HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանատունը խեղաթյուրված է ներկայացնում հանուն իր իրավունքների ջավախքահայության օրինական պայքարը

Վիքիլիքս կայքում վերջերս տեղադրված Վրաստանում ԱՄՆ դեսպանատան զեկուցագրերից մեկում անդրադարձ կա 2006թ. մարտին Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ցույցերին: Մասնավորապես նշվում է, որ դրանք, իբր, հրահրվել են ռուսների կողմից: Որպես դրա «ապացույց»` մատնանշվում է այն հանգամանքը, որ հետագայում` արդեն ռուսական ռազմաբազան Ախալքալաքից դուրս բերելուց հետո, իբր, ջավախքահայության ելույթները դադարել են: «Երկիր» միությունը հայտարարում է, որ վերոնշյալ պնդումները որևէ առնչություն չունեն իրականության հետ և վկայում են լոկ այն բանի մասին, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կամ բացարձակապես չի տիրապետում իրական փաստերին կամ էլ  միտումնավոր խեղաթյուրում է դրանք: Ջավախքահայության ակտիվ ելույթների մարման իրական պատճառը 2006-08թթ. վրաց ուժային կառույցների կողմից ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ  անօրինական համակարգային հետապնդումների  իրականացումն ու հայաբնակ շրջաններում ոստիկանական ռեժիմի հաստատումն է: Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ներկայացուցիչները, որի կազմի մեջ մտնում է և «Երկիր» միությունը, մի շարք հայտարարությունների և նամակների միջոցով, նաև անձնական հանդիպումների ընթացքում փորձել են հրավիրել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ուշադրությունը ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության դրսևորումների վրա, սակայն ապարդյուն: Ջավախքահայության իրավունքների կոպիտ ոտնահարման փաստերի նկատմամբ ԱՄՆ դեսպանատան այս անտարբեր վերաբերմունքը, հանուն իր իրավունքների պաշտպանության ջավախքահայության օրինական պայքարի խեղաթյուրված ներկայացումը վկայում է այն մասին, որ Վրաստանում ամերիկյան ներկայացչությունը ստանձնել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ Սահակաշվիլիի վարչակազմի խտրական քաղաքականությունը կոծկելու և Վրաստանի` որպես ժողովրդավարական երկրի, կեղծ պատկերը պահպանելու գործառույթը: Վրաստանում ԱՄՆ դեսպանատան այս անպատասխանատու գործելաոճը չի կարող չազդել ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իրականացնող մարմինների վրա, որոնք որոշումներ են ընդունում` հիմնվելով իրականությունը խեղաթյուրող զեկույցներից քաղված ոչ հավաստի տվյալների վրա: ԱՄՆ դեսպանատան այս պահվածքը նաև արտոնում է վրաց իշխանություններին` շարունակելու ջավախքահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը, ինչն ավելացնում է դժգոհությունն ու լարվածությունը Վրաստանի հայաբնակ շրջաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter