HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կերպարային տեսություն

Արարատ Սարգսյան

Ի՞նչ է կերպարային (ֆիգուրատիվ) արվեստը: Իմ պատկերացմամբ այն արվեստ է, որն առաջին հերթին ներկայացնում է մարդու մարմինը: Իսկ ի՞նչ է մարմինը: Ըստ հանրագիտարանների` մարմինը մարդու ֆիզիկական կառուցվածքն է: Այդ կառուցվածքի մեջ են մտնում գլուխը, վիզը, իրանը, վերին և ստորին վերջույթները: Մարդու մարմնամասերը տարածականորեն կազմակերպված են` ունեն ընդհանուր պլան, ընդհանուր ծագում և ընդհանուր գործառույթ:

Սա, իհարկե, գիտական մոտեցման օրինակ է, բայց կարծում եմ, որ նկարիչը մարմինը, կերպարանքը այլ կերպ է ընկալում, քան գիտնականը, և նույնիսկ այլ կերպ, քան առօրեական ընկալումն է: Առօրեական ընկալման մեջ մենք զգում ենք եսը. «լավ մարդ է», «վատ մարդ է», «գեր մարդ է», «տգեղ մարդ է» և այլն: Գիտնականը, ընդհակառակը, մարմինը վերլուծում է, մտովի հերձում: Նկարիչը զգում է ուրիշի մարմինը, մտովի մոդելավորում այն, զգում է նրա ծավալը, կազմությունը` ամբողջության մեջ: Նա ուրիշի մարմինը իր մարմնով է զգում: Ըստ Սուրբ գրքի` Աստված մեզ ստեղծել է իր պատկերով և նմանությամբ, այսինքն` մոդելավորել է:

Մարմինը զգալու համար հարկավոր է փորձառություն: Միայն արգելված պտուղը համտեսելուց հետո Ադամն ու Եվան զգացին, որ մարմին ունեն և ամոթը ծածկեցին թզի տերևով: Կարելի է ասել, որ հոգին տեսավ մարմինը, այն ճանաչեց: Այսինքն` հոգին մարմինը տեսնում է ամոթի զգացումի շնորհիվ: Հոգին նայում է մարմնին անմահության տեսանկյունից, իսկ մեղքը այն դարձնում է մահկանացու: Բայց կա մարմինը զգալու և մոդելավորելու ուրիշ եղանակ` հիմնված ցավի/հաճույքի զգացողության վրա: Բոլորս էլ ցավ ենք զգում, երբ մատը փուշ է մտնում, և հաճույք` երբ շոյում են: Սա մեր ընդհանուր մարդկային փորձն է, ավելի ընդհանուր, քան ամոթի զգացումի վրա հիմնված մարմնի ճանաչողությունը: Օրինակ` Հին Հնդկաստանում սեռական ակտի պատկերումը դրական էր դիտվում, այսօր հինդուիզմում այն արգելված է: Ցավի և հաճույքի զգացողությունը մեզ օգնում է հարմարվել արտաքին միջավայրին, իրադրությանը: Ավելի ընդհանուր` այն զգայական աշխարհաճանաչողություն է: Մարդը բնության մեջ մի մարմին է, որ պետք է հարմարվի եղանակի փոփոխություններին, պալատում ուրիշ է, և կարծես մարմինն էլ է ուրիշ: Սրճարանում կամ կաբարեում նստած մարդու մարմինը պատկերելու, մոդելավորելու այլ եղանակ է պահանջվում, քան գյուղացունը` դաշտում աշխատելիս: Այստեղից է գալիս կերպարային արվեստի մեջ եղած զարգացման հիմնական ներուժը: Ընդհակառակը` վերացական նկարչությունը գործ ունի անմահի հետ և այդ պատճառով շարժում, դինամիկա չունի:

Մարդը, ինչպես ուսանում է Գաուտամա-Բուդայի մասին առասպելը, իր վախճանական լինելը, իր մահկանացու լինելը ճանաչում է ցավի և հաճույքի միջոցով: Հենց այդ պատճառով կերպարային արվեստը կապված չէ մարմնի կատարյալ մոդելի հետ: Ֆիգուրատիվ արվեստում մարդկային մարմինը կարելի է անվերջ դեֆորմացնել. միևնույն է` մենք անսխալականորեն, ցավի և հաճույքի ընդհանուր փորձի շնորհիվ, կրկին ճանաչում ենք այն: Այս առումով կերպարային արվեստում մի ամբողջ հեղափոխություն էր Պիկասոյի 1907 թ.-ի «Ավինյոնի աղջիկները» կտավը: Դա գալիս է նրանից, որ առաջին անգամ տեսնելուց հետո, որքան էլ տեսածը անսովոր լինի, հետագայում մենք ճանաչում ենք այն. տեսածը տեսած է, անշրջելի է: Այսինքն` ֆիգուրը տեսնելը, ճանաչելը կապված է մեր տեսողական փորձի հետ, որը այլ է, քան երեկ: Եվ ամեն պահի մեր տեսողական փորձը այլ է: Այդ պատճառով միակ ժամանակակից արվեստ կարող է լինել կերպարային արվեստը. այն է արտահայտում արդիականության ոգին: Նայելով անցյալի կերպարային արվեստին` մենք հասկանում ենք այդ դարաշրջանի մարդու փորձառությունը, դարաշրջանի ոգին: Ժամանակակից մարդն այլ կերպ է զգում մարմինը, և հետևաբար ժամանակակից կերպարային արվեստը պետք է տարբեր լինի անցյալի կերպարային արվեստից: Ժամանակակից մարդը կարծես բազմաթիվ մարմիններ ունի` նույնիսկ վիրտուալ, և ժամանակակից կերպարային արվեստն էլ կարիք ունի նրա ներկայացման բազմաթիվ ձևերի: Վերածննդի և Բարոկոյի դարաշրջանի բազմաթիվ նկարներում տեսնում ենք հայելիներ: Այդ առարկան մեծ նշանակություն ունեցավ մարդու կողմից իր մարմինը ճանաչելու գործընթացում: Ժամանակակից մարդու համար ավելի կարևոր նշանակություն ունի լուսանկարվող կամ նկարահանվող մարդը, էկրանին երևացող մարմինը: Կարծում եմ` այդ է պատճառը, որ ժամանակակից արվեստում վիդեոարտը այդքան կարևոր դիրք ունի:

Ֆիգուրատիվ արվեստը ոչ միայն ժամանակակից է, այլև կապված է տեղի հետ: Հայաստանյան կերպարային արվեստը չի կարող նման լինել այլ երկրների կերպարային արվեստին, որովհետև արտահայտում է միայն մեզ հատուկ մարմնի փորձը, իրականությունը զգալու մեր եղանակը: Այս մեր Ցուցադրության մեջ ներկայացված են մարդկային կերպարանքի պատկերացումները` առավելագույն հնարավոր ընդգրկումներով` դասականից մինչև ավանգարդ հայ կերպարվեստ:

Տեքստում զետեղված պատկերները` 1. Ալեքսանդր Գրիգորյան 2. Հակոբ Հակոբյան 3. Սարգիս Համալբաշյան 4. Արշակ Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter