HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձիուն էլ տանում ենք քաղմաս... Կամ մի ձիու ամանորյա օրագիրը

Այս տարին ես սկսեցի Երեւանի փողոցներից դեպի կենտրոնական ոստիկանական բաժանմունք ճամփորդություններով: Ոչ հարբած էի, ոչ խախտում էի արել, ոչ էլ՝ անկարգություն: Միակ մեղքս այն էր, որ ես ձի եմ, իսկ ձիերին արգելված էր Ամանորին երեւալ Երեւանի փողոցներում:

Ամեն տարի ամանորյա տասներեք օրերը ես եւ մեր «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնի պոնի Վասյոկը աշխատում ենք հրապարակում. պտտում ենք փոքրիկներին եւ մեծահասակներին: Հրապարակում ցրտին ժամերով կանգնելը, ճիշտն ասած, ամենահաճելի գործերից չէ ոչ ինձ, ոչ էլ ուղեկիցներիս՝ Բորիսի եւ Անդրեյի համար, բայց այդ տասներեք օրվա ընթացքում վաստակած գումարով ես ու Վասյոկն ապահովում ենք մեր եւ մեր ախոռի մնացած ինը ձիերի ձմեռային խոտը: Ամեն տարի դեկտեմբերի երեսունին ես ու Վասյոկը գնում ենք Երեւան. ես՝ իմ ոտքով, Վասյոկը՝ մեքենայով. նա չափսերով շատ փոքր է, որպեսզի նրան ինձ նման հեծնած տանեն, բացի այդ՝ դեռ երիտասարդ տարիքում ստացած ոտքի վնասվածքը թույլ չի տալիս նրան Ուշի-Երեւանի չափ հեռավորություն անցնել: Հունվարի մեկի գիշերից արդեն այլ ձիերի ու ձիերով կառքերի թվում դուրս ենք գալիս հրապարակ: Ամանորյա առաջին օրերին քաղաքապետարանից գալիս է ներկայացուցիչ եւ հայտնում, թե այդ տարի որքան գումար պիտի տան քաղաքապետարանին՝ մեզ հրապարակում հանդուրժելու համար: Գումարը բավականին մեծ է լինում, բայց սակարկել չես կարող. «դուր չի գալիս, մի աշխատիր» սկզբունքով է: Ու բոլորին ստիպված դուր է գալիս:

 Սակայն այս տարին նման չէր մնացած տարիներին: Նախորդ տարեվերջին փոխվեց քաղաքապետը: Լուրեր էին պտտվում, թե նա ոչ մի պայմանով չի համաձայնելու, որ հրապարակում լինեն ձիեր, կարուսելներ, մեքենաներ, խաղեր: Որովհետեւ «նրանք կխանգարեն տոներին հրապարակում անցկացվելիք համերգներին»: Սկզբում ոչ ոք չհավատաց այդ լուրերին. ոչ ձիերի տերերը, ոչ կառքերի տերերը, որոնցից մեկն, ի դեպ, չորս ընտանիք է պահում, ոչ կարուսելների տերերն ու խաղալիք վաճառողները: Այս բոլոր մարդիկ ամբողջ տարի սրտատրոփ սպասում են այդ տասներեք օրվան, որ մի քիչ գումար աշխատեն: Անցյալ տարի էլ սպառնում էին մեզ հրապարակ չթողնել, որովհետեւ «ճգնաժամ է, մարդիկ փող չունեն, որ ծախսեն հրապարակում»: Այնպես որ, եւ մեզ հետ աշխատող տղաները, եւ այլ ձիերի հետ աշխատողները որոշեցին բերել մեզ Երեւան: Եթե հանկարծ տեղի ունենա անհնարինը եւ մեզ թույլ չտան գտնվել հրապարակում, գնչուների նման կսկսենք փողոցներով ման գալ. այլապես տասնմեկ ձի կմնա առանց ձմեռային խոտի:

Անցյալ տարի մեր ժամանակավոր կացարանը կրկեսն էր: Այս տարի դա դարձավ նախկին հիդրոէլեկտրակայանի տարածքը Հաղթանակի կամրջի տակ, Հրազդան գետի ափին: Առաջարկված «սենյակներից» տղաներն ընտրեցին ամենահարմարները, մաքրեցին դրանք աղբից, փակեցին անցքերը, եւ իմ ու Վասյոկի համար ստացվեց բավականին հարմարավետ ու տաք երկսենյականոց բնակարան: Ճանապարհը դեպի մեր ժամանակավոր «ախոռ» շատ պատկերավոր է, հատկապես գիշերը. նեղ արահետ բարձր ծառերի ու մեծ քարերի արանքում՝ լի խորհրդավոր ձայներով ու գետի խշշոցով: Ճանապարհին այստեղ-այնտեղ պառկած են անտունները՝ թեթեւ հագուստով ու անհոգ ժպիտներով, կարծես բոլորովին էլ ցուրտ չէ: ՀԷԿ-ը պահպանում է կոլորիտային պահակը՝ կալսոններով: Ժամանակ առ ժամանակ նա հագնում է տաբատը ու վերածվում տաքսու վարորդի: Մնացած ժամանակ խմում կամ քնում է: Նրա գտնվելու վայրը կարելի է որոշել ողջ տարածքում ցրված թքի հետքերով: Ընդ որում՝ նրա կողքով անցնելիս պետք է տարածություն պահել. նա երբեք չի նայում, թե ուր է թքում: Մեր «սենյակներում» թեփ փռեցին, մեզ խոտ ու գարի տվեցին: Բոլորն անտրամադիր էին, վիճակը դեռ անորոշ էր: Իսկ հաջորդ օրվանից սկսվեցին մեր ամանորյա արկածները: Դեկտեմբերի 31. Առավոտյան Բորիսը, ով «հետախուզության» էր գնացել հրապարակ, վերադարձավ եւ պատմեց, որ բեմն այնպես են տեղադրել, որ ոչ մի այլ բանի համար տեղ չի մնացել: Որ հրապարակը տխուր է ու լուռ՝ փակ մեքենաների համար ու լցված ոստիկաններով, որոնք չգիտես ումից պաշտպանում են դատարկ բեմն ու տոնածառը: Գիշերը պարզվեց՝ ինչի համար էր բեմը. քաղաքապետարանը դիսկոտեկ էր կազմակերպել մինչեւ լուսաբաց՝ բեմում թռվռացող երկու երիտասարդներով ու բեմի շուրջ հավաքված մեծահասակներով ու երեխաներով, ովքեր տարակուսանքով միմյանց հարցնում էին, թե ուր են ձիերն ու կարուսելները: Լսելով, որ նրանք այս տարի չեն լինելու, մարդիկ հիասթափությամբ լքում էին հրապարակը: Հետո ձյունախառն անձրեւ սկսվեց, ասես բնությունն էլ էր դեմ այս անմիտ որոշմանը: Դիսկոտեկը սկսեց եւ ավարտվեց դիջեյների ու 10-15 հանդիսատեսի մասնակցությամբ: Հունվարի 1. Առավոտյան, երբ պարզ դարձավ, որ քաղաքապետը չի փոխելու որոշումը, Բորիսն ինձ թամբեց ու գնացինք կենտրոնական փողոցներ: Այստեղ մեզ անակնկալ էր սպասում. պարզվեց՝ արգելքը տարածվում է նաեւ Երեւանի փողոցների վրա: Մարդիկ մոտենում էին մեզ, ուզում էին հեծնել ինձ, բայց հայտնվում էին ոստիկաններն ու արգելում: Սկզբում կոպիտ, սպառնալով, թե կտանեն բաժանմունք, հետո գրեթե աղաչում էին, որ հեռանանք, որովհետեւ հակառակ դեպքում իրենք կազատվեն աշխատանքից: Երեւում էր, որ իրավիճակն իրենց էլ դուր չի գալիս ու իրենց համար էլ է անհասկանալի: Եղանակը նույնպես տրամադրող չէր: Մարդիկ զայրանում էին, բողոքում, բայց ապարդյուն: Ոստիկաններին միացան կարմիր բերետավորները, ասես քաղաքում արտակարգ իրավիճակ է: Օրվա վերջում արդեն փողոցում խոսում էին, թե «բայց Գագոն էդքան էլ վատը չէր, գոնե թողնում էր Նոր տարի անեինք»: Վերադարձանք մեր ժամանակավոր կացարան: Հունվարի 2. Դարձյալ Վասյոկին թողեցինք մեր «բնակարանում» ու դուրս եկանք փողոց: Ոստիկաններն ուղղակի սկսեցին հետապնդել մեզ: Նյարդայնացած՝ Բորիսն ինձ տարավ ինչ-որ շենքի բակ՝ ի հրճվանքս այնտեղ գտնվող երեխաների: Նրանք անապահով ընտանիքներից էին, եւ ես անվճար պտտեցի նրանց բակում: Ոստիկանները մեզ այստեղ էլ գտան եւ հրամայեցին ընդհանրապես չքվել փողոցներից, «այլապես՝ քաղմաս»: Սակայն նրանց դեմ դուրս եկան երեխաների հայրերը ու քշեցին բակից: Բայց մենք երկար չէինք կարող մնալ բակում: Փողոցում մեզ հասավ ոստիկանների այլ զույգ: Նրանցից մեկը հայհոյեց, Բորիսը պատասխանեց, ոստիկանը բռնեց նրա բաճկոնից ու սկսեց թափ տալ: Այ, այդտեղ արդեն իմ նյարդերը տեղի տվեցին: Ես հարձակվեցի ոստիկանի վրա, պոկեցի նրա ուսադիրը ու փախա ուղիղ հրապարակ, այնտեղ, ուր կանգնում էի անցյալ տարի: Հանդիսատեսների բուռն ծափահարությունների ներքո: Ու սկսեցի սպասել, մինչ Բորիսը կհանգստացնի արարքովս, մեղմ ասած, վրդովված ոստիկանին ու կգա ետեւիցս: Ոստիկանը բղավեց, բղավեց ու հանդարտվեց, արարքս մնաց անհետեւանք, իսկ ես, ինչպես ասում են, հաջորդ առավոտյան արթնացա հայտնի («նայեք, նայեք, սա այն ձին է, որ իր տիրոջը պաշտպանելով՝ հարձակվեց ոստիկանի վրա»):

Երեկոյան անսպասելի հանդիպեցինք մի բարձրաստիճան ոստիկանի, ով ինձ հետ մեկ շրջանից հետո պարզապես սիրահարվեց ինձ ու թույլ տվեց աշխատել Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում, բայց այնպես, որ «մութ լինի, ղեկավարությունը չնկատի, տղերքի վրա խոսակցություն չգա»: Բայց մութ փողոցում ինձ չէին նկատում նաեւ պոտենցիալ ձի նստողները: Բորիսն արդեն սառցակալել էր, ես ձանձրույթից անընդհատ հորանջում էի, երբ ժամը 9-ի մոտակայքում քաղաքապետն, ըստ երեւույթին տեղեկանալով հրապարակում տիրող դատարկության մասին, որոշեց ներս թողնել ձիերին:

Աշխատեցինք երկու ժամ: Դեռ մարդիկ չէին էլ հասցրել իմանալ, որ հրապարակում ձի եւ կառքեր կան, քաղաքապետն արդեն փոշմանեց: Կրկին եկան ոստիկանները եւ ինձ ու կառքերին դուրս հրավիրեցին՝ խոստանալով, որ վաղն արդեն ձիերը կաշխատեն: Հունվարի 3. Քաղաքապետը դարձյալ սխալ ոտքից էր արթնացել եւ մտափոխվել ձիերին հրապարակ թողնել: Ողջ օրն անցկացրինք մեր ժամանակավոր «ախոռում»: Այս անորոշ սպասողական վիճակից հոգնած ու ծայրաստիճան նյարդայնացած էին ոչ միայն մարդիկ, այլեւ մենք՝ ձիերս: Բորիսը կրկին գնաց ոստիկանների հետ խոսելու: Իսկ վերջիններս գնալով կատարելագործվում էին: Երկու կառք տարել էին բաժանմունք՝ ճանապարհին հավաքելով հինգ Ձմեռ պապ, որոնցից ոմանք պարզապես անցնում էին Աբովյան փողոցով:

Նրանց թվում էր ոստիկաններից բացի բոլորին վաղուց հայտնի ամենատարեց ու հրապարակի «ամենահին» Ձմեռ պապը՝ բնական սպիտակ մորուքով: Ոստիկանները նրան կանգնեցրին եւ պահանջեցին հանել մորուքը: Ծերունու փորձերը՝ բացատրելու, որ մորուքը բնական է, ավելի էին կատաղեցնում ոստիկաններին: Միայն իրենք քաշելով համոզվեցին, որ մորուքն իսկական է. բնականաբար, ոչ մի ներողության տարեց մարդը չարժանացավ: Երեկոյան քաղաքապետարանի աշխատակիցը հայտնեց, թե քաղաքապետը ժողով է հրավիրել, որտեղ վերջնականապես կորոշվի՝ ձիերին թույլ տա՞լ հրապարակ, թե՞ ոչ: Ու հուսադրեց, թե «միգուցե հունվարի 6-ից հետո թույլ տա, երբ կավարտվեն համերգները»:

Համերգները... մեծ բեմ՝ մի զույգ թռվռացող դեռահասներով ու 10-15 հանդիսականով... Հունվարի 4. Այսօր ոստիկանները սպառնալիքից անցան գործի ու մեզ տարան բաժանմունք: Այստեղ համբերությունը վերջնականապես կորցրած Բորիսը սկսեց բղավել, որ այս ձին, այսինքն՝ ես եւ մեր մնացած ձիերը, աշխատում են հաշմանդամ երեխաների հետ, օգնում են այնքա~ն երեխաների: Իսկ այս Կառավարությունը փոխանակ օգնի, մի բան էլ խանգարում է փող աշխատել ձիերի համար, որոնք այդքան լավ գործ են անում: Ես նրա ձայնը լսում էի դրսից: Ինձ ոչ միայն հրապարակ ու փողոցներ, այլ նույնիսկ բաժանմունք չթողեցին: Կողքիցս էլ անմիջապես անհետացան, որ «հանկարծ իրենց էլ չկծեմ»:

Ոստիկաններն անսպասելիորեն հետաքրքրվեցին «լավ գործով», մտածեցին, մտածեցին ու հայտնեցին, որ դա, իրոք, անարդար է, ու այդպիսի ձին պիտի վաղվանից աշխատի հրապարակում: Բայց՝ առանց պոնիի: Այնպիսի տպավորություն է, որ այս երկրում ամեն ինչ ոստիկաններն են որոշում, որ նրանք ամենազոր են: Հունվարի 5. Ես ու կառքերը ստացանք հրապարակում աշխատելու թույլտվություն, պոնիները՝ ոչ: Ոստիկանները չկարողացան բացատրել՝ ինչու: Հրապարակում շատ քիչ մարդ կար: Ինչը զարմանալի չէր. չէ՞ որ մարդիկ արդեն սովորել էին դատարկ հրապարակին: Հունվարի 6. Սուրբ Ծնունդ է: Ամեն տարի այս օրը հրապարակում մեծ համերգ էր, գիշերն էլ՝ մեծ հրավառություն:

Այս տարի ոչինչ: Բայց «բարի ոստիկանները» պոնիներին էլ թողեցին հրապարակ: Իսկ երեկոյան եկան ու հայտնեցին իրենց բարության վարձը: Այն գերազանցում էր նույնիսկ անցյալ տարվա գումարը. մինչդեռ անցյալ տարի աշխատում էինք հունվարի մեկից: Ու դարձյալ՝ «դուր չի գալիս, մի աշխատիր»: Ոմանք հեռացան, հետո նորից վերադարձան: Այլ ելք չկար, պիտի դիմեինք ռիսկի: Սկսեցինք աշխատել: Նախ՝ ոստիկաններին կերակրելու համար, հետո՝ մեզ: Գումարի չափն այնքան մեծ էր, որ մեր հաղթանակն ավելի շատ բարոյական էր: Դե ես հայկական ձի եմ: Իսկ մեզ՝ հայերիս մոտ այդպիսի հաղթանակները սովորական են...

Չնայած՝ արդարության համար պիտի ասեմ, որ գտնվեցին նաեւ իրոք բարի ոստիկաններ, ավելի ստույգ՝ ոստիկան, ով առանց որեւէ գումարի ակնկալիքի (դե, ինչ կեղծ համեստություն անեմ, ինձ շատ էր հավանել) ինքնակամ սկսեց հովանավորել ու «պաշտպանել» մեզ հրապարակում: Հունվարի 7. Բացի ձիերից ու կառքերից, հրապարակում աշխատելու թույլտվություն ստացան նաեւ մեքենաների տերերը եւ խաղալիք վաճառողները: Հրապարակում սկսեցին հավաքվել մարդիկ: Շատերն ինձ հիշում էին անցյալ տարվանից ու հենց ինձ մոտ էին եկել: Երեխաների եւ մեծահասակների ուրախ ժպիտները մի փոքր մխիթարանք էին վերջին օրերի տանջանքներիս համար: Ես էլ, չնայած հոգնածությանս, աշխույժ պտտում էի նրանց. իմ մեջքին պտույտի համար նստողը չպիտի զգա ոչ տրամադրությունս, ոչ ինքնազգացողությունս. չէ՞ որ Նոր տարի է, ու նա եկել է հրապարակ ուրախանալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter