HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղյան ստատուս-քվոն 2011-ի աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին. ստատուս-քվոն (չ)պահպանելու դրդապատճառները

Կազանից հետո, Լիբիայի ու արաբական այլ երկրների ֆոնին, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հայաստանում ընտրական գործընթացների շեմին... Սրանք ղարաբաղյան գործընթացը հենց այս պահին բնութագրող հանգամանքներն են, եթե մի կողմ թողնենք այն ամենը, ինչ ավանդաբար բնորոշում է հակամարտությունն ու ղարաբաղյան գործընթացը:

Ի՞նչ է հիմա տեղի ունենում ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ, եւ զարգացման ի՞նչ տարբերակներ կան. կլինեն հին առաջարկների նոր վերամշակումնե՞ր, կլինի խզո՞ւմ, թե՞ հակամարտությունը կկոնսերվացվի ի վերջո: Ներքին եւ արտաքին ի՞նչ հանգամանքներ կարող են դրդել հայկական եւ ադրբեջանական կողմերին փոխելու, կամ հակառակը` ամեն գնով պահելու ներկայիս ստատուս քվոն: Ո՞վ հիմա ժամանակ ունի զբաղվելու ղարաբաղյան կարգավորմամբ: Եվ դա լա՞վ է, թե՞ վատ` հայկական, ադրբեջանական կողմերի համար:

Հայ եւ ադրբեջանցի վերլուծաբանները «Կովկասի լրագրողների ցանցում» օրերս քննարկում էին այս եւ ածանցյալ այլ խնդիրներ: Հայաստանից մասնակցում էին ՌԱՀԿԿ տնօրեն Մանվել Սարգսյանը, «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Սարգսյանը, «Փախստականներ եւ միջազգային իրավունք» կազմակերպության քաղաքական խորհրդական Արման Մելիքյանը: Ադրբեջանից քննարկմանը մասնակցում էին «Թուրան» գործակալության Վերլուծական բաժնի պետ Զաֆար Գուլիեւը, ռազմական հոգեբան Ազադ Իսազադեն` Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտից, եւ «Eurasianet» կայքի վերլուծաբան Շահին Աբասովը: Ինտերնետ-կոնֆերանսի նյութերի առավել հետաքրքիր հատվածները ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը ստորեւ:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն     

Մաս I

Բանակցային գործընթաց. «նորացման» սահմաններ եւ կոնսերվացման հեռանկարներ

Շահին Աբասով - Իմ գործընկերները  ստատուս-քվոյի հարցի քննարկումը սկսեցին հակամարտության ակունքներից, եւ դա ճիշտ է: Սակայն, ամեն դեպքում, 1990-ականների սկզբից ի վեր իրադրությունը լրջորեն փոխվել է: Առաջին` 1994 թ. հաստատվեց կրակի դադարեցման ռեժիմը, որը, մշտական տեղային խախտումներով հանդերձ, պահպանվում է: Այդ ժամանակից ի վեր փոխվել է միջնորդների ձեւաչափը: Բացի այդ, 2000-ականներին սկսվեց կողմերի  սպառազինության մրցավազքը: Այսինքն, ամեն դեպքում իրադրությունը փոխվում է յուրաքանչյուր 3-5 տարին մեկ եւ ստատուս-քվո ասելով` կարող ենք ենթադրել միայն պատերազմի բացակայությունը:

Ազադ Իսազադե - Կան հասարակության ամբողջական խավեր, որոնց ստատուս-քվոն կարող է ձեռք տալ կամ հարմար թվալ որպես չարիքի փոքրագույնը: Այս դեպքում ստատուս-քվոյի ձեւափոխումը կարող է չանհանգստացնել` միայն թե մնա «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը:

Արման Մելիքյան - Հաստատված ստատուս-քվոն բնորոշվում է ոչ միայն որպես պատերազմի բացակայություն: Ակնհայտ է, որ հակամարտության բոլոր կողմերն էլ դժգոհ են իրերի ներկա վիճակից եւ միեւնույն ժամանակ լիովին տարբեր ձեւով են տեսնում ստեղծված իրադրությունից դուրս գալու ուղին: Ներկա փուլն ավելի շուտ կարելի է բնութագրել որպես ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության, ինչպես նաեւ Իրանի, Թուրքիայի եւ, միջնորդված ձեւով` Չինաստանի շահերի ժամանակավոր հավասարակշռության շրջան: Մեր դեպքում ստատուս-քվոն խաղում է ստաբիլիզատորի դեր, որի շարքից դուրս գալը (տվյալ համատեքստում` լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը) կարող է հանգեցնել մասշտաբային աշխարհաքաղաքական տեղաշարժի: Այն ընդունակ է փոխել ուժերի դասավորությունը Եվրասիայի ողջ տարածությունում` անկախ նրանից, թե ինչպիսին կլինի պատերազմի լոկալ արդյունքը:

Սերգեյ Սարգսյան - Հասարակություննները պահպանում են հույսը, թե ուժերի հավասարակշռությունը կփոխվի իր օգտին` խուսափելով ռազմական գործողություններից: Ուստի` ստատուս-քվոն ես հասկանում եմ մի քիչ ավելի լայն, քան Շահին Աբասովը, որպես ոչ միայն պատերազմի բացակայություն, այլեւ ուժերի մոտավոր հավասարակշռության պահպանում առկա ուրվագծերում, հավասարակշռություն զինված ուժերի, դրանց ուժային կառուցվածքի, տնտեսությունների, քաղաքացիական հասարակության վիճակի, իշխանական վերնախավերի նկատմամբ նրա վերաբերմունքի եւ այլնի հարաբերակցության առումով:

Զաֆար Գուլիեւ - Զրոյական տարբերակը, այն ինչ կար 1988 թ. առաջ, հազիվ թե հնարավոր է: Դա հասկանում է եւ պաշտոնական Բաքուն` հայտարարելով իր պատրաստակամության մասին` տալ ԼՂՀ-ին ամենաբարձր կարգավիճակ, որը մոտ է անկախությանը, բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Նմանապես, հազիվ թե հնարավոր է ԼՂՀ-ի 1988 թ. մաքսիմալիստական մոտեցումը Միացումի կամ պետական անկախության մասին: Լուծումը պետք է փնտրել այս երկու մոտեցումների միջեւ:

Արման Մելիքյան - 1988 թ. ոչ Ստեփանակերտում, ոչ Երեւանում  ԼՂԻՄ-ի պետական անկախության մասին խոսք անգամ չի եղել:1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը դիմեց Ադրբեջանի  ՍՀ-ի եւ Հայաստանի  ՍՀ-ի Գերագույն խորհրուրդներին` խնդրելով դիտարկել ԼՂԻՄ-ը Ադրբեջանի  ՍՀ-ի կազմից Հայաստանի  ՍՀ կազմ փոխանցելու հարցը: ԼՂՀ-ի պետական անկախությունը հայտարարվեց 1992 թ. հունվարի 6-ին, այսինքն, չորս տարի անց: Այնպես որ, անկախ պետականության կառուցման հարցն օրակարգում հայտնվեց միայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Միացումը անիրագործելի է  ՍՀՄ-ի փլուզման, նաեւ Ադրբեջանի  ՍՀ ղեկավարության դիրքորոշման պատճառով, որը լուծարեց ԼՂԻՄ-ը 1991-ի գարնանը:

Ազադ Իսազադե - Իրոք, բոլոր այս տարիների ընթացքում մենք պարբերաբար տեսնում ենք ինչ-որ «նորացումներ», որոնք սկզբունքային փոփոխություններ չեն բերում: Նորացում` հանուն նորացման: Այսպիսի նորացումներ կարող են կատարվել անվերջ: Նորից վերադառնում եմ իմ մտքին` ստատուս-քվոն ձեռք է տալիս բազմաթիվ դերակատարների: Բայց դա չի նշանակում, թե չկա սահման: Ցանկացած փոփոխություն` աշխարհաքաղաքական, սոցիալական, տարածաշրջանային, ներքաղաքական, կարող է նշանակել այդ սահմանը:

Մանվել Սարգսյան - Առաջ քաշված հարցը թվում է էլ ավելի հրատապ, եթե ուշադրություն դարձնենք հետեւյալ հանգամանքին: Ստատուս-քվոյի ներքին չափորոշիչների փոփոխությունը (ասենք, հակամարտության այս կամ այն կողմի պոտենցիալի փոփոխությունը) շատ արագ հանգեցնում է նոր արտաքին դիրքորոշումների առաջացմանը: Ահա օրինակներ. Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, հայ-ռուսական պայմանագրի նորացումը, միջազգային բանաձեւերի հայտնվելը, ԼՂՀ-ի անկախության ճանաչման խնդրի չափազանցված արծարծումը եւ այլն: Այսինքն, հակամարտության դաշտում (դրա լայն իմաստով) առաջ մղված ցանկացած «զինվոր» հարուցում է նոր արտաքին գործոններ, որոնք համադրվում են այդ զինվորի քայլին: Եւ անհրաժեշտ է լինում հաշվի առնել այդ բոլոր նոր չափորոշիչները:

Արման Մելիքյան - Կազանում ձախողումից հետո բանակցային գործընթացն աստիճանաբար կփոխակերպվի: Ըստ երեւույթին` էլ ավելի մեծ չափով կներգրավվի Եվրամիությունը: Ընդ որում` չեմ բացառում այդ ներգրավման որոշ ներքին հակասություններ, քանզի ԵՄ դիրքորոշումը կարող է լինել երկատված. Ռուսաստանի շահերի նկատմամբ, այդ թվում Հարավային Կովկասում, Գերմանիայի եւ Ֆրանսիայի համեմատաբար բարյացակամ վերաբերմունքը կարող է չներդաշնակել ավելի կոշտ բրիտանական մոտեցումներին, որոնք օժանդակվում են ԱՄՆ-ի կողմից: Ընդ որում` Ռուսաստանը կձգտի իր կողմը գրավել Բաքվին, իսկ արեւմտյան դիվանագետները կաշխատեն Հայաստանի վրա ռուսական ազդեցության մակարդակն իջեցնելու ուղղությամբ: Այսպիսով, ամենայն հավանականությամբ, հիմնական իրադարձությունները կծավալվեն Բաքվում եւ Երեւանում:

Ազադ Իսազադե - Թեեւ պաշտոնական Բաքուն ձգտում է իրեն որոշ չափով հեռու պահել NABUCCO նախագծից, Կասպից ծովում գազաարդյունահանման գործընթացում ֆրանսիացիների ակտիվացումը կարող է նշանակալիորեն արագացնել գազատարի անցկացումը: Այդժամ ղարաբաղյան խնդիրը կդառնա Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու լուրջ լծակ եւ Արեւմուտքի, եւ Ռուսաստանի կողմից: Նոր խողովակաշարը կանցնի 4 մերձճակատային շրջաններով: Հաշվի առնելով առաջատար տերությունների իրարամերժ շահերը` իրավիճակը վերջնականապես դուրս կգա Երեւանի եւ Բաքվի վերահսկողությունից:

Սերգեյ Սարգսյան - Ինչպես որ ես եմ հասկանում ստատուս-քվոն` թերեւս առավել ամբողջական ձեւով այն կարելի է բնորոշել որպես տարածքների վերահսկման առկա կոնֆիգուրացիայի պահպանում: Չկա՞ դիմակայության գծի փոփոխություն, ուրեմն մնացած ամեն ինչ (եւ բանակցային գործընթացը` այս կամ այն դինամիկայով եւ հաջողությամբ, եւ սպառազինության մրցավազքը, եւ միջազգային ճնշումը) ոչ մի արդյունք չեն տալիս եւ կարող են շարունակվել անվերջ: Այդ գործընթացներն ուղղված են սեփական լսարանին, դրանք որոշակի աշխարհաքաղաքական դիվիդենտներ են բերում, բայց փաստացի ոչինչ չեն փոխում բուն հակամարտության մեջ: Այսօր նախապատվելի է թվում մի կողմի դիրքը, վաղը ինչ-որ հանգամանքների բերումով իրավիճակը կարող է դառնալ հակառակը: Եւ այս  «ճոճանակը» կարող է շարունակվել տասնամյակներով:

Դիմակայության գծի փոփոխության փորձը կամ կհաջողվի, ուստի եւ կփոխվի ստատուս-քվոն, կամ չի հաջողվի: Այդ դեպքում իր նպատակին հասած կողմը կհայտնվի որոշակի բարենպաստ վիճակում, համաշխարհային հանրությունը ըմբռնողությամբ կվերաբերվի նոր, աննախադեպ լուծումներին:

Ասենք, Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը հերթական անհաջող պատերազմից հետո, եթե այն սկսի Ադրբեջանը, կգտնի համաշխարհային հանրության ըմբռնումը: Որպես հետեւանք, նոր պատերազմի դաշտերում հաղթանակի հասնելու սեփական ընդունակության նկատմամբ հակամարտության կողմերի անվստահության կամ անկարողության պայմաններում (իսկ սպառազինության ներկա միտումների եւ արագության դեպքում նոր պատերազմի նախաձեռնող գործնականում կարող է լինել միայն Ադրբեջանը), բանակցային գործընթացը կշարունակվի: Նոր միջնորդներ, օրինակ, ԵՄ-ը, պետք են իրավիճակի կոսմետիկ նորացման համար, որպես բեմի նոր ձեւավորում, որտեղ հին պիեսը նոր տեսք կունենա: Բայց երկարաժամկետ հեռանկարում, որի ժամկետները կախված են մեծ թվով` ըստ էության ոչ միարժեք գործոններից, կարծում եմ, ամեն դեպքում կլինի վիճակը ռազմական գործողությունների միջոցով նորացնելու փորձ:

Արման Մելիքյան - Իրենց փիլիսոփայական-աշխարհայացքային չափանիշներով մեր եւ ձեր իշխող վերնախավերը ժամկետանց մտածողություն ունեն, եւ այդ իմաստով նրանց ավելի մոտ է եւ հասկանալի այսօրվա Ռուսաստանը: Այդպիսի մտածողության համար անպատվաբեր չէ ստելը, գողանալը, հասարակական կյանքը բարոյապես օրինականացված կոռուպցիայի վրա կառուցելը: Առայժմ մեր վերնախավերի այդ հատկությունների պատճառով Արեւմուտքը չի լարվում: Հավանաբար այսօր հենց որակապես միանման վերնախավերի աշխահաքաղաքական տարուղղվածությունն է համարվում ընդունելի, քանի որ նպաստում է բարձր լարվածության պահպանմանը տարածաշրջանում: Այսինքն, առայժմ պետք է հակամարտությունն ինքը, այլ ոչ թե որակապես այլ վերնախավեր: Վրացական սցենարը երկնքից չընկավ, այլ կարեւոր բաղադրիչն էր Հարավային Կովկասում ռուսական ազդեցության դոզավորված նվազեցման սցենարի, որը չպետք է տեղի ունենար մեր հակամարտության` տարածաշրջանը արգելափակող բնութագրիչների հաշվին: Այսօր Հարավային Կովկասը ոչ մեկի համար թափանցիկ չէ:

Զաֆար Գուլիեւ - Ղարաբաղյան խնդիրը մասամբ կորցրել է ճնշման արդյունավետ եւ բավական զգայուն լծակի դերն` առնվազն Ադրբեջանի նկատմամբ: Այդուհանդերձ, հակամարտության պրեսինգային պոտենցիալը դեռեւս բարձր է եւ հավանաբար կօգտագործվի եւ բանակցային գործընթացում, եւ այլ հարցերի հետ զուգակցված (հայ-թուրքական հարաբերություններ, Իրանի խնդիր, գազային ճակատամարտեր եւ այլն): Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի հեռանկարին եւ ղարաբաղյան խնդրի կարեւորության գործոնին, ապա ենթադրում եմ, որ այդ ոլորտում առաջիկա տարում հազիվ թե կարելի է ակնկալել հատուկ ակտիվություն եւ նորացումներ: Հնարավորությունների պատուհանը անխախտորեն  նեղանում է. շուտով սպասվում են ընտրական գործընթացներ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հայաստանում: Բացի այդ, մերձավոր տարածաշրջանում կատարվող դինամիկ եւ հետաքրքրություն գրգռող գործընթացները (արաբական գարունը, իսրայելաթուրքական անհաշտությունը, NABUCCO-ն եւ այլն) մասամբ զրկում են ղարաբաղյան թեմատիկան հրատապությունից: Ժամանակ է պետք հակամարտությունը նոր պայմաններին հարմարեցնելու եւ բանակցություններին նոր ազդակ հաղորդելու համար:

Սերգեյ Սարգսյան - Դիմակայության գիծը կայունացել է, ստատուս-քվոն պահպանվում է, սպառազինության մրցավազքը չի հասել զենքի կիրառության մասին որոշում ընդունելուն. ելնելով զուտ ռազմական ռազմավարական հաշվարկներից` լայնամասշտաբ բարձր ինտենսիվությամբ ռազմական գործողությունների արդյունքը ակնհայտ չէ եւ ռազմական, եւ քաղաքական, եւ սոցիալ-տնտեսական առումով:

«Լծակը» կորցրել է իր արդյունավետությունը: Բացի այդ, այս ընթացքում տարածաշրջանի պետությունների, հարեւան եւ արտատարածաշրջանային պետությունների եւ ուժի կենտրոնների միջեւ ի հայտ են եկել, ձեւավորվել եւ ամրապնդվել են նոր կապեր: Գոյացել են կայուն եւ ոչ այնքան կայուն, հստակ եւ ամորֆ քաղաքական եւ ռազմաքաղաքական կոնֆիգուրացիաներ: Դրանց շրջանակներում առաջ են եկել մեր երկրների վրա ճնշման նոր լծակներ. սովորական միջազգային պրակտիկա է, ոչ ավելի:

Ահա այս համատեքստում էլ առաջացավ հակամարտության կոսերվացման հնարավորության մասին հարցը, որպեսզի այն չմնա անորոշության գործոն եւ չխանգարի ուրիշ լծակների աշխատանքին: Բայց կոնսերվացումը ենթադրում է, որ հակամարտության մեջ ներքաշված կողմերը պարտավորվում են հետաձգել լուծումը` միակողմանի կամ համատեղ կարգով չկատարելով հակամարտության շուրջը ստեղծված իրավիճակի արմատական փոփոխության փորձեր: 

Այստեղ Մադրիդյան սկզբունքները` եւ հին եւ նորացված, տեղին չեն որպես օրինակ. առաջին` դրանցով ապագային է թողնվում հակամարտության միայն մեկ ասպեկտը, եւ երկրորդ` միայն իրադրության մեջ այնպիսի արմատական փոփոխություններ մտցնելուց հետո, որոնք գործնականում բավարարում են հակամարտության կողմերից մեկի առաջ քաշած բոլոր պայմանները: Կարճ ասած` Մադրիդյան սկզբունքները հայկական կողմերին կապիտուլացման առաջարկ են:

Հակամարտությունը կդառնա հիմնական լծակ, որը կծածկի մնացած բոլոր լծակները միայն այն դեպքում, եթե կտրուկ աճի ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Թվում է, թե Արեւմուտքը Հարավային Կովկասից ուզում է. առաջին` «ոչ պատերազմի» իրադրություն, որը բավարար է Ադրբեջանից ածխաջրերի առաքման եւ Միջին Ասիայից ածխաջրերի տարանցման համար: Երկրորդ` տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի չուժեղացումը: Եւ հենց այս հերթականությամբ:

Աշխարհաքաղաքական գործընթացները Հարավային Կովկասի շուրջ եւ դրանց ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության վրա

Ազադ Իսազադե - Անշուշտ, Հարավային Կովկասի շուրջը տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը բավական լուրջ փոփոխությունների է ենթարկվում: Կսկսեմ Թուրքիայից: Օսմանյան կայսրության փլուզումից հետո ավանդաբար լարված հարաբերությունները արաբական երկրների (նախկին գաղութների) եւ Թուրքիայի (նախկին մետրոպոլիայի) միջեւ որոշում էին Անկարայի արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում եւ առաջին հերթին` Թուրքիայի եւ Իսրայելի դաշնակցային հարաբերությունները: Իմիջիայլոց Ադրբեջանը եւս, անկախություն ստանալով, ինչ-որ չափով միացավ այդ միությանը: Եւ միայն Իրանի կոշտ հակաիսրայելյան դիրքորոշումը թույլ չէր տալիս մեզ` շատ ցուցադրել այդ միությունը: Թուրքիայի ներկա իշխանության հեռացումը Աթաթուրքի պատգամներից դեպի ազատական իսլամ, թույլ տվեց Թուրքիային առաջնորդի դեր ստանձնել ոչ միայն տարածաշրջանում, այլեւ, որոշակի իմաստով, իսլամական աշխարհում (իմիջիայլոց, Իրանը որքան էլ ջանաց, չկարողացավ գրավել այդ դիրքը): Վերջին տարիներին մենք տեսնում ենք, թե ինչպես արաբական աշխարհում կատարվող բողոքի գործողություներում հաճախ օգտագործվում է թուրքական դրոշը: Նման բան չի եղել ողջ 20-րդ դարի ընթացքում: Դժվար է պատկերացնել ցույցեր Թբիլիսիում, Բաքվում կամ Երեւանում` ծածանվող ռուսական դրոշով: Էրդողանի ուղեւորությունը արաբական մայրաքաղաքներ եւ Իսրայելի հետ ռազմական համագործակցության խզումը նշանակալի իրադարձություններ են տարածաշրջանում Թուրքիայի դիրքի փոփոխման առումով: Եւ անկախ նրանից, թե ինչ դիրք կգրավի պաշտոնական Բաքուն, կենտրոնաձիգ ուժերը կմղեն Ադրբեջանը նոր տարածաշրջանային կենտրոնի կողմը:

Սեգեյ Սարգսյան - Ելնելով Ռուսաստանի արտաքին քաղաքական եւ տնտեսական գծի ձեւավորմանը մասնակցող վերլուծաբանների հետ անձնական շփումներից` կարող եմ եզրակացնել, որ Մոսկվան հրաշալի պատկերացնում է Անկարայի ինքնուրույն մանեւրելու դրդապատճառները, մարտավարությունը եւ սահմանները: Վաղ թե ուշ նրանց բախումը, փոխզիջման շատ փոքր պաշարով, տեղի կունենա: Ռուսաստանը ընդունել է խաղի կանոնները, բայց շարունակում է կոշտ ձեւով առաջ մղել սեփական շահերը:

Կարծում եմ, որ արեւելյան սիրալիրությունների երկարատեւ շրջանից հետո, ճնշումը Անկարայի վրա արդեն սկսվել է (հայտարարությունը Սամսուն-Ջեյհան նավթատարի աննպատակահարմարության մասին, որին մասնակցում էր Մոսկվան, քողարկված նախազգուշացումը վտանգի մասին, եթե Անկարան կրկնի հարվածային ուղղաթիռի տենդերի արդյունքի հետ կապված հին հնարքը (այն ժամանակ Մոսկվան անգամ անունն էր հարմարեցրել պատվիրատուին` Էրդողան) ՀՕՊ համալիրի տենդերի մեջ, որտեղ Ռուսաստանը մասնակցում է իր C-300 ցուցանմուշով եւ այլն):

Շահին Աբասով - Անկեղծ ասած` վերջերս Ադրբեջանի քաղաքականության մեջ ես առանձնակի շրջադարձ դեպի Ռուսաստանը չեմ տեսնում: Մինչեւ Կազանյան հանդիպումը Բաքուն իսկապես հույսեր էր կապում Մեդվեդեւի միջնորդության հետ (հավանաբար, հիմքեր կային), բայց տապալումից հետո Բաքվի տոնը խստացավ: Իսկ մինչ այդ, կառավարությունը միշտ իրականացնում էր համեմատաբար հավասարակշռված քաղաքականություն` Ռուսաստանի շահերի հետ հաշվի նստելու որոշակի հակվածությամբ:

Արման Մելիքյան - Չեմ կարծում, թե ռուս-թուրքական հարաբերությունները կարելի է համարել գործընկերային: Թուրքիան հիմա իր նյութապես շահավետ աշխարհաքաղաքական դերի որոնումների մեջ է, քանի որ հինը` ՆԱՏՕ-ի առաջ քաշված հարավային թեւի դերը, որը դիմակայում էր  ՍՀՄ-ին եւ Վարշավայի պայմանագրի նրա դաշնակիցներին, այլեւս կորցրել է իմաստը, իսկ Եվրամիություն մտնելու հեռանկարը զրոյական է: Թուրքիայի եւ Ռուսաստանի բարեկամությունը ոչ միայն մեծացնում է նրանց համատեղ պոտենցիալը Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում, այլեւ հղի է թուրքական ազդեցության աճով Ռուսաստանի սեփական տարածքում, ինչը հազիվ թե ուրախացնի Մոսկվային: Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը դատապարտված էր անհաջողության նաեւ այդ պատճառով: Թուրքիայի ձգտումները հյուսիսային եւ արեւելյան ուղղություններով կզսպվեն, իսկ երբեմն էլ կտրուկ ձեւով կկանխվեն Ռուսաստանի կամ ռուս-իրանական տանդեմի կողմից: Արաբական ուղղությամբ տիրապետության համար պայքար կծավալվի Թուրքիայի, Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ, որն իր հերթին կնպաստի ապաինտեգրմանը եւ անկմանը Մահրիբից մինչեւ Կենտրոնական Ասիա ընկած ողջ տարածքում: Այս համատեքստում, Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է դառնալ գլոբալ բնույթ ունեցող ֆորսմաժորային հանգամանքների հետեւանք:

Ազադ Իսազադե - Հաշվի առնելով այն, որ ադրբեջանառուսական հարաբերություններն իսկապես հաճախ «ճոճանակ» են հիշեցնում, դժվար է գնահատել` դրանք ջերմացե՞լ են, թե՞ սառել: Վերջին 2-3 տարիների ընթացքում, մինչեւ Կազանը, այդ հարաբերությունները կարելի էր գնահատել իբրեւ ջերմացում: Չպետք է մոռանալ, որ երկու երկրների ղեկավարները նույնիսկ հոգեբանորեն հարմար են միմյանց համար: Եթե նախկինում Ելցին - Էլչիբեյ, Ելցին - Հ.Ալիեւ երկխոսությունները կրում էին ձեւական բնույթ կամ ընդհանրապես բացակայում էին, ապա Ի. Ալիեւ-Վ.Պուտին եւ Ի. Ալիեւ- Դ.Մեդվեդեւ երկխոսությունները կրում են ավելի ջերմ եւ անկեղծ բնույթ: Բացի այդ, Ռուսաստանն, ի տարբերություն Արեւմուտքի, առաջ չի քաշում ժողովրդավարացման եւ մարդու իրավունքների հարցերը: Կազանից հետո առաջ եկավ ավելի շուտ հուզական սառնություն: Շատ հնարավոր է, որ այն ժամանակավոր է` հաշվի առնելով Արեւմուտքի հարաճուն ճնշումը մարդու իրավունքների խախտման եւ այլ հարցերի առնչությամբ:

Շահին Աբասով - Համաձայն եմ Ազադ Իսազադեի հետ: Ակնհայտ է, եւ վերջերս Wikileaks-ի հրապարակած նյութերը հաստատում են դա. Ալիեւի եւ Մեդվեդեւի հարաբերություններն ավելի լավ են, քան Ալիեւի եւ Պուտինի միջեւ: Բացի այդ, շատ հաճախ տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանի կառավարությունը, դարձյալ Ադրբեջանի նկատմամբ Պուտինի եւ Մեդվեդեւի տարբեր վերաբերմունքի պատճառով, չունի միասնական քաղաքականություն Բաքվի նկատմամբ: Ուստի` փոխհարաբերությունների հետագա զարգացումը եւս ինչ-որ չափով կախված կլինի նրանից, թե 2012-ին ո՞վ կդառնա ՌԴ նախագահ:

Արման Մելիքյան - Այսօր Ռուսաստանում ակտիվորեն պրոպագանդվում է եվրասիականության փիլիսոփայական հայեցակարգը, որի հիմքային էթնիկական կրողները պետք է լինեն ռուս եւ թուրքական ժողովուրդները: Որոշ ամերիկյան փորձագետներ Ռուսաստանում եվրասիականության շարժման առաջնորդ համարում են Վլադիմիր Պուտինին, որը շատերի համոզմամբ կդառնա Ռուսաստանի հաջորդ նախագահը: Հավանաբար նախկին  ՍՀՄ-ի բոլոր թուրքական ժողովուրդները եւ ոչ վերջին հերթին` Ադրբեջանը, կներգրավվեն` իրականացնելու եվրասիականության նախագիծը: Քանի որ այստեղ հազիվ թե ենթադրվում է Թուրքիայի մասնակցությունը, ապա կգա պահը, երբ Ադրբեջանը կկանգնի ընտրության առաջ. ո՞ւմ հետ եւ ո՞ւմ դեմ բարեկամություն անել: Մեկ-երկու տարի հետո այդ ընտրությունը կարող է լինել ծայրահեղորեն դժվարին: 

Սերգեյ Սարգսյան - Այն, որ Մոսկվային պետք է եւ Երեւանը, եւ Բաքուն, նրա համար անցանկալի է դարձնում ռազմական գործողությունների վերսկսումը. անկախ դրանց վերջնական արդյունքներից` նրա դիրքերը, առնվազն այդ երկու երկրներից մեկում, խիստ կսասանվեն:

Պարտադիր չէ, որ Ռուսաստանի դիրքերը թուլանան Ադրբեջանում, թեեւ մեզ մոտ տեղակայված է ՌԴ-ի 102-րդ ռազմակայանը: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանին անպատճառ կմեղադրեն.

1. Հայաստանին ուղղակի ռազմական օժանդակություն ցուցաբերելու համար. ռազմական գործողությունների պլանավորմանը, նախապատրաստմանը եւ վարելուն ՌԴ-ի զինծառայողների մասնակցության համար - Ադրբեջանի կողմից եւ ցանկացած ադրբեջանամետ տրամադրվածություն ունեցող դիրքերից (կազմակերպություններ, կուսակցություններ, պետություններ, ԶԼՄ):

2. Հայաստանին պատշաճ, ակնկալվող եւ հնարավոր օգնություն չցուցաբերելու համար: ա) Դիմակայության գծի ցանկացած փոփոխության դեպքում հօգուտ Ադրբեջանի -  բոլոր մակարդակներում` Հայաստանում, Ղարաբաղում եւ սփյուռքում, բ) Դիմակայության գծի պահպանման դեպքում, դիմակայության գծի աննշան փոփոխության դեպքում հօգուտ Ղարաբաղի եւ/կամ Հայաստանի, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ, Ղարաբաղի պաշտպանության բանակի թվակազմի, քաղաքացիական բնակչության եւ ռազմական տեխնիկայի մեծ կորուստների դեպքում  -  պաշտոնական շրջանակների մի մասի, գործնականում` ողջ ընդդիմության, Հայաստանի բնակչության լայն շերտերի կողմից:

Ռուսաստանը կխուսափի կողմերից որեւէ մեկի մեղադրանքից այն դեպքում, եթե

ա) ադրբեջանական բանակը հասնի ՀՀ պետական սահմանին -  Ադրբեջանում, բ) հակահարձակման անցած հայկական ուժերի կողմից նշանակալի տարածքներ գրավելու դեպքում  -  Հայաստանում:

Սակայն ամենահետաքրքրականը կսկսվի հետո, եթե կողմերից որեւէ մեկը ամրապնդի սեփական հաջողությունը.

- Ռուսաստանից կպահանջեն ճանաչել ԼՂՀ-ն` Աբխազիայի եւ Հարավային Օսայի նման, միաժամանակ, մյուս կողմից կպահանջեն չճանաչել ԼՂՀ-ն,

- կամ էլ նրանից կպահանջեն վերականգնել նախապատերազմյան վիճակը (շատ թե քիչ նման ներկա ստատուս-քվոյին):

Ռազմական գործողությունների ընթացքից եւ արդյունքներից կախված Մոսկվան խնդիրներ կունենա կամ Հայաստանից 102-րդ ռազմակայանը հանելու կամ էլ Գաբալայի կայանից հեռանալու, Կասպից ծովում բազմակողմ համագործակցությունը դադարեցնելու եւ այլնի հետ:

Ազադ Իսազադե - Ղարաբաղն ունի ազդեցություն Անկարայի քաղաքականության վրա, բայց այդպիսի գործոնների թվում բնավ առաջինը չէ: Բաքվում նույնիսկ պարբերաբար անհանգստանում են, թե Թուրքիան կարող է զոհաբերել Ղարաբաղը հանուն սեփական ինչ-ինչ շահերի (ասենք` ԵՄ-ի անդամությունը, ցեղասպանության հարցը եւ այլն): Երբեմն հարցն այնպիսի սրություն է ստանում, որ Էրդողանը պարբերաբար ազդարարում է Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման անփոփոխ մնալու մասին:

Սերգեյ Սարգսյան - Եւ իրոք, իրականում հենց Թուրքիան է, որ առանձնապես չի ձգտում ինչ-որ բան փոխել ԼՂՀ-ի ստատուս-քվոյում: Նրա համար հակամարտության կոնսերվացումը լավագույն տարբերակն է: Անկարայում համարում են, որ ժամանակն աշխատում է ոչ Ղարաբաղի (Հայաստանի) օգտին եւ պատրաստ են սպասել ԼՂՀ  հարցի` Ադրբեջանի օգտին լուծմանը Ադրբեջանի ցանկացած իշխանության (նախագահի) օրոք; Բայց Ադրբեջանի ներկա իշխանությունները եւ անձամբ Ի. Ալիեւը չեն կարող երկար սպասել: Ավելի ճիշտ, անկարող է անվերջ հետաձգել հակամարտության լուծումը: Ղարաբաղյան հակամարտությունը, նավթի բարձր գները, բնակչության գրպանից սպառազինության համար ծախսվող վիթխարի գումարները ամեն պահ պայթելու պատրաստ մի ռումբ է: Այլ հարց է, թե ով կպայթեցնի այն:

Իմ կարծիքով, գործող ստատուս-քվոն ձեռնտու է բոլորին, նույնիսկ Ադրբեջանին:

Արման Մելիքյան - Ղարաբաղյան հակամարտության համատեքստում միանգամայն առանձնահատուկ է Իրանի դիրքորոշումը: Ի տարբերություն Ռուսաստանի կամ Թուրքիայի, Իրանն այսօր ԼՂՀ-ի հետ ունի սահմանի բավական մեծ հատված եւ այդ գոտում իրականացնում է մասշտաբային շինարարական նախագծեր (մասնավորապես` հիդրոտեխնիկական): Իմ կարծիքով, ներկա պահին գործող ստատուս-քվոն պարունակում է Իրանի համար խիստ կարեւոր տարրեր. մասնավորապես` այդպիսի տարր է հակամարտության գոտում արտասահմանյան խաղաղարար ստորաբաժանումների բացակայությունը: Քանի որ տեսականորեն ենթադրվում էր նման ուժերի տեղակայումը ԼՂՀ-ի տարածքում, ապա ըստ այդմ` Իրանի համար հատկապես կարեւոր է ԼՂՀ-ի իշխանությունների դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ:

Ազադ Իսազադե - Իրական լուծման փորձեր կլինեն միայն այն դեպքում, երբ ղարաբաղյան հակամարտությունը չլուծելու պատճառով առաջանա սպառնալիք բուն իշխանությանը: Իմ կարծիքով, այսօր ոչ պաշտոնական Բաքուն, ոչ պաշտոնական Երեւանը չունեն նման շարժառիթներով պայմանավորված շահագրգռվածություն: Ինչ վերաբերում է Իրանին, ապա չպետք է մոռանալ, որ Հարավային Կովկասի սահմանների հարեւանությամբ գտնվող գավառները բնակեցված են էթնիկ ադրբեջանցիներով, եւ այնտեղ չի հանգչում ազգային ազատագրական շարժումը: 20-րդ դարում երեք մեծ հեղափոխություններ (այդ թվում` վերջին իսլամական հեղափոխությունը 1970-ականներին) սկսվել են հյուսիսային գավառներում: Իսկ ինչքան են եղել ավելի փոքր մասշտաբի, բայց բավական լուրջ զանգվածային ելույթներ, բողոքի գործողություններ, ուսանողական խռովություններ: Վերջին քսան տարվա բոլոր ելույթներում Իրանը տեսնում է «Բաքվի ձեռքը»` նրան համարելով դրանց հիմնական հովանավորը: Ներկա ստատուս-քվոն Իրանին եւս թույլ է տալիս որոշակիորեն ազդել իրադրության վրա:

Զաֆար Գուլիեւ - Համաձայն չեմ ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ Թուրքիայի շահագրգռված չլինելու կամ այդ խնդիրը հանուն սեփական շահերի զոհաբերելու հնարավորության մասին դրույթին: Ոչ միայն գործընկերության, ավանդական ռազմավարական եւ էթնոմշակութային կապերը, այլեւ պրագմատիկ շահերն Անկարային թելադրում են ճիշտ հակառակը, ինչն էլ նա ցուցադրել է` այսքան տարի փակի տակ պահելով սահմանը, ինչպես նաեւ հայ թուրքական երկխոսության ընթացքում որպես կարեւոր պայման առաջ քաշելով ղարաբաղյան կարգավորման հարցը: Կառավարող դեմքերը, նույնիսկ բռնատիրական  երկրներում, այդքան էլ ամենակարող չեն աշխարհաքաղաքական կուրսի արմատական վերանայման հարցերում: Բաքվի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները եւ ավելի վեր են, եւ ավելի խորը փոփոխական քաղաքական կոնյունկտուրայից եւ առանձին քաղաքական գործիչների քմահաճույքներից: Այդ երկրները եւ ժողովուրդները պարզապես դատապարտված են ռազմավարական գործընկերության:

Ըստ էության բանակցային գործընթացը վերջին տարիներին հանգեցվել է պարզունակ առեւտրի. ի՞նչ կարող է կամ պետք է առաջարկի Ադրբեջանն ի պատասխան Հայաստանի կողմից գրավված տարածքների փուլ առ փուլ ազատագրմանը: Մինչդեռ «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձեւը շատ նման է տարրական շանտաժի: Չէ՞ որ ի սկզբանե այդ տարածքները զավթվել էին (Ռուսաստանի ակտիվ օժանդակությամբ) բնավ էլ ոչ ինչ-որ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, այլ որպես հզոր լծակ` Ադրբեջանի վրա հետագա ճնշում գործադրելու եւ նրան զիջումների մղելու համար: Բայց իրավիճակի բարդությունն այն է, որ հակամարտությունը խորապես աշխարհաքաղաքականացվել է, եւ առեւտուրը կատարվում է բնավ ոչ հակամարտ կողմերի միջեւ (թեեւ ձեւականորեն այդպես թվում է), այլ շահագրգռված եւ գործընթացի մեջ ներքաշված առաջատար խաղացողների (ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան) մակարդակում: Ընդ որում` հաճախ Ղարաբաղն այդ առեւտրում բոլորովին էլ գլխավոր ապրանքը չէ, այլ ավելի շուտ` լրացնող, օժանդակ մի բան: Ուստի եւ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարն այսօր բավական մշուշոտ է:

Սերգեյ Սարգսյան - Զաֆար, իսկ եթե նայենք մյուս կողմի՞ց: Հայելային պատկերը հետեւյալն է. ի՞նչ կարող է կամ պետք է առաջարկի Հայաստանն  ի պատասխան հայտնի չէ, թե ինչի Ադրբեջանի կողմից: Մինչդեռ  «կարգավիճակ` տարածքների դիմաց» բանաձեւը շատ նման է տարրական շանտաժի; Նույնպես վատ չի հնչում, ճի՞շտ է:

Իսկ գուցե ամեն բան միայն թվո՞ւմ է առեւտուր: Հավատացեք, ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը առեւտուր անելու եւ տարածքները ստատուսի հետ փոխելու ցանկություն չունեն: Այստեղ շատ լավ հասկանում են, որ տարածքների ցանկացած զիջում նշանակում է ոչ երկար ժամանակով հետաձգված պատերազմ, ընդ որում` արդեն առավել աննպաստ դիրքերից: Եթե Ադրբեջանը համարում է, որ ժամանակն աշխատում է իր օգտին, հայկական կողմերը համարում են ճիշտ հակառակը:

Եւ «անվտանգության գոտին» առաջ է եկել ոչ որպես գոտի եւ ոչ էլ ապագա առեւտրի առարկա, այլ որպես ուժերի հավասարակշռության առավել քիչ ջանքեր պահանջող կոնֆիգուրացիա, առաջին հերթին` ռազմատեխնիկական առումով: Եւ եթե հանկարծ հակամարտությունը նորից վերադառնա «տաք» փուլ, թվում է, թե հայկական կողմերին կառաջադրվի խնդիր` շարժվել դեպի ադրբեջանական ԶՈՒ-ի պաշտպանության խորքը բոլորովին էլ ոչ նրա համար, որպեսզի ստեղծվի «Անվտանգության գոտի - 2» կամ ապահովվի եւս մեկ «ապրանք» էլ ավելի հեռավոր ապագայում առեւտրի համար:

շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter