HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղյան ստատուս-քվոն 2011-ի աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին. ստատուս-քվոն (չ)պահպանելու դրդապատճառները (մաս 2)

Կազանից հետո, Լիբիայի ու արաբական այլ երկրների ֆոնին, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հայաստանում ընտրական գործընթացների շեմին... Սրանք ղարաբաղյան գործընթացը հենց այս պահին բնութագրող հանգամանքներն են, եթե մի կողմ թողնենք այն ամենը, ինչ ավանդաբար բնորոշում է հակամարտությունն ու ղարաբաղյան գործընթացը:

Ի՞նչ է հիմա տեղի ունենում ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ, եւ զարգացման ի՞նչ տարբերակներ կան. կլինեն հին առաջարկների նոր վերամշակումնե՞ր, կլինի խզո՞ւմ, թե՞ հակամարտությունը կկոնսերվացվի ի վերջո: Ներքին եւ արտաքին ի՞նչ հանգամանքներ կարող են դրդել հայկական եւ ադրբեջանական կողմերին փոխելու, կամ հակառակը` ամեն գնով պահելու ներկայիս ստատուս քվոն: Ո՞վ հիմա ժամանակ ունի զբաղվելու ղարաբաղյան կարգավորմամբ: Եվ դա լա՞վ է, թե՞ վատ` հայկական, ադրբեջանական կողմերի համար:

Հայ եւ ադրբեջանցի վերլուծաբանները «Կովկասի լրագրողների ցանցում» օրերս քննարկում էին այս եւ ածանցյալ այլ խնդիրներ: Հայաստանից մասնակցում էին ՌԱՀԿԿ տնօրեն Մանվել Սարգսյանը, «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Սարգսյանը, «Փախստականներ եւ միջազգային իրավունք» կազմակերպության քաղաքական խորհրդական Արման Մելիքյանը: Ադրբեջանից քննարկմանը մասնակցում էին «Թուրան» գործակալության Վերլուծական բաժնի պետ Զաֆար Գուլիեւը, ռազմական հոգեբան Ազադ Իսազադեն` Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտից, եւ «Eurasianet» կայքի վերլուծաբան Շահին Աբասովը: Ինտերնետ-կոնֆերանսի նյութերի առավել հետաքրքիր հատվածները ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը ստորեւ:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն     

Սկիզբ

Ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն պահպանելու/ փոխելու ներքին եւ արտաքին դրդապատճառները

Ազադ Իսազադե - Հնարավոր է, որ ժողովրդավարության մակարդակը դառնա գործոն հակամարտության լուծման համար, բայց միայն փոխզիջումային, երկու կողմերի համար համեմատաբար արդարացի լուծման դեպքում: Ցանկացած պետության ղեկավար, որը դիմում է նման քայլի, հասկանում է, որ դրանից հետո  իր վարկանիշը բավական լուրջ անկում կունենա: Նման ռիսկի կարող է դիմել կամ խիստ վճռական բռնակալը կամ լեգիտիմության բարձր աստիճան ունեցող մարդը: Ամեն բռնակալ չէ, որ կդիմի նման քայլի, որովհետեւ կվախենա ոչ թե բնակչության բողոքից, որը նա հանգիստ կճնշի, այլ չի ուզենա պատմության մեջ մնալ (իսկ նրանք բոլորը նման հույս ունեն) որպես «պարտվողական» համաձայնություն ստորագրած դավաճան: Ավելի բարդ է լեգիտիմ ժողովրդավարի դեպքը, քանի որ հեղինակության եւ վարկանիշի անկումն անխուսափելի է, իսկ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի սրացման: Որպես օրինակ կարելի է հիշել Շառլ դը Գոլին ալժիրյան ճգնաժամի ժամանակ:

Չնայած նրան, որ Ալժիրը գաղութ էր, այլ ոչ թե ներքին տարածք, Ֆրանսիայի նախագահը (ազգի հայրը, ազատարար գեներալը) դժվարությամբ պահեց իրավիճակը վերահսկողության տակ: Ըստ իս` լուծման վրա ազդեցություն թողնելու համար ժողովրդավարության մակարդակը պետք է լինի կամ շատ ցածր, կամ շատ բարձր: Այսօրվա դրությամբ, մեր երկրներում չկան վճռական բռնակալի եւ առավել եւս` դը Գոլի դերի թեկնածուներ:

Մանվել Սարգսյան - Դիտարկենք Ադրբեջանը.  ՍՀՄ-ի փլուզման արդյունքներով այս երկիրը դե ֆակտո ձեւավորվեց մի տարածքի վրա, որը նրան չի բավարարում: Նա ցանկություն ունի ընդլայնել սեփական տարածքը մինչեւ նախկին Ադրբեջանի  ՍՀ-ի սահմանները: Արդեն 17 տարի միջազգային հանրությունը Ադրբեջանի համար պահպանում է նման հավակնություններ առաջադրելու իրավաբանական իրավունքը: Սակայն Ադրբեջանի առաջ դրվում է պայման. սեփական ցանկությունների իրականացմանը հասնել Հայաստանի հետ բանակցությունների ճանապարհով, հասնել համաձայնության վերջինիս հետ փոխզիջման ճանապարհով: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Ադրբեջանի առաջ դրված միջազգային պայմաններն ի սկզբանե զրկում են նրան սեփական իրավունքներն իրականացնելու հնարավորությունից: Ադրբեջանին ի՞նչ է մնում անել: Միայն մի բան. ձգտել պահպանել իրավաբանական իրավունքը 1994 թ. կորցրած տարածքի նկատմամբ: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը Հայաստանի հետ կնքի համաձայնություն, որի արդյունքում պետք է հրաժարվի իր իրավունքների մի մասից հօգուտ Հայաստանի եւ ԼՂՀ-ի: Դա ի՞նչ է տալիս Ադրբեջանին նրա հիմնարար ցանկությունների տեսանկյունից: Կարծում եմ` ոչինչ, եւ ընդհակառակը, նրան ստիպում է ճշգրտել սկզբնական ցանկությունը:

Դատելով ըստ պաշտոնական Բաքվի կողմից իրականացվող քաղաքականության` նա չունի իր իրավունքները բաժանելու /կիսելու/ ցանկություն: Տարօրինակ կլիներ, եթե նման ցանկություն լիներ: Ուստի` խոսելով կարգավորման թեմայի շուրջ, անհրաժեշտ է ճշտել, թե խոսքն ինչի մասին է յուրաքանչյուր շահագրգիռ ատյանի տեսանկյունից:

Հայաստանին ինչո՞ւ է անհրաժեշտ հարթել հակամարտ հարաբերությունները Ադրբեջանի հետ: Տեսականորեն դա ձեռնտու է Հայաստանին. լուծվում է անվտանգության հարցը, հաստատվում նորմալ բարիդրացիական հարաբերություններ, մեծանում է արտաքին ուժերից անկախության աստիճանը: Բայց Ադրբեջանի հետ հակամարտությունը հարթելու ճանապարհին ընկած է Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու պայմանը` դարձյալ փոխզիջման ճանապարհով: Քանի որ Հայաստանը մտադիր չէ Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին, ապա վերջինիս հետ համաձայնության հասնելու պայմանները Հայաստանի համար ոչ մի արժեք չունեն: Եւ պարզ է դառնում որ առաջարկվող պայմաններով հակամարտությունը հարթելու համար Հայաստանը չի կարող ունենալ եւ ոչ մի դրդապատճառ:

Արման Մելիքյան - Ապագաղութացման գործընթացը ձեռնտու էր գաղութային տերություններին, քանի որ նրանց ուսերից թոթափեց նախկին գաղութների ժողովուրդների նկատմամբ ունեցած մի շարք ծախսատար եւ տհաճ պարտականություններ, ինչպիսիք էին իրավակարգի պահպանումը, ֆինանսները, պաշհպանությունը եւ այլն: Փոխարենը, պահպանվեց նախկին գաղութների տնտեսական կախվածությունը մետրոպոլիայից: Այնպես որ Շառլ դը Գոլը չսխալվեց: Ինչ վերաբերում է փոխհամաձայնությանը մեր դեպքում եւ կողմերի համար ընդհանուր ցանկությանը` հոժարաբար լուծելու հակամարտությունը, ապա այստեղ իսկապես որ պետք է ունենալ որակապես տարբեր վերնախավեր, որոնք կկարողանան գտնել ավելի ձեռնտու մի բան, քան հակամարտությունն է:

Զաֆար Գուլիեւ - Կողմերի մոտ հակամարտության խաղաղ կարգավորման իրական դրդապատճառի բացակայությունն անխուսափելիորեն կուժեղացնի խնդրի ռազմական լուծման դրդապատճառը Ադրբեջանի հասարակության մեջ: Եթե առաջ պատերազմը մղվում էր ԼՂԻՄ-ի համար, ապա այժմ ԼՂԻՄ-ի խնդիրը մղվել է երկրորդ պլան: Ադրբեջանի համար ավելի նախապատվելի է դարձել ԼՂԻՄ-ի շուրջն ընկած հողերը հետ գրավելը: Ինչպիսի վերնախավ էլ իշխի Բաքվում եւ ինչպիսի ռեժիմ էլ հաստատվի, այդ հողերը ցանկացած գնով վերադարձնելու դրդապատճառը միայն կուժեղանա, եւ Հայաստանը պետք է հաշվի առնի այդ գործոնը:

Սերգեյ Սարգսյան - Մինչեւ հիմա ակտիվ ռազմական գործողությունների անցնելու Ադրբեջանի փորձերի բացակայությունը բացատրվում է ոչ այնքան նրա` ուժի համաշխարհային կենտրոնների հետ կապված զգուշավորությամբ, որոնք անմիջապես չեն էլ արձագանքի այդպիսի փորձերին, այլ Ադրբեջանի իշխանությունների լիովին տրամաբանական մոտեցմամբ` չմտցնել անորոշության նոր տարր ներքաղաքական իրավիճակի մեջ, որը ներկա պահին մնում է համեմատաբար կայուն եւ վերահսկելի:

Իսկ այն դեպքում, եթե իրավիճակը հասնի վերահսկողության հնարավոր կորստյան մակարդակի, տեւողությամբ եւ մասշտաբով սահմանափակ ռազմական գործողություններ սկսելը կթվա լիովին ընդունելի:

Ազադ Իսազադե  - Կարող եմ համաձայնել Սերգեյ Սարգսյանի հետ այս առումով:  Գուցե ինչ-որ չափով ոչ կոռեկտ օրինակ է, բայց Երեւանում նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության բողոքի գործողությունների ժամանակ Ղարաբաղից Երեւան բերվեցին զինվորական ստորաբաժանումներ, իսկ ճակատային գծում սկսվեցին բավական լուրջ ռազմական բախումներ: Բայց մենք չպետք է մոռանանք մեկ ուրիշ տարբերակի` ռազմական գործողությունների իմիտացիայի մասին: Երբ արտաքին ուժերի ճնշման տակ երկու կողմերը` տարածքների կորուստն արդարացնելու նպատակով պարզապես նմանակում են պատերազմը: Ընդ որում` նմանակումը կլինի միայն քաղաքական, իսկ ռազմաճակատում կծավալվեն իսկական մարտեր` կորուստներով, արյամբ ու մահով: Այսօր երկու երկրների ղեկավարների հարաբերություններն այնքան սառն են, որ նրանցից դժվար է սպասել պայմանավորված գործողությունների: Բայց չէ՞ որ վաղը իրադրությունը կարող է փոխվել: Ինչ վերաբերում է դրդապատճառին, ապա լիովին համաձայն եմ, որ հարցի արագ լուծման համար այսօր ոչ ոք չունի դրդապատճառ:

Մանվել Սարգսյան - Շփման գծի վրա սադրանքի եւ ներքաղաքական ճգնաժամային իրավիճակների միջեւ փոխադարձ կապի տրամաբանությունը բավական բարդ է: Բոլորը գիտեն, որ ճգնաժամային վիճակում     հայտնված ռեժիմները սիրում են օգտվել արտաքին վտանգի գործոնից եւ նույնիսկ բախումներ սադրել դրանք քաղաքական հակառակորդներին շանտաժի ենթարկելու նպատակով օգտագործելու համար: Բայց շատ ավելի բարդ է այն հարցը, թե նման դեպքերում իրեն ինչպես կպահի հակառակորդ երկրի ղեկավարը: Հազիվ թե որեւէ մեկը կցանկանա օգտագործել ռազմական հակառակորդի ներքին անկարգությունները, որպեսզի պատերազմ սկսի: Փորձը ցույց է տալիս, որ հակառակորդն ավելի հաճախ հակված է չմիջամտել ճգնաժամային իրավիճակների ժամանակ, այլ հակառակը, սպասել մինչեւ դրանք անցնեն: Չէ՞ որ բավական մեծ է այն բանի հավանականությունը, որ արտաքին սպառնալիքի ուժեղացումը կարող է միավորել հասարակությունը առաջնորդների շուրջը եւ կտրուկ բարձրացնել ռազմատենչ տրամադրությունները ճգնաժամի մեջ գտնվող երկրում: Իսկ ներխուժած կողմը այնուհետեւ ստիպված է լինում դիմակայել հակառակորդ երկրի ագրեսիվության հետադարձ ալիքին: Ուստի, երկրներից մեկում ճգնաժամի պահին ծավալուն պատերազմ սադրելու հավանականությունը, այնքան էլ համոզիչ չի թվում:

Արման Մելիքյան - Վրաց-ռուսական պատերազմը բավական ցայտուն օրինակ է այն բանի, թե ինչպես ոչ տեւական ռազմական սադրանքի միջոցով կարելի է լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների հասնել տարածաշրջանային մակարդակում: Վրացական ղեկավարությունը երկար ժամանակ ձգտում էր չսրել Ռուսաստանի հետ հարաբերությունները` հասկանալով, որ դա կարող է բավական կործանարար ձեւով ազդել իր` Աբխազիայում եւ Օսեթիայում ունեցած նկրտումների վրա: Այդ երկակիությունը ինչ-որ մեկին ձեռք չէր տալիս, եւ Վրաստանը դրվեց կոշտ ընտրության առաջ. կամ նա դիմում է Ռուսաստանի հետ կտրուկ եւ վերջնական խզման եւ լիակատար քաղաքական-դիվանագիտական եւ նշանակալի տնտեսական օժանդակություն ստանում ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից, որոնք Աբխազիան եւ Հարավային Օսիան պաշտոնապես կհամարեն Վրաստանի տարածք, կամ հետագայում եւս կպահպանվի անորոշությունը. երկիրը կշարունակի խրվել ճահճի մեջ եւ կհայտնվի հետագա տարածքային մասնատման (ապաինտեգրման) իրական վտանգի առաջ:

Սահակաշվիլին դիմեց Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու քայլին եւ ոչինչ չկորցրեց. բոլոր տարածքային կորուստները տեղի էին ունեցել օգոստոսյան պատերազմից շատ առաջ: Հավանաբար Վրաստանում իշխող վերնախավի որակի փոփոխությունը եւս հարմարեցված էր այդ քաղաքական կուլբիտին:

Մանվել Սարգսյան - Ադրբեջանի վիճակն` իր միջազգային եւ ներքին չափումներով, կտրուկ տարբերվում է Վրաստանի վիճակից: Ադրբեջանը դրդապատճառներ չունի օգտագործելու պատերազմն արտաքին քաղաքական չափորոշիչներն իր օգտին փոխելու համար: Պատերազմը կարող է ունենալ միայն որոշակի նպատակ` վերահսկողություն հաստատել որոշակի տարածքի նկատմամբ: Այսինքն, այդպիսի պատերազմը չունի լայն քաղաքական նպատակ: Բայց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը օբյեկտիվորեն նշանակալի քաղաքական հետաքրքրություն կունենա բազմաթիվ արտաքին ուժերի համար:

Ռուսաստանը, Իրանը չեն կարող չօգտագործել այդպիսի պատերազմը Կասպից ծովում սեփական դիրքերն ուժեղացնելու համար: Հայաստանը կդիմի ԼՂՀ-ի ճանաչման քայլին: Թուրքիան կարող է Ղարաբաղում ընթացող պատերազմը դարձնել պատճառ` իրականացնելու իր բազմաթիվ պլանները «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության շրջանակում:

Այսինքն, կարելի է սանձազերծել պատերազմ եւ հանձնել ուրիշներին` որպես նրանց սեփական խնդիրները լուծելու միջոց: Կարծում եմ, հենց այդ հանգամանքն է, որ լավ է հասկանում Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես եւ բոլոր շահագրգիռ արտաքին ուժերը:

Սերգեյ Սարգսյան - Կարծում եմ, որ գործնականում անհնար է նմանակել որոշակի ինտենսիվությամբ ակտիվ մարտական գործողություններ:

Առաջին գծում յուրաքանչյուր մարտական ստորաբաժանում ստանում է որոշակի հստակ առաջադրանք` ինչպես գործել այս կամ այն իրավիճակում: Հույս ունեմ, դեռեւս բանը չի հասել այսպիսի առաջադրանքների. «Կանխել Հակառակորդի իմիտացիոն գործողությունները», «Հակառակորդի իմիտացիոն գործողություններին պատասխանել իմիտացիոն գործողություներով» եւ առավել եւս` «Աջակցել հակառակորդի իմիտացիոն գործություններին»:

Չարժե գերագնահատել Ստեփանակերտի վրա Երեւանի ազդեցությունը: Երկկազմ քաղաքական կառավարման գոյության պայմաններում նույնիսկ հայկական կողմերի համար հեշտ չի լինի պայմանավորվել իրար հետ:

