Նիկոլ Փաշինյանը երա՞զ էր տեսել
Այս գիշեր ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանը դարձյալ հանդես է եկել իր նկատմամբ իբրև բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարությամբ: Այդ առիթով Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով Ն. Փաշինյանի հայտարարության հանգամանքներին.
«Գիշերվա ժամը 2.50-ին դատապարտյալն սկսում է աղմկել և հայտարարել, որ «սպեցնազ»-ի երկու դիմակավորված աշխատակիցներ հարձակվել են իր վրա: Անմիջապես միացվում է կացարանի լուսավորությունը և նույն կացարանում գտնվող թվով 18 դատապարտյալները բացատրում վերջինիս, որ խցում որևէ դիմակավորված աշխատակից չկա: Աղմուկի վրա, արդեն 2 րոպե անց, խուց են մտնում ՔԿՀ-ի աշխատակիցները և, հիմք ընդունելով դատապարտյալի հայտարարությունը, վերջինիս հրավիրում են հերթապահ մաս` հանգամանքները պարզելու, այդ թվում` բուժզննության համար: Քննության արդյունքներով որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվում, իսկ խցում գտնվող դատապարտյալները բացատրություն են տալիս այն մասին, որ որևէ բռնության փորձ չի եղել, իսկ ոմանք կարծիք են հայտնում, որ հավանաբար դա Ն.Փաշինյանի գիշերային երազների շարքից է:
Իսկ մինչ այդ, նախապես պայմանավորված ժամին (այս պնդման համար հիմք է այն, որ այդ ժամերին որևէ զանգ ՔԿՀ-ից պարզապես չի եղել) տարբեր պաշտոնատար անձանց գիշերային զանգեր են ուղարկվում` վերը նշված սցենարի հանգամանքները պարզելու և իբր կանխիչ միջոցներ ձեռնարկելու թեմայով: Ավելին, ժամը 4.00-ին դատապարտյալին այցելում է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը զրուցում է հայտարարության հեղինակի և նրա հարևան մյուս դատապարտյալների հետ, և որին վերջիններս դարձյալ նույնությամբ ներկայացնում են վերոհիշյալ իրավիճակը: Այնուհետև, նույն իրավիճակին ականատես են լինում նաև հասարակական դիտորդները:
Այս անլրջության շարքին դասվող հերթական նախաձեռնությունը, մեր համոզմամբ, հետապնդում է ամեն եղանակով Ն.Փաշինյանի նկատմամբ բռնության պատրանք ստեղծելու անհագ ձգտում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել