Հայաստանի նախագահը կայցելի Հնդկաստան
Կայացավ Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների հանդիպումը
Պաշտոնական այցելությամբ Հնդկաստանում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 11-ին հանդիպեց Հնդկաստանի իր գործընկերոջ՝ Սոմանահալլի Մալլայահ Կրիշնայի հետ:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Դելի` Հնդկաստանի ԱԳ նախարարն ասաց. «հայ-հնդկական բարեկամության պատմական հարուստ ավանդույթներ գոյություն ունեն եւ Հնդկաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները առավել խորացնելու համար:»
Շնորհակալություն հայտնելով Հնդկաստանի իր գործընկերոջը Դելի այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը` մի երկրի, որի հետ Հայաստանին միավորում է երկու ժողովուրդների միջեւ հարուստ պատմությունը եւ քաղաքակրթական առնչությունները:
«Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ չկա որեւէ խնդիր, որ բաժանում է կողմերին, այլ կան շատ գործոններ, որոնք միավորում են մեր երկրներին: Տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ մեր պետությունները ունեն փոխըմբռնում, նույնանման կամ շատ մոտ դիրքորոշումներ» – ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:
Հայ-հնդկական բարեկամական գործընկերությանը նոր լիցք հաղորդելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց 2011 թ. Հնդկաստան ՀՀ Նախագահի այց կազմակերպելու մասին:
Նախարարներ Նալբանդյանն ու Կրիշնան նշեցին, որ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում վերջին տարիների արդյունավետ համագործակցությունն ամրապնդել է փոխվստահությունը կողմերի միջեւ, եւ առկա է երկու երկրների քաղաքական կամքը եւ պատրաստակամությունը ակտիվ քայլեր ձեռնարկել փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ, ընդգրկելով փոխգործակցության նոր բնագավառներ:
Էդվարդ Նալբանդյանն ու Սոմանահալլի Կրիշնան հանգամանալից քննարկեցին Հայաստանի եւ Հնդկաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի հաջորդ նիստի գումարմանը, ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդակցությունների աշխուժացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Նախարարները կարեւորեցին միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված համագործակցության բնագավառներում կուտակած փորձառության ընդլայնումը, զբոսաշրջությունը խթանող քայլերի ձեռնարկումը:
Նախարարները բարձր գնահատեց հնդկահայ համայնքի ներդրումը Հնդկաստանի բազմամշակութային ժառանգության ստեղծման, պահպանման եւ հարստացման գործում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Կաշմիրի հարցում Հայաստանի դիրքորոշումը եւ շնորհակալություն հայտնեց հնդիկ գործընկերոջը Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:
Իր հերթին նախարար Կրիշնան ասաց, որ Հնդկաստանը բարձր է գնահատում Հայաստանի մշտական աջակցությունը իր երկրի համար կարեւոր հարցերում, մասնավորապես Կաշմիրի խնդրի առնչությամբ:
Նախարարներն ընդգծեցին, որ առկա խնդիրներին կրոնական երանգ տալու փորձերը ապակառուցողական են եւ կարող են միայն բարդացնել կարգավորման հեռանկարները, եւ հարկավոր է դրանք լուծել միայն բանակցությունների միջոցով` խաղաղ ճանապարհով:
Էդվարդ Նալբանդյանն Հնդկաստանի իր գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան միջազգային հարաբերությունների այժմեական խնդիրների մասնավորապես` ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Կրիշնան շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական անդամության հարցում Հայաստանի աջակցության համար:
Բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում Հնդկաստանի մշակութային կենտրոնի հիմնադրման եւ հայաստանյան ԲՈՒՀ-երից մեկում հնդկական ուսումնասիրությունների ամբիոնի ստեղծման հնարավորությունները :
Հանդիպումից հետո Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների ներկայությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը եւ Հնդկաստանի մշակույթի նախարարության պետքարտուղար Ջավար Սիրկարը ստորագրեցին Հայաստանի եւ Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջեւ 2011-2012 թթ. մշակութային համագործակցության մասին հուշագիր:
Առավոտյան Էդվարդ Նալբանդյանը նաեւ ընդարձակ հարցազրույց տվեց Հնդկաստանի պետական հեռուստատեսությանը:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը այցելեց Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհուրդ, ուր հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով, որին ներկա էին Նյու-Դելիում հավատարմագրված դեսպաններ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ լրագրողներ:
Ելույթից հետո, Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհրդի տնօրեն Սուդհիր Դեվաերի հետի հետ կայացած հանդիպման ընթացքում, Էդվարդ Նալբանդյանը քննարկեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Խորհրդի միջեւ համագործակցության հնարավորությունները:
Նոյեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Կալկաթա, ուր հանդիպում կունենա Արեւմտյան Բենգալի նահանգապետի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել