Թունավոր սնկերից տուժել է 31 մարդ
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սննդային` թունավոր սնկերի օգտագործման հետևանքով առաջացած և մանրէային ծագման (բոտուլիզմի) թունավորման դեպքեր: Թունավորման նախնական ախտանիշներն են` սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, աղեստամոքսային տրակտի խանգարումները: Նախնական ախտանիշների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:
Թունավոր սնկերի օգտագործման հետևանքով արձանագրվել է սննդային թունավորման 16 դեպք, որից տուժել է 31 մարդ` 4-ը, դժբախտաբար, մահվան ելքով: Թունավորումների առաջացման պատճառը հիվանդներ հավաքած սնկերի օգտագործումն է սննդում (Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզեր և Երևան):
2010 թ. արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի 7 դեպք, որից տուժել է 11 մարդ` 1-ը, դժբախտաբար, մահվան ելքով: Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, ծիծակի, վարունգի մարինադի, սմբուկի խավիարի պահածոների օգտագործման հետևանքով (Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզեր):
Սննդային թունավորումից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
- Չհավաքել, չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:
- Սունկն անհրաժեշտ է գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի տված փաստաթղթի առկայության դեպքում:
- Չգնել շուկայում, փողոցներում վաճառվող և պատահական անձանց կողմից տնային պայմաններում պատրաստված պահածոյացված սննդամթերք:
- Պահածոները պատրաստել ոչ հերմետիկ փակ տարողություններում:
- Տնային պայմաններում պատրաստված պահածոները սննդում օգտագործելուց առաջ պարտադիր ենթարկել մանրակրկիտ ջերմային մշակման` 20-25 րոպե տևողությամբ, եռացնելու կամ տապակելու եղանակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել