Թշնամական վերաբերմունք հայրենի բնության նկատմամբ
Առանց ձկան ապրել կարելի է, բայց առանց ջրի՝ ո'չ, կամ խնդրի լուծումը կա, պետք է այն կիրառել
Ընչաքաղցության տենդը այն աստիճանի է հասել, որ իրենց գերշահույթների համար անխղճորեն կտրում են գյուղացու ոռոգման ու անգամ խմելու ջուրը, որն էլ պատճառ է դառնում, որ ժողովուրդը վհատվում է ու հեռանում երկրից: Քարավանները շարունակում են քայլել...
Աշխարհի զարգացող երկրներում, ուր օրենքն է իշխում, գրագետ, բանիմաց ու արհեստավարժ գործարարները իրենց շահույթի մեկ մասը հատկացնում են գործի ու արտադրության զարգացմանն ու մոդեռնացմանը, որը բարձրացնում է արդյունաբերության օգտակար գործողության գործակիցը, բարելավում է աշխատավոր մարդկանց բարեկեցությունը և թեթևացնում է նրանց ծանրաբեռնվածությունը:
Ջրհան պոմպերի աշխատանքների ավտոմատ կարգավորումն ու այդ եղանակով ջրի ու էլեկտրաէներգիայի խնայողության մեթոդիկան տարիներ է, ինչ կիրառվում է նաև ջրաշատ Շվեդիայում:
Պոմպերի շարժիչների պտտման արագությունը կարգավորող (speed Controller) կիսահաղորդչային սարքավորումների միջոցով և PLC (The Programmable Logic Controller)– ի օգնությամբ ու պոմպերի աշխատանքային ռեժիմների հսկմամբ կարող է մեծապես լուծել ջրի անխնա օգտագործման հարցը և մասամբ լուծել Հայաստանի գյուղատնտեսության գլխին կախված «չոր քարին նստելու» վտանգը:
Այս մեթոդիկան ու սարքավորումները տարիներ առաջ ես փորձարկել եմ Գրիբոյեդով գյուղում, հայրենադարձ իմ քույրիկի տնամերձ հողերը ջրող պոմպի աշխատանքի վրա, որի արդյունքում ջրի հոսքը կարգավորվեց շատ սահուն, պահանջված քանակությամբ՝ ըստ նախատեսված գրաֆիկի:
Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում (Պոլիտեխնիկական ինստիտուտում) տողերիս հեղինակի նախաձեռնությամբ, Գալուստ Գյուլբենկյան հաստատության ու Սթոքհոլմի Արքայական Տեխնոլոգիական Ինստիտուտի հետ միջհամալսարանական համագործակցությամբ, արդեն քանի տարի է, ինչ աշխատում է մի ժամանակակից լաբորատորիա:
Այստեղ լուծվում են վերը նշված խնդիրները: Գրիբոյեդով գյուղում կատաված փորձարկումները օգնեցին նշված լաբորատորիայի սարքերի անխափան աշխատանքները ստուգելու գործին: Այս լաբորատորիայում մասնագիտանում են մեծ թվով ուսանողներ: Լաբորատորիան ցուցադրվել է հանրային հեռուստատեսությամբ:
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են այս հարցով, խորհուրդ կտամ այցելել ՀՃՊՀ ավտոմատ կարգավորվող համակարգերի լաբորատորիա: Ամբիոնի վարիչ դոցենտ Էդվարդ Հակոբյանը ձեզ կծանոթացնի լաբորատորիային և կպատասխանի ձեզ հետաքրքրող հարցերին: Հեռ. 093 50 9750
ՀՃՊՀ –ի գիտական ներուժը մշտապես պատրաստ է օգտակար լինելու...
Ո՞րն է հարցի լուծումը
1. Ձկնաբուծական ֆիրմաների սեփականատերերը պոմպերի մեխանիկական բացվող ու փակվող փականներն անհապաղ փոխարինեն ավտոմատ կարգավորվող ժամանակակից սարքավորումներով, որը կապահովի ջրի ու էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն: Այս խնայողությունների միջոցով կարճ ժամանակում կարելի է ծածկել ներդրման ծախսերը:
2. Ամենակարճ ժամանակամիջոցում տեղադրել ջրաչափիչ սարքեր:
3. Ելնելով բնապահպանման պահանջներից, սահմանափակել ավազանների ու արտեզյան հորերի քանակը:
4. Բնապահպանության ու «կանաչների» կազմակերպությունները պետք է լրջորեն ու անշահախնդիր հետևեն այս գործի ընթացքին:
Հայաստանի «Սարդարապատ» շարժման սփյուռքահայ համակիր
Դոկտոր Արամայիս Միրզախանյան
Շվեդիա, Սթոքհոլմ, 10 11 2010,
[email protected]
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել