HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԱՀՀԿ-ը գնահատեց Արցախին և խաղաղ գործընթացին առնչվող նոր զեկույցը

Երեկ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) Հակամարտության և պետականակերտման լոնդոնյան տեղեկատվական ցանցի` «Լինքսի» հետ համատեղ անցկացրեց հատուկ սեմինար-քննարկում, որի ընթացքում գնահատական տրվեց Լեռնային Ղարաբաղին ու խաղաղ գործընթացին առնչվող նոր զեկույցին, ինչպեսև վերլուծվեցին ԵԱՀԿ-ի` Աստանայում վերջերս տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքները: Միջոցառմանը ներկա շուրջ 50 մասնակցի թվում էին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ` ներառյալ ՄԱԿ-ից և ԵԱՀԿ-ից, Հնդկաստանի ու Լիտվայի դեսպանները, Բրազիլիայի, Ռումինիայի, ԱՄՆ-ի դեսպանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայաստանյան առաջատար փորձագետներ, վերլուծաբաններ, ՀՀ նախագահի գրասենյակի, պետական այլ մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ: «Լինքսի» գործադիր տնօրեն Դենիս Սամութը հրապարակեց ԼՂ հակամարտության վերաբերյալ Հայաստանի կուսակցությունների և առաջատար քաղաքական գործիչների կարծիքներն ամփոփող այն հարցման արդյունքները, որն այս տարվա հունիսին անցկացրել էր իր ղեկավարած կազմակերպությունը: ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` 93-էջանոց այս հետաքրքիր հետազոտության հրապարակումը զուգադիպել է այն շրջանին, երբ «Լինքսը» մեկնարկում է «Ղարաբաղ. մեծ բանավեճ» խորագրով իր նոր ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպությունը կաջակցի տարածաշրջանում և նրանից դուրս արցախյան հարցի ավելի լայն քննարկումների հնարավորությանը: «Շուտով կհրապարակվի նաև ուսումնասիրության երկրորդ մասը, որը նույն սկզբունքով արտացոլում է Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների կարծիքները»,- հավելեց Կիրակոսյանը: Այնուհետև հանդես եկավ «Լինքսի» գործադիր տնօրենը: Նրա պարզաբանմամբ` ներկա հետազոտությունն ուրվագծում է քաղաքական կուսակցությունների հայտարարած դիրքորոշումները և հետաքրքրվողներին օգնում` հասկանալու ներքին քաղաքական այն համատեքստը, որով անցկացվում են ղարաբաղյան բանակցությունները: «Զեկույցի արդյունքները խնդրի շուրջ արմատացած բազում տեսակետներին զուգահեռ ի հայտ բերեցին հայ քաղաքական էլիտայի տեսլականը հակամարտության թե բնույթի և թե հանգուցալուծման առումով»,- ասաց Դենիս Սամութը` նշելով, որ ամենահետաքրքիրը խաղաղ գործընթացի և խնդրի վերջնական կարգավորման գործում քաղաքացիական հասարակության դերի ու կշռի կարևորումն է հայ քաղաքական գործիչների կողմից: Ըստ Սամութի` հարցումն ի հայտ բերեց նաև առկա «լայն, բայց ոչ միանշանակ աջակցությունը Մինսկի գործընթացին` որպես հակամարտության կարգավորման համար բանակցությունների լավագույն ձևաչափի», և քաղաքական ուժերի գրեթե միահամուռ համոզմունքը, որ Մինսկի գործընթացին չկա այլընտրանք: Զեկույցը վերահաստատեց տիրապետող այն տեսակետը, համաձայն որի` Թուրքիան չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ, «քանի որ բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին», բայց ՀՀ շատ քաղաքական առաջնորդներ, Սամութի հավաստմամբ, ուզում են հակամարտության կարգավորման գործընթացում տեսնել Եվրամիության ավելի մեծ ներգրավվածությունը: «Կան և ԵԱՀԿ-ի ոչ գործուն ներգրավվածությունից հիասթափվածներ, և այնպիսի կուսակցություններ, որոնք բանակցային գործընթացին Ստեփանակերտի իշխանությունների լիիրավ մասնակցությունը պարտադիր են համարում»,- վերլուծությունը եզրափակեց զեկուցողը: Զեկույցի ներկայացման ավարտին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության փորձագետ Արմեն Թորոսյանը, գնահատելով ԵԱՀԿ-ի վերջին գագաթաժողովի արդյունքները, ներկայացրեց «Ժառանգության» վերջին օրենսդրական նախաձեռնությունը, որով Հայաստանին կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Սեմինարում հանդես եկավ և ԵԱՀԿ-ի` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված խաղաղ գործընթացի ընդհանուր ուղղությունները հանգամանորեն քննության առավ ՌԱՀՀԿ-ի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter