
Մեկնարկում է «Հայ Ֆեստը»
«Տես թատրոն, լսիր թատրոն, խոսիր թատրոնից». սա այս տարվա «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի կարգախոսն է: Այսօր «Հայֆեստ» 9-րդ փառատոնը կբացվի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հունգարական «Փի-Ար Էվոլուշն» պարային ընկերության «Կապույտ մարդիկ» ներկայացմամբ:
Այս ընկերությունը հիմնադրվել է 2003-ին լոնդոնյան աշխարհահռչակ Ռամբերդ պարային ընկերության Ատտիլա Կունիի հետ համագործակցության արդյունքում: «Փի-Ար Էվոլուշն» ընկերության խորեոգրաֆ Սոֆյա Նեմեսը նշեց, որ ներկայացումը տղամարդկանց, նրանց հոգու մասին է, ցույց է տալիս տղամարդկանց հուզառատ ու թույլ կողմերը՝ հակառակ այն բանի, որ մենք տղամարդկանց այլ կերպ ենք սովոր ընկալել:
«Հայ Ֆեստի» օրերին ուշադրության կենտրոնում է մեզ համար անհայտ ու նոր 3D ներկայացում, որը ժամանել է Բրիտանիայից, որտեղ այս տարի ընդգրկված է եղել Էդինբուրգի փառատոնում: Այս փառատոնին մասնակցած ևս մեկ ներկայացում է ներկայացնելու «Պռոտոտայպ» թատրոնը:
Այս տարի «Հայ Ֆեստը» հյուրընկալելու է 18 երկրի 30 թատերախմբի, այդ թվում՝ Դանիայից, Իտալիայից, Իրանից, Հնդկաստանից: Փառատոնին մասնակցում են «Կրեդո» թատրոնը Բուլղարիայից, Կ. Մարջանիշվիլու թատրոնը Վրաստանից, Մերկուրի թատրոնը Մեծ Բրիտանիայից:
Թատերասերները հնարավորություն ունեն դիտելու նաև հայկական թատրոնի բեմադրությունները:
Փառատոնի ընթացքում Երևանում են լինելու միջազգային փորձագետներ, ովքեր կանցկացնեն վարպետության դասընթացներ: Հյուրերի թվում է մեծ պատվիրակություն Պերմից, որի կազմում ընդգրկված կլինեն Պերմի փոխվարչապետ Բորիս Միլգրամը, մշակույթի նախարար Նիկոլայ Նովիչկովը և «Սպիտակ գիշերները Պերմում» արվեստների փառատոնի նախագահ Վերոնիկա Վայսմանը:
Մեկնաբանել