Եթե լինեն իմիտացիոն եւ ոչ իմիտացիոն մարտական գործողություներ, կլինեն եւ զոհեր: Եւ երդումներ` լուծել նրանց վրեժը: Եւ հանկարծ կպարզվի, որ դա իմիտացիա է: Գիտեք, դժվար է գտնել ավելի լավ առիթ ռազմական հեղաշրջման համար:

Ոչ միայն իմիտացիոն մարտական գործողությունները, այլեւ պարզապես բուռն ակտիվության իմիտացիան, նույնիսկ առանց մարտական գործողությունների, նվազեցնում է զորքերի կառավարելիությունը. «Ալոոո, շտաբ, սա արդեն պատերա՞զմ է, թե՞ դարձյալ իմիտացիա ենք անում»:

Հոգեբանական տեսակետից ինչպե՞ս կնայի մարտական սպան զինվորների աչքերին իմիտացիայի բուռն գիշերից հետո:

Ռազմի դաշտում կռվողը կարող է տաքանալ, համակվել մոլեգնությամբ, տեղի տալ կատաղությանը: Հեռադիտակով Թբիլիսին տեսնող եւ այն գրոհելու նետվող ռուս հրամանատարները բնավ չէին ձեւացնում: Այսպես կարելի է եւ մոռանալ, որ իմիտացնում ես:

Շահին Աբասով - Ես կարծում եմ որ Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում ադրբեջանական ածխաջրերի արտահանմանը եվրոպական շուկա: Ծավալներն այնքան էլ մեծ չեն, որպեսզի իրական մրցակցություն առաջանա ռուսական արտահանմանը Եվրոպա առնվազն առաջիկա 15 տարում: Բայց Ռուսաստանն ունի հստակ դիրքորոշում` թույլ չտալ թուրքմենական ածխաջրերի ուղիղ արտահանումը Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը: Հարց, որի լոբբինգով վերջին ժամանակներս հատկապես ակտիվորեն զբաղվում է Եվրամիությունը (Անդրկասպիական գազատարը): Եւ ես մտածում եմ, որ Մոսկվան կարող է գնալ մինչեւ վերջ, մինչեւ ռազմական ապակայունացում ղարաբաղյան հակամարտության գոտում կամ Վրաստանում: Դա Ռուսաստանի ազգային անվտանգության կարեւոր հարցն է:

Ազադ Իսազադե - Արդյո՞ք դա չի ապացուցում ռուսական զինվորական ստորաբաժանումների մասնակցությունը Երեւանում կայացած շքերթին: Ռուսաստանը որոշակի ընտրություն կատարե՞ց Բաքվի եւ Երեւանի միջեւ, թե՞ պարզապես մատ թափ տալով սպառնաց Բաքվին:

Սերգեյ Սարգսյան - Ազադ, իսկ Ձեզ չի՞ թվում, որ եթե Ռուսաստանը ցանկանար պատերազմ սադրել, չէր հավասարեցնի կողմերի շանսերը: Շքերթը շատ լավ օրինակ է եւ ակնարկ:

Զաֆար Գուլիեւ - Ընդհանրացնելով բանավեճի արդյունքները` հանգում ես անմխիթարական եզրակացության: «Պատերազմի եւ խաղաղության իմիտացման» բազմամյա պրակտիկան եւ առաջընթացի բացակայությունը բանակցություններում հանգեցրին հակամարտության կոնսերվացմանը անորոշ հավասարակշռության վիճակում: Այսօր ոչ միմյանց հետ մրցող տերությունները, ոչ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, եւ նույնիսկ այդ երկրների ընդդիմադիր շրջանակները մի շարք պատճառներով շահագրգռված չեն անելու «կտրուկ շարժումներ», որոնք կարող են էլ ավելի խճճել խնդրի լուծումը եւ անկանխատեսելիորեն ազդել ներքաղաքական եւ տարածաշրջանային իրադարձությունների ընդհանուր ընթացքի վրա: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա միամտություն կլինի համարել, որ այն սեփական նախաձեռնությամբ կաշվից դուրս կգա հակամարտության շուտափույթ կարգավորման համար:  Խնդրի արագ լուծմամբ բոլորից շատ շահագրգռված են իրենք` հակամարտող ժողովուրդները, բայց նրանք գրեթե ոչ մի ազդեցություն չեն թողնում կարգավորման գործընթացի վրա, նաեւ արդեն «այրվել ու մարել են»` երկար տարիներ խաղաղության սպասելիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter