
«Արի ամուսնանանք», կամ ծիծաղեք դժբախտիս վրա
Դրվագ «Արի ամուսնանանք» հեռուստածրագրից.
- Այսօրվա մեր հերոսը Ռաֆայել Մելքոնյանն է: Մինչ իրան հրավիրելը տաղավար, դիտենք իրա մասին տեսանյութը,- Սոֆի Դեւոյան:
- Ռաֆայել, մասնագիտությամբ չեք զբաղվում, իսկ ինչո՞վ եք զբաղվում,- Ջուլիետա Ստեփանյան:
- Զբաղվում եմ շատ հաճելի, լավ գործով. երգում եմ,- Ռաֆայել:
- Վատիկը չի,- հաղորդման հյուրերից մեկը:
- Ռաֆայել, հաճա՞խ ես սիրահարվում,- Ջուլիետա:
- Կարելի է ասել` ամեն օր:
- Մալադեց, տղա,- հաղորդման հյուր:
- Ինչպի՞սին պիտի լինի աղջիկը, որ սիրահարվես,- Ջուլիետա:
- Գեղեցիկ. բոլոր աղջիկներն էլ գեղեցիկ են, բայց ես կընտրեմ ամենագեղեցիկին,- Ռաֆայել:
- Ի՞նչ ես կարծում, Ռաֆայել, աղջիկ ժամանակ ես գեղեցի՞կ եմ եղել,- Ջուլիետա:
- Հա, իհարկե, էսքան գեղեցիկ լեզուն, որ դուք ունեք...
Տաղավար են հրավիրում առաջին հարսնացուին` Կարինեին, ով «ուզում է իր կողքին տեսնել գեղեցիկ, բարձրահասակ, հաստատված եւ մի փոքր թմբլիկ տղամարդու»:
- Կարինե ջան, տղային սիրահարվելու համար ի՞նչն է կարեւոր քեզ համար,- Ջուլիետա:
- Դե, առաջին հերթին արտաքինն է կարեւոր:
- Ի՞նչ տեսակի տղաների ես սիրում:
- Սպորտային արտաքինով:
- Իսկ աչքե՞րը:
- Դե, չէ, աչքերն էդքան էլ կարեւոր չեն ինձ համար:
- Կընդունե՞ս ժլատ տղամարդու,- Սոֆի Դեւոյան:
- Եթե ինքը ժլատություն անի ու իրա սաղ փողերը ծախսի ընտանիքի համար, այ էտի շատ լավ ա: Եթե ժլատություն անի իր ընտանիքի հանդեպ ու ամբողջ փողերը ծախսի ընկերների վրա, այ էտի շատ վատ ա:
Այսպես, ամեն շաբաթ «ԱTV» հեռուստաընկերության եթերում դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը, պարուհի Սոֆի Դեւոյանն ու աստղաբանը որոշում են հայերի ամուսնության հարցը: Նրանք, ովքեր դիտել են հաղորդումը, երեւի թե սկսեցին մի լավ ծիծաղել, բայց ուզում եմ նշել, որ այստեղ խոսքն իրական ճակատագրերի եւ պատմությունների մասին է:
«ԱTV»-ում հանդիպեցի «Արի ամուսնանանք» հաղորդման ստեղծագործական կազմի հետ: Ներկայացնում ենք մեր զրույցը պրոդյուսեր Հակոբ Հակոբյանի եւ խմբագիր Հրանուշ Կարապետյանի հետ:
Ո՞րն է ձեր հաղորդման նպատակը:
Հակոբ Հակոբյան - Առաջին նպատակն է` երիտասարդությանը կտրել փողոցային ծանոթություններից եւ մեր հաղորդավարների, հոգեբանի եւ աստղագետի միջոցով ճիշտ ուղու վրա դնել մարդկանց, նաեւ` ճիշտ խորհուրդներ տալ տարբեր իրավիճակներում հայտնված կամ ինչ-ինչ խնդիրներ ունեցող մարդկանց:
Մարդու անձնական խնդիրները եթերով ցուցադրելը որքանո՞վ է էթիկապես ճիշտ:
Հակոբ Հակոբյան - Իսկ ինչու՞ ոչ: Իրենք են ուզում խոսել, մենք չենք ստիպում նրանց: Պատմում են այն, ինչ ուզում են, ինչից չեն խուսափում:
Բայց ձեր հաղորդմանը մասնակցելու են գալիս հասարակության, որոշ առումով խոցելի խմբի անդամները: Այսինքն` մարդը, որ կրթություն, նորմալ աշխատանք ունի, «Արի ամուսնանանք»-ի միջոցով չի ամուսնանա:
Հակոբ Հակոբյան - Մեզ մոտ մեծամասամբ գալիս են աշխատող մարդիկ, իսկ դա շատ կարեւոր է: Մարդն աշխատում է, ձգտում ինչ-որ բանի հասնել այս կյանքում: Թե նա ժամանակին սովորել է, թե ոչ, դա արդեն այլ հարց է: Նա այստեղ գալիս է ծանոթության եւ ամուսնության նպատակով: Մենք արդեն մեկ գրանցված ամուսնություն ունենք, ինչի համար շատ ուրախ ենք: Այսօր մենք ունենք մեծ թվով մեծահասակ մասնակիցներ, որոնց թիվը հարյուրավոր է:
Լավ, ենթադրենք` Դուք օգնում եք մեծահասակ կամ դժվարին կյանք ունեցող մարդկանց գտնել իրենց կեսին, բայց հեռուստադիտողները Ձեր հաղորդումը նայում են զուտ մասնակիցների վրա ծիծաղելու, ուրախանալու համար:
Հակոբ Հակոբյան - Թող ուրախանան, վա՞տ ա: Թող զվարճանան:
Էլ չեմ ասում, որ դժբախտ անձնական կյանք ունեցող աղջիկը, որ նկարահանվել է Ձեր հաղորդման մեջ, դարձել է սոցիալական ցանցերի ծիծաղի առարկան. Դուք դա նորմա՞լ եք համարում:
Հակոբ Հակոբյան - Դա արդեն զվարճացողների խնդիրն է: Էսօր մեր հասարակությունը ցանկանում է դիմացինին միշտ իրենից ավելի վատ վիճակում տեսնել: Մարդիկ կան, որ մտածում են` տես, ես 50 տարեկան եմ, չեմ ամուսնացել, իսկ այս աղջիկն ամուսնացել եւ դժբախտացել է. համենայնդեպս, ես ավելի ճիշտ եմ գործել: Դա է պատճառը, որ մեր ազգը սիրում է ուրիշի դժբախտ պատմությունը:
Հրանուշ Կարապետյան - Գիտեք, երբ որոշել էինք այս ծրագիրը հեռարձակել, մտածում էինք` Հայաստանում չի աշխատի: Ասում էինք` ոչ ոք չի մասնակցի: Բայց հարյուրավոր զանգերը, որ մենք ենք ստանում, խոսում են այն մասին, որ մեր հաղորդման նկատմամբ մարդիկ վստահություն ունեն: Իսկ եթե հեռուստադիտողն էլ ծիծաղում է, պետք չէ դրան այդքան վատ նայել: Հեռուստացույցը միայն նրա համար չէ, որ նստես ու լուրջ հաղորդումներ նայես: Մի քիչ էլ զվարճանք պիտի լինի:
Փաստորեն, Ձեր նպատակը հեռուստադիտողին զվարճացնելն է` այլոց պատմության հաշվի՞ն:
Հրանուշ Կարապետյան- Ոչ, ոչ: Եթե մեր նպատակը զվարճացնելը լիներ, կլիներ շոու ծրագիր... Դուք երիտասարդ եք, մի քիչ այլ կերպ եք ընկալում: Ես հասկանում եմ Ձեր հարցի իմաստը: Ինչո՞ւ չէ, նպատակը թող լինի նաեւ զվարճացնելը: Լեոնիդ Ենգիբարյանը պակա՞ս մարդ էր, որ ուրախացնում էր հայ ժողովրդին:
Հակոբ Հակոբյան - Կարելի՞ է Ձեզ մի հարց տամ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է այսօր պակասում հայկական հեռուստատեսությունում:
Որակը:
Հակոբ Հակոբյան - Բացի որակից: Իմ կարծիքով, հայկական հեռուստատեսությանը պակասում է անկեղծությունը: Իսկ մեր մասնակիցներն այնքան անկեղծ են, որ կարող է հնչի մի հնդկերեն անհեթեթ երաժշտություն, ու իրենք պարեն, ուրախանան դրանով: Միգուցե դա քեզ համար ծիծաղելի է, բայց մասնակիցն այնքան անկեղծ է, որ մարդ եթե մի քիչ երկար մտածի, կասի` «հալալ ա» իրեն, որ եկել, այդպես հավեսով, անկեղծ պարում է:
Հաղորդավարներին ո՞վ է ընտրել:
Հակոբ Հակոբյան - Հաղորդավարների ընտրությունը ոչ ինձնով, եւ ոչ էլ գլխավոր խմբագրով պայմանավորված չէ: Մենք երբ սկսել ենք աշխատել հաղորդման վրա, իրենք արդեն ընտրված են եղել: Հաղորդավարների մասին լսել ենք շատ հակասական կարծիքներ: Այդ կարծիքներն առաջանում են, որովհետեւ կա հաղորդման ռուսական տարբերակը, որտեղ իդեալական հաղորդավարներ են ընտրված:
Ձեր հաղորդավարներին տրված է մարդկանց բախտը որոշելու հնարավորություն. որեւէ վերապատրաստում, դասընթաց անցնու՞մ են նմանատիպ հեռուստածրագիր վարելուց առաջ:
Հրանուշ Կարապետյան - Իրենք ամեն հաղորդումից առաջ ծանոթանում են մասնակցի կյանքի պատմությանը:
Նկատի ունեմ մասնագիտական վերապատրաստումները` սոցիոլոգիական, հոգեբանական, հաղորդավարական:
Հրանուշ Կարապետյան - Մենք ունենք աստղաբան, ով համաստեղությամբ շատ լավ կարողանում է որոշել այդ մարդու տեսակը, բնավորության գծերը: Իսկ հաղորդավարները երկու կանայք են, ովքեր ընտանեկան հարթ կյանք չեն ունեցել: Եւ բազմաթիվ խնդիրներ հաղթահարելով` հասել են այդ տարիքին: Ես ավելի հակված եմ իրենց կարծիքը լսել, քանի որ նրանք երկուսն էլ կյանք տեսած, աշխարհ տեսած կանայք են:
Ո՞րն է ձեր հաղորդման թերությունը:
Հակոբ Հակոբյան - Մեր հաղորդումն, ինչպես նշեցի, ունի ռուսական տարբերակ: Իհարկե, համեմատությամբ, մեր տարբերակը շատ թույլ է, բայց աշխատում ենք, սիրով ենք աշխատում, որ լավ որակ ունենանք:
Ինչու՞ է թույլ: Հաղորդման ձեւաչափը ներկայացվել է Ձեզ, մնում է կրկնօրինակել: Ինչու՞ միշտ չի ստացվում մի որակյալ բան ստեղծել:
Հակոբ Հակոբյան - Մի ամիս աշխատեք հեռուստատեսությունում եւ կհասկանաք, որ դա մի օղակ է, որտեղից թույլ լինելը սկսվում ու այնքան երկար է ձգվում... Եւ այդ թերությունները վերացնելու, լավ որակի հասնելու համար այնքան բան է անհրաժեշտ, այնքան մարդիկ, մտքեր ու փողեր են պետք: Հաղորդման մեջ մի լավ բան անելու համար այնքան խնդիրներ են առաջանում, որ այդքանի միջով անցնելուց հետո հաջորդ անգամ չես կարողանում նոր բան մտածել:
Դուք ամուսնացած չեք, չէ՞: Մի օր միգուցե Ձե՞զ հյուրընկալեն հաղորդմանը: Կամուսնանայի՞ք «Արի ամուսնանանք»-ի միջոցով ու խորհուրդներով:
Հակոբ Հակոբյան - Ես դա որպես շոու չեմ անի: Երբ զգամ, որ կարիք ունեմ ինչ-որ մեկի հետ ծանոթանալու կամ ամուսնանալու, կանեմ: Իսկ ինչո՞ւ չպետք է անեմ: Մենք շատ կոմպլեքսավորված ազգ ենք, ժողովուրդ...
Հ. Գ. Մեր ընթերցողներից Սիրանուշ Մանուչարյանը, իմանալով, որ որոշել ենք անդրադառնալ այս հեռուստածրագրին, պատմեց. «Մի հաղորդում եմ ընդամենը նայել, որտեղ հյուրն իմ նախկին երկրպագուներից մեկն էր: Ինչ ասես` չասաց իմ մասին. իբր ես չար ու խորամանկ մի էակ եմ եղել, որ իր կյանքը փչացրել եմ: Եւ ամենակարեւորը, նա վերջերս նշանվել էր, ու հենց նշանածին էլ հրավիրել էին` որպես թեկնածու: Իբր առաջին անգամ են հանդիպում: Մի կուշտ փորով ծիծաղեցի»:
Մեկնաբանություններ (26)
Մեկնաբանել