HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դասագրքի գումարի պատճառով հայտնվել է ոստիկանությունում

Այս տարի Գեղարքունիքի մարզի անչափահաս երեխաների կողմից կատարվել է հանցագործության 42 դեպք, որոնցից 22-ը՝ գողության դեպքեր: Նախորդ տարի գրանցվել էր անչափահաս երեխաների կողմից կատարված հանցագործության 11 դեպք։ Մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս տարի «ցնցող» դեպքեր չեն եղել, իսկ գողություններն էլ կատարվում են խմբակային եւ հիմնականում սոցիալական բնույթի են: Ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնվում են հատկապես խոցելի խմբի ընտանիքներում ապրող երեխաները: Օրինակ՝ հաշվառված երեխաներից մեկը հարեւանի բակից ալյումինե կաթսա է գողացել, այն որպես ջարդոն հանձնել է գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում եւ այդ փողով դպրոցական դասագրքի գումարն է վճարել: Երեկ ոստիկանությունում հաշվառված երեխաների հետ հանդիպում էր կազմակերպել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Մարզպետը նշել է, որ հարկավոր է լրջորեն զբաղվել երեխաների կրթության եւ դաստիարակության խնդիրներով, եւ ամեն ինչ պետք է անել, որ թույլ չտրվի անչափահասների մուտքը ոստիկանության շենք, իսկ ոստիկանությանը պետք է  դիմել միայն հանցավոր ուղի բռնած երեխայի հետ աշխատելու բոլոր միջոցները սպառված լինելու եւ արդյունքներ չստանալու դեպքում: «Դպրոցներին հրահանգել ենք, որ անմիջապես չդիմեն ոստիկանություն, եթե երեխան օրինախախտ վարքագիծ է դրսեւորում: Պետք է առաջինը մենք իմանանք, երեխայի հետ աշխատանք տանենք, նոր վերջում, եթե կարիքը լինի, դիմենք ոստիկանություն: Պետք է բացառենք անչափահասի մուտքը ոստիկանության շենք: Երեխան հենց մտավ ոստիկանության շենք ու դուրս եկավ, արդեն հոգեբանորեն փոխվում է»,-ավելացնում է Մամիկոն Գալոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter