Երրորդ կուրսի ուսանողուհին աջակցություն է ակնկալում
ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածը սահմանում է` յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Այլ հարց է, թե ովքեր են ֆինանսապես ունակ օգտվելու այդ իրավունքից: Սոցիալական, իրավական հռչակված մեր անկախ պետության ապագայի մի մասնիկն էլ ես եմ` ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) երրորդ կուրսի մի ուսանողուհի, որը կանգնած է համալսարանից դուրս մնալու վտանգի առջև անվճարունակության հետևանքով:
Ծնողներս երկրորդ կարգի հաշմանդամներ են, չեն աշխատում: Տասնհինգամյա եղբայրս մանկուց հաշմանդամ է`գամված սայլակին: Քույրս նույնպես վճարովի համակարգում սովորող ուսանողուհի է: Չունենալով սեփական գույք` վարձակալում ենք բնակարան:
Ստանում ենք թոշակ և նպաստ, որոնցով հոգում ենք մեր տարրական ծախսերը: 2010-2011թ. ուսման վճարս կազմում է 540.000 դրամ և չնայած այս տարիներին ցուցաբերած առաջադիմությանս համար օգտվում եմ ուս. վճարի 25% զեղչից, մրցույթներում գումարներ եմ շահել ուս. վճարիս համար, տարբեր հկ-ներ են աջակցել, այդուհանդերձ, այս հանգամանքներն ինձ չեն ազատում մնացյալ 400.000 դրամ և ավելի գումարը վճարելուց:
ՀՖՀՀ-ի վարչակազմն ինձ թույլատրել է մասնակցել սույն թվականի հունվարյան քննություններին պայմանով, որ ամբողջությամբ կմարեմ պարտքս երկրորդ կիսամյակում:
Ես երիտասարդ եմ` լի ուժով, նոր գաղափարներով և հույսով…հույսով, որ փող կոչվածը չի սպանի երիտասարդական սրտիս ավյունը, չի զրկի այդքան բաղձալի կրթության իրավունքից օգտվելուց, չէ որ կրթությունը աշխատանքի և գոյության հնարավորություն է անապահով ընտանիքի զավակի համար:
Ես ողորմություն չեմ խնդրում, չեմ քննադատում, չեմ մեղադրում, չեմ փորձում ձեր սրտում խղճահարություն առաջացնել, այլ միայն օգնության ձեռք եմ խնդրում գուցե հանուն ձեր խղճի հանգստության, հանուն գալիք ապագայի և, ի վերջո, հանուն այն լույս հավատի, որ ես ունեմ իմ պետության ու հայրենակիցների հանդեպ:
Եթե այս տողերը ձեր մեջ ինձ աջակցելու ցանկություն արթնացրին, խնդրում եմ գրեք այս էլեկտրոնային հասցեով` [email protected]: Նախապես շնորհակալ եմ:
Lիլիթ Սարգսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել