HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Ադրբեջան. հայրենադարձումներ ԿԽՄԿ-ի հովանու ներքո

Այսօր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո, հայրենադարձվեց Հայաստանի քաղաքացու աճյունը, ով մահացել էր 2010 թվականի հոկտեմբերին Բաքվում, Ադրբեջան։ Նույն օրը ԿԽՄԿ-ն հայրենադարձեց նաև Հայաստանում ներկալված Ադրբեջանի քաղաքացուն։ Գործողությունը տեղի ունեցավ ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքներն իրար կապող ճանապարհին։ «Մենք մշտապես կապի մեջ ենք լինում այն բոլոր ընտանիքների հետ, որոնք ունեն գերի ընկած, անհայտ կորած կամ մահացած հարազատներ, և կիսում ենք նրանց անհանգստությունն ու վիշտը։ Միշտ էլ ցավ ես ապրում, երբ ստիպված ես վատ լուր հաղորդել կամ էլ զոհվածի աճյուն հայրենադարձել»,- ասաց Մելանի Վոնրոսպախը, ԿԽՄԿ պատվիրակը Երևանում, ով մասնակցեց հայրենադարձմանը։ Գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացու մահվան մասին ադրբեջանական իշխանություններից պաշտոնական տեղեկություն ստանալուն պես ԿԽՄԿ-ն տեղեկացրեց զոհվածի ընտանիքին։ Համաձայն իր հանձնառության` ԿԽՄԿ-ն այցելում է Ղարաբաղյան հակամարտության հետևանքով ազատազրկված ռազմագերիներին և ներկալված քաղաքացիական անձանց։ Գործելով որպես չեզոք միջնորդ՝ կազմակերպությունն աջակցում է նրանց հայրենադարձմանը, ինչպես նաև զոհվածների աճյունների հայրենադարձմանը՝ հակամարտող կողմերի համաձայնությամբ։ Սույն թվականի ապրիլին ԿԽՄԿ-ն հայրենադարձրել է ադրբեջանցի երկու քաղաքացիական անձանց աճյունները և մեկ ռազմագերի։ Ներկայումս, կազմակերպությունը ներգրավված է այլ ներկալված անձանց և զոհվածների աճյունների հայրենադարձման շուրջ քննարկումներում երկու ուղղությամբ, շփման գծում վերջերս զոհված երկու ադրբեջանցի զինվորների աճյունների հայրենադարձման հարցը ներառյալ։ «Մենք ողջունում ենք 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավոր-վածությունը ռազմագերիներին և զոհվածների աճյունները փոխանակելու վերաբերյալ, ինչպես նաև ԿԽՄԿ-ի հնարավոր օժանդակությունը այս հարցին»,- ասաց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԿԽՄԿ գործողությունների ղեկավար տիկին Պասկալ Մեժ Վագները։ Վերջինս սեպտեմբեր ամսին Հայաստան և Ադրբեջան կատարած այցի ժամանակ քննարկել էր այս հարցը երկու երկրների պաշտպանության նախարարների և արտաքին գործերի փոխնախարարների հետ։ «Մենք ցանկանում ենք վերստին հաստատել չեզոք միջնորդ հանդիսացող մեր կազմակերպության պատրաստակամությունը հայրենադարձումներ իրականացնելու գործում։ Սակայն, հարկ եմ համարում նշել, որ ԿԽՄԿ-ն հայրենադարձում է ազատ արձակված գերիներին, միայն համոզվելուց հետո, որ նրանք վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով»։ Աշխատելով Ժնևյան կոնվենցիաների ներքո՝ ԿԽՄԿ-ն գործում է Հայաստանում և Ադրբեջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է ԿԽՄԿ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter