HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օրական 40-50 հեռախոսազանգ եւ 30 գրավոր դիմում` Կառավարությանը

Հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը Կառավարությունը «թեժ գծով» (հեռ.` 527-000) քաղաքացիներից ստացել է 2456 զանգ, որից 722-ին տեղում տրվել է պարզաբանում, իսկ 1734 զանգ համառոտագրվել է: Նշված ժամանակահատվածում ստացվել է նաեւ 1320 գրավոր դիմում: Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քաղաքացիների զանգերն ու դիմումները հիմնականում սոցիալական բնույթի են: Դիմում են ավանդների հատուցման, բժշկական օգնության, անվճար բարձրագույն կրթություն ստանալու, նպաստը վերականգնելու եւ նմանատիպ այլ խնդիրներով: Մարզերից ամենից շատ  դիմումներ եւ զանգեր Կառավարությունում ստանում են Շիրակի եւ Լոռու մարզերից: Երկու մարզերի բնակիչներն էլ հիմնականում դժգոհում են աղետի գոտուն բնորոշ խնդիրներից` բնակարանների հատկացում, բնակարանների հատկացման ցուցակներում ընդգրկվելը եւ այլն: Շատ դեպքերում քաղաքացիների դիմումներին հնարավոր է լուծումներ առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններում կամ ստորին իշխանական օղակներում, սակայն անուշադրության արդյունքում այդ դիմում-բողոքները հասնում են Կառավարություն: Օրինակ, Երեւան քաղաքի Աբովյան 41/19 բազմաբնակարան շենքի բնակիչը դիմել է Կառավարությանը, հայտնելով, որ իր հարեւանը շքամուտքում զավթել է մոտ 6 քմ տարածք, ինչի հետեւանքվ իր բնակարանի մուտքի դուռն ամբողջությամբ չի բացվում: Քաղաքացին սկզբում դիմել է Երեւանի քաղաքապետարան, այնտեղ ուշադրություն չի դարձվել բողոքին, որից հետո նոր դիմումը հասել է Կառավարությանը: Կառավարությունից անմիջապես հանձնարարական է տրվել Երեւանի քաղաքապետարանին եւ քաղաքաշինության տեսչությանը, որպեսզի ուսումնասիրեն եւ ընթացք տան քաղաքացու բողոքին: Նույն օրը քանդվել է ապօրինի կառուցապատումը եւ վերականգնվել է քաղաքացու խախտված իրավունքը: Ալեքսանդր Ղազարյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը քաղաքացիներից օրական ստանում է 40-50 հեռախոսազանգ եւ մոտ 30 գրավոր դիմում: «Դիմումներն էլ սեզոնայնություն ու ժամանակ ունեն: Օրինակ` ընտրությունների կամ նմանատիպ իրավիճակներում օրական ստանում ենք 100-150 գրավոր դիմում: Հիմա համեմատաբար ավելի քիչ են դիմումները»,- ավելացրեց Ա. Ղազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter