HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահականում խստորեն քննադատել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությանը

Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների պատվիրակությանը, ովքեր ներկայացրել են իրենց բողոքը չորս ամիս չստացած աշխատավարձի կապակցությամբ: «Նաիրիտ»-ի աշխատակիցները նաև փոխանցել են աշխատատեղերը հետագայում կորցնելու վերաբերյալ իրենց և գործընկերների մտահոգությունը` պայմանավորված այս պահին չաշխատող ձեռնարկության ապագայի անորոշությամբ: «Նաիրիտ գործարան»-ի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը ևս ներկա է եղել հանդիպմանը: Նախագահի աշխատակազմի ղեկավարը խստորեն քննադատել է ձեռնարկության ղեկավարությանը` առկա խնդիրների լուծման ուղղությամբ ժամանակին բավարար քայլեր չձեռնարկելու և աշխատակիցներին այսօր արդեն ծայրահեղ քայլերի մղելու համար: «Նաիրիտ»-ի աշխատակիցների պատվիրակությանն ընդունելուց հետո, Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև դրսում հավաքված նրանց գործընկերների հետ և փոխանցել կառավարության պատասխանատուներին հանրապետության ղեկավարի տված հանձնարարականներն ու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հեռանկարի հետ կապված մոտեցումը: Ընդգծելով, որ «Նաիրիտ»-ը պետական սեփականություն չէ, հետևաբար, պետությունն իրավունք չունի ուղղակի միջամտություն ցուցաբերել ձեռնարկության տնտեսական գործունեությանն առնչվող խնդիրներին, Կարեն Կարապետյանը նշել է, որ պետությունն այս պահին մտահոգված է ամիսներ շարունակ աշխատավարձ չստացած իր քաղաքացիների սոցիալական խնդիրներով, ինչպես նաև երկրի տնտեսության մեջ կարևոր դեր ունեցող քիմիական հսկայի ճակատագրով: Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հանձնարարել է գործադիր իշխանության պատասխանատուներին` ձեռնարկության սեփականատիրոջ հետ քննարկել ստեղծված իրավիճակը և միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում` առաջիկա 10 օրվա ընթացքում, աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը վճարելու, այնուհետ` մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու ուղղությամբ: Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման հետ կապված, Կարեն Կարապետյանի հավաստմամբ, երկրի ղեկավարի մոտեցումը հստակ է` պետք է ամեն ինչ անել գործարանը վերագործարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter