
Վարդան Բոստանջյանը ընդդիմադիրների մեջ մրցակից չի տեսնում
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը դրական գնահատեց երկրի սոցաիալ-տնտեսական վիճակը: Ըստ նրա` այդ ուղղությամբ ամեն ինչ արվում է, իսկ պետբյուջեն դեռևս այնքան չէ, որ այդ բնագավառում արվեն «կտրուկ քայլեր»:
Հարցին, թե արդյոք սոցիալ-տնտեսական անկայուն վիճակի մասին չի խոսում այն հանգամանքը, որ որոշ օլիգարխներ վաճառում են իրենց ունեցվածքը, պատգամավորը պատասխանեց. «Օլիգարխներ չասենք, ասենք մարդիկ, ովքեր մեծ հնարավորությունների տեր են: Եթե իրենք ժամանակի ընթացքում եկել են այն եզրահանգման, որ այդ եղածը շատ է, բնականաբար, կարող են նաև վաճառել»:
Վ. Բոստանջյանը նաև կայուն գնահատեց այժմյան ներքաղաքական վիճակը, սակայն` որոշակի լարվածության դրսևորումներով: Իսկ դա էլ նա համարեց բնական, քանի որ մոտենում են ըտրությունները, և յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձելու է իր ձայների քանակն ավելացնել: Սակայն նա նաև նշեց, որ հասարակությունն արդեն գիտի հիմնական քաղաքական ուժերին և դրանց միջև է ընտրություն անելու:
Նա նշեց, որ ՌԴ-ում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների համատեքստում չի կարող ասել, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը կվերդառնա քաղաքականություն, թե` ոչ:
«Ռուսաստանում ձևավորվում են գործընթացներ, որոնք պետք է քիչ առնչություն ունենան ՀՀ-ի նման փոքր երկրի համար: Այնտեղ տեղի ունեցող խոշոր տրամաչափի փոփոխությունները, ըստ էության, պետք է չունենան ազդեցություն ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական կյանքի վրա», - հավելեց նա:
Անդրադառնալով ՀԱԿ-իշխանության երկխոսությանը` Վ. Բոստանջյանը նշեց, որ ինքը կուզենար, որ այն շարունակվեր, որովհետև դրա միջոցով կարելի էր հասնել տարբեր խնդիրների լուծման:
«Իշխանությունը բացարձակապես պրոբլեմ չունի այն շարունակելու», - հավելեց Վ. Բոստանջյանը:
Նրա կարծիքով` ՀԱԿ-ը ներկայացնում է «նեղացածների զանգվածը», և այն «ավելի մեծ ձգտումներ կամ ցանկություններ ունեցողների տեղամաս է»: Վերջիններս իրենց պահանջներով հաշվի չեն առնում առկա հնարավորությունները, սակայն քանի որ նրանք ընդդիմադիր ուժ են, բնական է համարում նման պահվածքը: Միաժամանակ, Վ. Բոստանջյանը նշեց, որ երկխոսության շնորհիվ ՀԱԿ-ը կարող էր ավելի շատ մարդկանց համախմբել իր շուրջ, սակայն չհիմնավորված պատճառաբանությամբ դադարեցնելով այն` «նրանք այդ զանգվածը կորցրեցին»: Դրա արդյունքում կավելանան այլ կուսակցությունների ձայները: Այն հարցին, թե կոնրկետ որ կուսակցության ձայները կարող են ավելանալ, նա պատասխանեց` « ովքեր լավն են», իսկ քիչ հետո ծիծաղելով ավելացրեց, թե «լավը մենք ենք»:
Իսկ առաջիկա ընտրություններում Վարդան Բոստանջյանը լուրջ մրացկից է համարում ՀՀԿ-ին: «Ընդդիմադիր ուժերին էլ հարգում եմ, բայց մեզ մրցակից չեմ տեսնում»:
Մեկնաբանել