ՔԶՀԿ Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրենը Ժնևում խոսել է Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին
Շվեյցարիայի Ժնև քաղաքում նախօրեին կայացավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization - WIPO) կողմից կազմակերպված «Մտավոր սեփականության տնտեսություն» («The economics of Intellectual Property») թեմայով գիտաժողովների շարքի հերթական հանդիպումը: Հրավիրված էին շուրջ 40 երկրների, այդ թվում` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, ինչպես նաև մի շարք աֆրիկյան և արաբական երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայաստանը ներկայացնում էր Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Սասուն Հովհաննիսյանը: WIPO կազմակերպության գլխավոր տնտեսագետ Կարստեն Ֆինկի բացման խոսքից հետո զեկույցով հանդես եկավ Օքսֆորդի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Քրիստին Գրինհալխը, որին հաջորդեցին գիտաժողովի մասնակիցների ելույթներն ու հարցերը:
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Սասուն Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում անդրադարձավ Հայաստանում մտավոր սեփականության ոլորտում իրականացված բարեփոխումներին` ընդգծելով միջազգային փորձի ներդրման զարգացման անհրաժեշտությունը:
Հովհաննիսյանի ելույթի մեծ մասը վերաբերում էր Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման` որպես հայ մտավոր սեփականության ոչնչացման փաստին:
«2005թ. դեկտեմբերին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով վերջնականապես ոչնչացվեցին Նախիջևանի Հին Ջուղայի գերեզմանոցի ավելի քան 5000 խաչքարեր` հայ բարձրարվեստ մշակույթի ինքնատիպ կոթողները, հայ ազգի մտավոր սեփականությունը»,- նշեց Սասուն Հովհաննիսյանը` ավելացնելով, որ փաստին քաղաքակիրթ մարդկությունը դեռ իր գնահատականը չի տվել. «Ցավալի է, որ նավթադոլարների շահերն են փոշիացնում մշակութային հարստությունը»:
Հովհաննիսյանը կոչ արեց «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը» և ներկա պատվիարկներին` իրավական գնահատական տալ Ադրբեջանից կողմից իրականացված մշակութային տեռորիզմին:
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի լրատվական ծառայության փոխանցմամբ` Սասուն Հովհաննիսյանը նաև առանձին քննարկումներ ունեցավ Ֆինկի, Գրինհալխի և կոնֆերանսին ներկա տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նաև այցելեց Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակ և ծանոթացավ կազմակերպության շտաբ-բնակարան տարբեր վարչությունների աշխատանքին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել