HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վռամ Գյուլզադյանը հաստատում է, որ իրեն պաշտոնանկ են արել պատգամավորի դստեր պատճառով

Գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության նախկին պետ Վռամ Գյուլզադյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ իրեն աշխատանքից ազատել են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Դավիթ Հարությունյանի դստեր պատճառով: «Իմ պաշտոնանկությունն, այո կապ ունի Դավիթ Հարությունյանի դստեր հետ»,-ասաց Վ. Գյուլզադյանը` խոստանալով առաջիկայում պարզաբանումներ տալ: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Դավիթ Հարությունյանի դուստրը զբաղվում է այնպիսի նյութերի ներկրման բիզնեսով, որոնք ստուգվում են Բուսասանիտարիայի պետական տեսչության կողմից: Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահագն Մարտիրոսյանից փորձեցինք ճշտել, թե պաշտոնանկությունը որքանով է կապված Դ. Հարությունյանի հետ: «Իսկ ինչո՞ւ չեք հարցնում Վռամ Գյուլզադյանից»,-ասաց Վահագն Մարտիրոսյանը: Երբ տեղեկացրինք, որ Վ. Գյուլզադյանը հաստատել է այդ փաստը, Վ. Մարտիրոսյանն ասաց, որ Բուսասանիտարիայի պետական տեսչության պետն աշխատանքից ազատվել է պաշտոնական բոլոր ընթացակարգերով եւ որեւէ տեղ չի նշվել, թե նրա պաշտոնանկությունը կապ ունի պատգամավորի դստեր հետ: «Նշվել է, որ նա աշխատանքից ազատվել է օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու համար, այլ ոչ պատգամավորի դստեր պատճառով»,-նշեց Վ. Մարտիրոսյանը: «Ժխտո՞ւմ եք, որ նման բան կարող է եղած լինել»,- մեր հարցին ի պատասխան Վահագն Մարտիրոսյանն ասաց. «Ես որեւէ բան չեմ ասում, այստեղ իմ կարծիքը կարեւոր չէ: Վռամ Գյուլզադյանի հետ կապված նախարարությունն ասելիք չունի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter