
Հովհաննիսյան. «Ժողովուրդը ինչ-որ մեկի ոտքից կապած շնիկ չէ, որ երբ ուզենաս, ասես՝ ֆու, երբ ուզենաս, ասես՝ ֆաս»
«Իշխանությունն առավելագույն օգուտներ է քաղել այդ երկխոսությունից: Ինքախաբեություն է մտածել, որ իշխանությունն ազատ է արձակել քաղբանտարկյալներին` ընդառաջելով ՀԱԿ-ի պահանջներին»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով` իշխանությունը գնացել է այդ քայլին, որովհետև դա իրեն ձեռնտու էր, և դա արել է իրեն հարմար պահին: Իսկ այդ պահը ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստն էր, որտեղ ելույթ էր ունենալու Սերժ Սարգսյանը: Վերջինս այդ քայլով բարձրացրեց իր իմիջը, և պետք է չէ այդ քայլը վերագրել ժողովրդավարությանը:
Երկխոսության մյուս կողմը` ՀԱԿ-ը, Հ. Հովհաննիսյանի կարծիքով` բոլոր հիմքերն ուներ առիթ փնտրել երկխոսությունը դադարեցնելու համար: Արդյունքում նա ունեցավ «բարոյական կորուստներ»: Ըստ նրա` երկխոսության օրակարգի հիմնական հարցը պետք է լիներ «Մարտի 1»-ը և ոչ թե արտահերթ ընտրութունները:
«ՀԱԿ-ը սխալ, թերի հաշվարկ էր արել»,- հավելեց Հ. Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ ժողովուրդը երկխոսություն չէր ակնկալում, երբ համախմբվեց Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Նրա համոզմամբ` այն չի վայելում ժողովրդի վստահությունը և նմանվում է գործարքի:
«Ժողովուրդը ինչ-որ մեկի ոտքից կապած շնիկ չէ, որ երբ ուզենաս ասես՝ ֆու, երբ ուզենաս ասես՝ ֆաս»,- հավելեց նա:
Ասուլիսի մյուս բանախոս` ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ սխալ էր եկխոսության նման լուրջ գործընթացը դադարեցնել ինչ-որ անհեթեթ պատճառով:
Հմայակ Հովհաննիսյանը հարցրեց պատգամավորին, թե արդյոք այժմ Սերժ Սարգսյանն ունի բավարար ռեսուրս, և արդյոք նա թույլ չէ քաղաքական դաշտում, որովհետև չի կարող իր իշխանությունն իրականացնել առանց Ռ. Քոչարյանի կամ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի օգնության:
«Բոլոր ժամանակներում հենց Սերժ Սարգսյանի ռեսուրսներից են այլ թիմերն օգտվել: Սերժ Սարգսյանի ռեսուրսն այնքան է բավարար, որ ինքը կարող է ընտրվել և ընտրվել լեգիտիմ ճանապարհով: ՍերԺ Սարգսյանի ռեսուրսը միայն ՀՀԿ-ն չէ»,- պատասխանեց Հ. Սահակյանը:
Թիմերի ով լինելը նա թողեց, որ Հ. Հովհաննիսյանն ինքը որոշի:
Մեկնաբանել