HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ

Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչությունների սոցիալական վիճակի, երկու պետությունների կողմից տարվող սոցիալական քաղաքականությունների մասին են ստորեւ ներկայացված հարցազրույցները հայ եւ ադրբեջանցի մասնագետների հետ:

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում:

Ադրբեջանում հարցազրույցներն անցկացնում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն 

Մարդկային աղքատությունը ոչ միայն նյութական միջոցների, այլ նաև հնարավորությունների պակասն է

Հարցազրույց ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Նաիրուհի Ջրբաշյանի հետ

Բարեկեցության ի՞նչ մակարդակ ունի այսօր Հայաստանի բնակչությունը: Ինչպիսի՞ն է բնակչության սոցիալական կառուցվածքը. որքա՞ն են հարուստներն ու աղքատները, միջին եկամուտ ունեցող քաղաքացիները, ի՞նչ ինդեքսներով են սահմանվում այդ հատվածները:

1999թ. մեր բնակչության 56%, ըստ հետազոտությունների, աղքատ էր, իսկ 21 տոկոսը` ծայրահեղ աղքատ. չէր կարողանում ապահովել անգամ իր սնվելու պահանջները: 2000թ.-ից Հայաստանում տարեցտարի արձանագրվում էր աղքատության մակարդակի կրճատում` տնտեսական աճին զուգընթաց. 2004թ.-ին` 34% (6,4% ծայրահեղ աղքատ), 2007թ.-ին` 25% (3,8 % ծայրահեղ աղքատ):

Չնայած որ 2008թ. տնտեսական ճգնաժամը աղքատության մակարդակի աճ չառաջացրեց, այնուամենայնիվ, այն անդրադարձավ աղքատության կրճատման սպասվող տեմպի վրա: Իսկ 2009թ. ճգնաժամի պատճառով, աղքատ բնակչության մասնաբաժինն աճեց` վերադառնալով 2005-2006թթ. իրողություններին և կազմեց 28,7%: Փաստորեն 2009թ. ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, աղքատության մակարդակը մոտ 29% էր, որը բնակչության մոտ 1/3-ն է: Սա այս պահին վերջին հրապարակված տվյալն է:

Միջին խավի զգալի հատված կենտրոնացած է աղքատության գծին շատ մոտ: Եթե մեկ չափահասի նվազագույն փաստացի սպառողական զամբյուղին, որը ՀՀ ԱՎԾ-ի 2009թ.տվյալներով կազմել է 25,877 ՀՀ  դրամ (73.6 ԱՄՆ դոլար), ավելացնենք 1000 ՀՀ դրամ (2,7 դոլար), ապա աղքատության մակարդակը երկրում կաճի մինչև 38%:  Սա մասնավորապես ցույց է տալիս, որ միջին խավը շատ զգայուն է տնտեսական տատանումների հանդեպ:

Հարկ է նշել, որ սովորաբար հարուստները հետազոտություններին չեն մասնակցում: Սոցիալական անհավասարության տեսանկյունից կարող ենք դիտարկել աղքատների և հարուստների եկամուտները. օրինակ`եթե դիտարկենք 20% ամենաապահով բնակչության և 20% ամենաաղքատ բնակչության դրամական եկամուտների հարաբերակցությունը, ապա 2004թ. հարուստների եկամուտները մոտ 10 անգամ ավելին էր, քան աղքատներինը, իսկ` 2009-ին` 8 անգամ:

Եթե դիտարկենք 10% ամենաապահով բնակչության և 10% ամենաաղքատ բնակչության դրամական եկամուտների հարաբերակցությունը, ապա հարուստների եկամուտները 2004թ. 20 անգամ էր ավելի, իսկ 2009-ին` 14 անգամ: Սա վկայում է երկրում սոցիալական անհավասարության մասին:

Ինչպե՞ս է պետությունն այսօր լուծում բնակչության  սոցիալական ապահովության խնդիրը: Ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալական ծառայությունների ժամանակակից համակարգը: Հայաստանում զարգացա՞ծ է «սոցիալական աշխատողների» համակագը:

Սոցիալական ապահովության խնդիրը լուծվում է սոցիալական պաշտպանության համակարգի միջոցով: Այն ներառում է սոցիալական աջակցության, սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության հիմնական մեծ ծրագրերը: Սոցիալական աջակցությունն օգնություն է աղքատներին: Սոցիալական ապահովության ծրագրից օգտվում են հաշմանդամները և այլ խոցելի խմբեր: Իսկ սոցիալական ապահովագրությունն ապահովում է կենսաթոշակը:

Ֆինանսական տեսակետից պետությունը հսկայական գումար է ծախսում բնակչության սոցիալական պաշտպանության համար: Եթե բոլոր տեսակի սոցիալական ապահովության և ապահովագրության ծախսերը (նպաստ, կենսաթոշակ և այլն) հանենք, այսինքն, եթե պետությունը չօգնի, ապա բնակչության կեսից ավելին աղքատ կլինի:

Կառավարությունը 2008թ. վերջին ընդունեց «Կայուն Զարգացման Ծրագիր»-ը (ԿԶԾ), ըստ որի մինչև 2021թ.նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը և ընտանեկան նպաստը պետք է որոշակի համապատասխանեցվեր նվազագույն սպառողական զամբյուղին: 2008թ. գնահատականներով դա զարգացման հնարավոր սցենար էր, բայց ճգնաժամից հետո այդ նպատակների իրականացումը բավականին դժվարացավ:

Այնուամենայնիվ, օրինակ աղքատության ընտանեկան նպաստների առումով պետությունը կատարում է ԿԶԾ-ով ստանձնած իր պարտավորությունը: Իհարկե, այստեղ կան վերապահումներ. օրինակ նպաստ ստանալու համար դիմողների թիվը քչանում է, այն դեպքում, երբ աղքատության մակարդակը աճում է: Արդյունքում միջին նպաստի գումարի չափն աճում է այնպես, ինչպես նախատեսված էր ծրագրով:

Կենսաթոշակները բարձրացնում են, 2010թ.բազայինը դարձավ 10,500 ՀՀ դրամ (28 դոլար), սակայն այն չի բարձրանում այնպես, ինչպես նախատեսված էր, և նվազագույն սպառողական զամբյուղի հետ համաձայնեցումը ԿԶԾ-ում նախանշված տարեթվին, իրատեսական չէ:

Սոցիալական պաշտպանության համակարգը, որը պետք է օգնի սոցիալապես անապահով ու խոցելի խավերին, պետությունը ներդրել է, բայց տնտեսական անկման պայմաններում բյուջետային միջոցների սղությունը խոչընդոտում է  սոցիալական պաշտպանության համակարգի լավագույն կերպով գործարկմանը: Այսինքն, խնդիրն ուրիշ ոլորտում է: ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետը վերջերս սկսել է պատրաստել սոցիալական աշխատողներ: Այս համակարգը նոր է զարգանում, և շատ բան չեմ կարող ասել այս ոլորտից:

Նպաստների ի՞նչ համակարգ է գործում երկրում, ի՞նչ չափի են այդ նպաստները և հասարակության ո՞ր շերտերին են տրամադրվում:

Սոցիալական աջակցության հիմնական բաղադրիչը ընտանեկան նպաստներն են: Միջին ամսական ընտանեկան նպաստը մոտ 26,800 դրամ է (72 դոլար), որը փաստորեն աղքատության մի շնչի գիծ է փակում: Ամբողջ խնդիրն այն է, որ օգնությունը ստանում է ընտանիքը, և երբ այն բաշխվում է հիմնականում բազմանդամ ընտանիքի անդամների միջև, ապա այդ գումարի արդյունավետությունն այնքան էլ մեծ չի լինում:

Միևնույն ժամանակ, եթե չլինեին այդ նպաստները, աղքատությունը շատ ավելին կլիներ, քանի որ աղքատ բնակչության ամսական մեկ շնչին ընկնող եկամուտների 50% կազմում են պետական սոցիալական տրանսֆերտները` սոցիալական պետական աջակցությունը. ընտանեկան նպաստ, կենսաթոշակ, տարբեր տեսակի նպաստներ ու թոշակներ: Պետք է նշեմ, որ նպաստների համակարգը բավականին լավ է գործում: Հավանականությունը, որ աղքատին չեն տա նպաստ, փոքր է` 8% , սա շատ լավ ցուցանիշ է, սակայն  հավանականությունը, որ ոչ աղքատին կներգրավեն համակարգում, մեծ է: Այստեղ խնդիրն այն է, որ աղքատների մի մեծ մաս չի դիմում համակարգին` տարբեր պատճառներով, իսկ համակարգը հիմնված է մարդու ինքնակամ դիմումի վրա:

Ի՞նչ չափի է սպառողական զամբյուղն այս պահի դրությամբ Հայաստանում: Որքանո՞վ են նվազագույն աշխատավարձը և դրամական այլ եկամուտները համապատասխանում բնակչության իրական պահանջներին:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ Հայաստանում հուլիսի վերջի դրությամբ նվազագույն պարենային զամբյուղը կազմում էր  21.330 ՀՀ  դրամ (57.6 դոլար), իսկ նվազագույն սպառողական զամբյուղը՝ 33. 060 ՀՀ դրամ (89 դոլար): Աղքատության գիծը որոշելու համար Հայաստանում հիմք են ընդունում Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ ՀՀ ԱՎԾ-ի անցկացրած հետազոտությունները: ՀՀ առողջապահության նախարարության նորմաները որոշ չափով տարբերվում են. նվազագույն սպառողական զամբյուղն ամսական կտրվածքով կազմում է 41, 052 ՀՀ դրամ (111 դոլար), իսկ պարենային զամբյուղը՝ 26, 485 ՀՀ դրամ (71.5 դոլար): 

Ասեմ նաև, որ աղքատությունը շատ լայն հասկացություն է և չափվում է տարբեր ձևերով: Հայաստանում հիմա հաշվարկում են նյութական աղքատությունը, այնինչ այն չի փակում աղքատության երևույթն ամբողջ ծավալով: Կա մարդկային աղքատություն հասկացություն, որը հաշվի է առնում ոչ միայն նյութական կողմը, կամ փողի բացակայությունը, այլև հնարավորությունների բացակայությունը կամ պակասը:

Եթե մարդ ունի փող, բայց չունի կրթություն, գիտելիք, տեղեկացված չէ, առողջ չէ կամ ապրում է աղտոտվող շրջակա միջավայրում, ապա նա, ըստ ՄԱԿ-ի մարդկային զարգացման կոնցեպցիայի, աղքատ է: Եթե դիտարկենք  մարդկային զարգացումը որպես մարդկային աղքատության հակառակ երևույթ, ապա այդ իմաստով Հայաստանը դասվում է միջին մարդկային զարգացում ունեցող երկրների շարքում: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանի բնակչության 30-40% կրթամակարդակը և առողջությունը ձևավորվել է Խորհրդային տարիներին, և հայտնի չէ, թե 50 տարի անց մարդկային զարգացման տեսանկյունից ինչ պատկեր կլինի երկրում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter