Մարմինը որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ
Արևիկ Արևշատյան
Արվեստի պատմությունը և տեսությունը հումանիտար գիտության այն ոլորտներն են, ուր ավանդական ու պահպանողական մոտեցումները և դասական արժեքային համակարգերը շարունակում են մնալ իշխող և դժվարությամբ են զիջում իրենց դիրքերը: Հիմքում դեռ 19-րդ դարում արվեստի քննադատների ձևավորած կանոն-դատողություններն են, որոնց ավանդական մեկնաբանման լեզուն և մոդելները որպես հիմնակմախք օգտագործում են նաև արդի արվեստաբանները թե դասական և թե ժամանակակից արվեստի վերլուծության պարագայում:
Վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցող միջազգային աշխարհայացքային փոփոխությունները, որոնք համակցված էին նաև քաղաքական և սոցիալական շարժումներով, այսօր առաջացնում են վերանայումների նոր ալիք: Կանանց ստեղծագործականության հետ կապված անցյալ դարի ձեռքբերումները (ֆեմինիստական, գենդերային), անշրջելիորեն փոխեցին բոլոր ընդունված գործածելի կարծրատիպերը: Կիրառական արվեստի հետ կանանց ստեղծագործական նույնացումը արդեն ժամանակավրեպ գաղափար է: Միջազգային արվեստաբանության ուսումնասիրությունները բացահայտեցին դեռ Վերածննդի և Բարոկոյի դարաշրջաններում կանանց ստեղծած, աշխարհայացքային հայտեր ներկայացնող բազմաթիվ ստեղծագործություններ և քանդեցին «արարող» տղամարդու առեղծվածը:
19-20-րդ դարերի կանանց իրավունքների համար պայքարը, արտահայտվելու իրավունքը (անգլիական և ֆրանսիական կին հեղինակների վեպերը), բնորդից և հանդիսատես-սպառողից անցումը դեպի ստեղծագործողը և ուսումնասիրողը, դարձան այն հիմնավոր նախադրյալները, որոնց շնորհիվ կանայք իրապես մասնակից դարձան իրականության ձևավորմանը: Տղամարդկանց հայացքով ձևակերպված սենտիմենտալ ու երազային և դրան հակադրված խորամանկ ու խարդավանքներով առաջնորդվող կնոջ կերպարը հետզհետե դառնում է անցյալի պատկերացումների մոդել: Այս գործընթացները փոխեցին կանանց մարմնի, սեռականության և սոցիալական դերի ենթակա կարգավիճակը: Նախ և առաջ հենց իրենց՝ կանանց կողմից ընդունելի դարձավ այն գաղափարը, որ այլևս գոյություն չունեն արական մենաշնորհ համարվող արտահայտչամիջոցներ և Բարձր, այն է՝ արական, ստեղծագործական-մասնագիտական բաժանարար գծեր: Ի հայտ եկած սուֆրաժիստական, ֆեմինիստական, գենդերային սոցիալական շարժումներն իրենց արտահայտությունները գտան նաև արվեստում: Կարծում եմ, որ այս ամենը հնարավոր դարձավ հասարակության մեջ կանանց ֆիզիկական-իրական մարմնի ներկայությանն ապահովելուց հետո: Սակայն անցած 30 տարին ցույց տվեց, որ գոյություն չունի միատարր կնոջ հեռանկար, և կնոջ ամեն ստեղծագործություն չէ, որ կարող է կապ ունենալ ֆեմինիզմի կամ գենդերի հետ: Այնուհանդերձ, իրականությունը կանանց հայացքով ներկայացնելը մեծ բազմազանություն և բազմակարծություն բերեց ամենատարբեր մշակութային համատեքստերում և հարստացրեց դրանք: Այդ զարգացումները միանգամից տեղի չեն ունեցել: Նախ և առաջ անհրաժեշտ էր, որ հասարակական իմաստով կանանց համար մատչելի դառնան արվեստի ուսումնական և ուսումնասիրական հիմնային մեթոդները: Սեփական փորձառության միջոցով ձևավորվող տեսանկյան շնորհիվ կին արվեստագետների ստեղծագործություններն այսօր կերպարվեստի (Fine ART) անկապտելի մասն են: Բացի դրանից` այն մեթոդներն ու ոճերը, որոնք այսօր վերագրվում են կանանց արվեստին, սկսեցին համոզիչ դառնալ նաև որոշակի տեսական վերանայումներից հետո: Դարերի ընթացքում կուտակված համաշխարհային արվեստի նմուշները և դրանց ընկալումը նոր տեխնոլոգիաների համատեքստում նոր, հաճախ հակասական մեկնաբանությունների հնարավորություններ ստեղծեցին: Պատկերների բազմացումը, դրանց օգտագործումը գովազդի համար, գործուն ներթափանցումը մասնավոր տարածքից հասարակական տարածություն ազդեցին նաև մարդու մարմնի ներկայացման վրա: Ի հայտ եկան մեծ քանակությամբ մեդիալ պատկերներ, որոնցում հատկապես կնոջ մարմինը դարձավ գովազդվող ապրանքի գեղեցիկ փաթեթավորման մասը: Այդ երևույթը մեծ դժգոհություն առաջացրեց թե հասարակական և թե արվեստի շրջանակներում: Կերպարվեստի հիմք հանդիսացող կերպարային (ֆիգուրատիվ) արվեստի այս կարգի ոճավորումները ձեռնոց նետեցին այն բոլոր ձեռքբերումներին, որոնք կապվում էին մարմնի գեղեցկության ոչ ստանդարտացված ընկալմանը:
Առհասարակ, բոլոր մշակույթներում ամենաշատ վեճեր առաջացրել և շարունակում է առաջացնել մարմնի (մերկ, թե հագուստով) պատկերումը: Հայտնի ճարտարապետ Լը Կորբյուզիեն և նկարիչ Ամեդե Օզենֆանը համարում էին, որ արվեստների ձևերի մեջ գոյություն ունի խիստ դասակարգում, որի գագաթնակետն է մարդու ֆորմաների արվեստը: Կարծում եմ` այդ վեճերն առաջացնող բազմաթիվ պատճառներից մեկը, գուցե թե ամենակարևորն այն է, որ մարմինը իրականության զգացողության միակ սուբյեկտն է: Մարմինը մեզ կապում է ծննդյան և մահվան, ցավի և հաճույքի, արդարության և բռնության երևույթներին: Այսինքն` եթե չհիշես մարմնիդ մասին, չտեսնես մարմնի պատկերներ, չես էլ նկատի, որ գոյություն ունի իրականություն: Ինչպես ուշաթափությունից կամ քնից արթնացած մարդը շոշափում է իր մարմինը՝ արթմնի վիճակը արձանագրելու համար, այնպես էլ պատկերված մարմինը արձանագրում է իրականությունը՝ իր բոլոր արտահայտություններով: Կարծում եմ` իրականության պատկերման կանանց և տղամարդկանց տեսանկյունների մեթոդաբանական տարբերությունները ակնառու են հատկապես մարմինը պատկերող ստեղծագործություններում: Այդ ստեղծագործությունները բաց ուղերձներ են՝ «դիմադրող» հանդիսատեսին ներգրավելու արվեստի և մշակութային արդիական վերլուծությունների ու վերաիմաստավորումների մեջ: Վերը նշած խնդիրների ուսումնասիրությունները, կարծում եմ, չափազանց կարևոր են հատկապես հետսովետական տարածքներում: Սովետական ժամանակաշրջանը, կանանց համար ապահովելով շատ կարևոր և առաջադիմական հնարավորություններ, ինչպիսիք են կանանց և տղամարդկանց հավասարությունը, կրթության հավասար իրավունքը, անժխտելիորեն թողել է իր դրական ազդեցությունը: Սակայն սովետական ամբողջատիրական համակարգը, որն առաջնորդվում էր «սառը պատերազմի» տրամաբանությամբ` ամեն կերպ փորձելով ցուցադրել նաև իր մշակութային առանձնահատուկ առավելությունը, վնասեց արվեստի և մշակույթի ինտեգրացիոն գործընթացներին, որոնք կազմում են ժամանակակից արվեստաբանության և արվեստի ներկայացման հիմքը:
Այս ցուցահանդեսի համատեքստում ես փորձել եմ ներկայացնել իմ սեփական ուսումնասիրությունները: Այն շարունակությունն է իմ համադրությամբ կազմակերպած կանանց ցուցահանդեսների` «Պարզապես և Ընդդեմ» (1994), «Մոնո Պոլիս» (1997), «Քրեատիվ սինթեզներ» (2005), որտեղ ես տարբեր համատեքստերում փորձել եմ ներկայացնել Հայաստանի կին արվեսագետների ստեղծագործական մեթոդների զարգացումները: «Մարմինը` որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ» խորագրի ներքո ես ներկայացնում եմ մի խումբ կին արվեստագետների, որոնք նաև իմ համախոհներն են:
Տեքստում զետեղված պատկերները` 1. Անիտա Առաքելյան 2. Արմինե Հովհանիսյան 3. Կարինե Մացակյան 4. Դիանա Հակոբյան
Մեկնաբանել