենալով դիմում է ոստիկանություն, մտածելով, որ հարցին լուծում կտան, սակայն, իմանալով, որ ամուսնուն հնարավոր է եւ կալանավորեն, հետ է վերցրնում դիմումը: Բայց դրանից հետո, ծայրահեղ մի վիճակում հայտնվելով, վերցնում է երեխաներին եւ դիմում Կանանց ռեսուրսների կենտրոն:
Կենտրոնից նրան խորհուրդ են տալիս դիմել իրավապահներին: Զեմֆիրան չի համաձայում: Հոգեբանական օգնությունից հետո նրան երեխաների հետ տեղավորում են Գյումրիի մի բնակարանում:
-Բայց էնքան անազնիվ էի ինձ զգում էրեխեքի առաջ: Մտածում էի` ինչ եմ ասելու` ուր է ձեր պապան:
Իսկ այդ ժամանակ ամուսինը ջանքեր է գործադրում նրանց տուն վերադարձնելու:
-Գիտես` ծայրահեղն էն էր, որ ինքը շատ սիրալիր էր, երբ պայծառ էր խելքը, հարբած չէր կամ էլ ծանր հոգեբանական վիճակի մեջ չէր:
Նա կարող էր մի գիշերվա մեջ մի ամբողջ շարք սովորեր Եսենինից, որ ասմունքեր ինձ համար, կամ ժամերով երգեր ինձ հետ միասին: Ես էի նրան հանգստացնողը եւ ես էլ դառնում էի նրա ստրուկը:
Ի վերջո երեք երեխաների հետ Զեմֆիրան վերադառնում է Աղավնատուն:
Շուտով ծնվում է չորրորդ երեխան` Պավելը, իսկ ամիսներ անց մահանում է Զեմֆիրայի ամուսինը:
Ես նստել էի բազմոցին, երկար ժամանակ ուշքի չէի գալիս: Հաջորդ օրը կրկին հանդիպեցի Զեմֆիրային այն տանը, որտեղ ես էի հանգրվանել: Տիգրանի հետ էր:
Մինչ Տիգրանը վերցրել էր շաքարավազի տարան եւ մեծ հաճույքով բավարարում էր քաղցրի ծարավը, Զեմֆիրան պայուսակից հանեց յոթը տարիների մասին պատմող օրագիրը:
Կին, որը կարողացել է դիմադրել ամեն ինչին, շարունակում է մեծացնել երեխաներին, կին, որը փայլուն տիրապետում է արվեստին եւ լեզվին, կին, ով ապրում է կիսախարխլված տանը, բայց ում պարտեզը նախանձելի տեսք ունի:
Հանդիպումից հետո սկսեցի կարդալ օրագիրը: Ամենից շատ երկու բան տպավորվեց իմ մեջ. յուրաքանչյուր օրվա վերջում նա հավատում էր վաղվա պայծառությանը եւ Աստծո ողորմությանը եւ պատահաբար օրագրում էր մոռացել այն պարտատերերի ցուցակը, ումից վերցնում է անհրաժեշտը իր երեխաների համար:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել