Զրուցել են քաղաքապետարանի նոր ծրագրերի մասին
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՀՀ-ում օտարերկրյա մի շարք դեսպանությունների, միջազգային դոնոր կազմակերպությունների Հայաստանում գործող գրասենյակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին` Սերգեյ Կապինոսը հույս է հայտնել, որ համագործակցությունը քաղաքապետարանի և ՀՀ-ում գործող օտարերկրյա կառույցների միջև կլինի կառուցողական: Վերջինս պատրաստակամություն է հայտնել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել քաղաքապետարանի կողմից իրականացվող նախաձեռնություններին:
Կարեն Կարապետյանը, հանդիպման մասնակիցներին ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման նոր, արդյունավետ մոդելի մշակման հետ կապված իր մոտեցումները, խոսել է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի, կառավարման նոր մշակույթի ներդրման, գրավիչ բիզնես միջավայրի և բարենպաստ ներդրումային դաշտի ապահովման, տրանսպորտային կառավարման խնդիրների, քաղաքի էլեկտրոնային անձնագրի ստեղծման և մի շարք այլ հարցերի շուրջ, որոնք քաղաքի զարգացման կարևորագույն նախապայմաններից են: Քաղաքապետը կարևոր է համարել ցանկացած առաջավոր փորձի փոխանակում և նշել, որ քաղաքապետարանը պատրաստ է դիտարկել անձնակազմի վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների և փորձի փոխանակման վերաբերյալ ընդունելի առաջարկներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել