Գործադիրը հավանել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի նախնական ծրագիրը
Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի նախնական ծրագծին։ Պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման ավարտից հետո մեկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնել ծրագծով նշված հողամասում գտնվող հողերի կատեգորիայի անհրաժեշտ փոփոխություն կատարելու, երկաթգծի շահագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերը գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ։
Նիստում նշվել է, որ նոր երկաթգծի կառուցումը Հայաստանի համար ռազմավարական և տնտեսական մեծ նշանակություն ունի։ 31.2 կմ երկարությամբ երկաթգիծը թույլ կտա միացնել Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Երևան և Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղությունները և դրանով զգալիորեն կրճատել ինչպես միջմարզային, այնպես էլ միջհանրապետական փոխադրումների հեռավորությունն ու արժեքը։
Հետագայում Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգիծը մեծ դեր կունենա նաև Հայաստանը երկաթուղային տարանցիկ երկիր դարձնելու գործում։
Կառավարությունը ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկման և մատուցվող ծառայության դիմաց իրականացված ծախսի փոխհատուցման նպատակով «Հարավկովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ին վճարելու համար ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հատկացրել է 4022066,0 դրամ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել