Ադրբեջանցիները ԵԱՀԿ առաքելությանը դուրս չեն բերել առաջնագիծ
Հունվարի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում ընդգրկված էին ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա), Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Ժասլան Նուրտազինը (Ղազախստան): Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԳՆԱՆ դաշտային օգնական Քրիստո Քրիստովը (Բուլղարիա):
Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը` ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի` նախօրոք փոխհամաձայնեցված կետ, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել