HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Հետքի» լրագրողը ևս «Նանե» ստացավ

Երեկ Երևանի պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Նա/Նե ամենամյա լրագրողական երրորդ մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցույթին ներկայացվել էր ավելի քան 100 լրագրողական աշխատանք` 7 անվանակարգում: Յուրաքանչյուր տարի ավանդաբար հայտարարվող 6 անվանակարգին, որոնք են` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց և բլոգում տեղադրված հոդված, լուսանկարչական աշխատանք, սոցիալական և առևտրային գովազդ , ավելացավ նաև «Վիվասել-ՄՏՍ»-ի հայտարարված ուսանողական աշխատանք անվանակարգը:

Այս տարվա մրցույթին ներկայացված նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեին 2010 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, անդրադառնային քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու խնդիրներին և գենդերային բռնությանը` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից:

Մրցույթի նպատակն է խրախուսել տարվա ընթացքում այս թեմաների լուսաբանումը: Ժյուրիի անդամներն էին հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները` Նաիրա Սուլթանյանը (Երևանում բրիտանական դեսպանատուն), Աշոտ Մելիքյանը (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ), Ջեմմա Հասրաթյանը (Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա), Սուրեն Դեհերյանը («Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ), Ջինա Սարգիզովան (ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիր), Ծովինար Հարությունյանը (ԵԱՀԿ երևանյան գրասենյակ):

Մրցույթի աջակիցներն էին Երևանում բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և «Վիվասել-ՄՏՍ»-ը: Բոլոր անվանակարգերի համար սահմանվել էր երեքական մրցանակ: Առաջին մրցանակին արժանացողը ստացավ Նա/Նե արծաթյա արձանիկ և 300.000 դրամ պարգև: Երկրորդ մրցանակի համար սահմանված էր հավաստագիր և 150.000 դրամ պարգև: Իսկ երրորդ տեղի հաղթողը ստացավ հավաստագիր ու 75.000 դրամ:

Լավագույն օնլայն և բլոգային հոդված անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրեց «Անկախ» կայքի լրագրող Աննա Մուրադյանը, 2-րդ տեղը` «Հետք»-ի լրագրող Ադրինե Թորոսյանը, 3-րդ տեղը` «Եվրասիանեթ»-ի լրագրող Գայանե Աբրահամյանը: Լավագույն ռադիոնյութ ճանաչվեց «Ռադիո-Հայ»-ի լրագրող Արմինե Գևորգյանի աշխատանքը: 2-րդ մրցանակին արժանացավ «Մաքսլիբերթի»-ի լրագրող Նանե Սահակյանը, 3-րդին` Հանրային ռադիոյի լրագրողներ Զարուհի Քոչարյանը և Արամ Ոսկանյանը: Լավագույն տպագիր հոդված անվանակարգում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց «Առավոտի» լրագրող Գոհար Հակոբյանը, 2-րդ հորիոզոնականը` վանաձորցի լրագրող Տիգրան Մանուչարյանը, իսկ 3-րդ տեղ զբաղեցրեց «Առավոտի» մեկ այլ լրագրող` Մարիաննա Հակոբյանը: Լավագույն առևտրային գովազդ անվանակարգում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղը զբաղեցրին համապատասխանաբար «Status holding»-ի, «Prime Commercial»-ի և «Deem Comunication»-ի գովազդները: Այս տարի լավագույն հեռուստանյութ անվանակարգում 1-ին մրցանակի ոչ մի տեսանյութ չարժանացավ: 2-րդ տեղը կիսեցին «Արտակարգ ալիքի» լրագրող Անի Ստեփանյանը և «Բանաձևի» լրագրող Սոնա Աբրահամյանը:

3-րդ տեղը զբաղեցրեց «Երկիր մեդիայի» լրագրող Լուսինե Ղարիբյանը: Լավագույն լուսանկարչական աշխատանք անվանակարգում մեկ հաղթող եղավ` Իննա Մխիթարյանը` medialab.am-ից: «Ուսանողական Նա/Նե»-ում 1-ին մրցանակին արժանացավ Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Սեդա Ստեփանյանը, 2-րդին` Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Տարոն Կոխլիկյանը, 3-րդին` ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի Արփինե Այվազյանը: «Ուսանողական աշխատանք» անվանակարգի առաջին մրցանակակիրը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից արժանացավ HTC բջջային հեռախոսի և Նա/Նե արձանիկին: Երկրորդ և երրորդ մրցանակակիրները ստացան հավաստագիր և դրամական պարգև: Նա/Նե արձանիկը պատրաստված է արծաթից և խորհրդանշում է Նա-ին և Նե-ին՝ կնոջն ու տղամարդուն, և կենաց ծառը, որը ձուլված է խոսափողի տեսքով: Մրցանակաբաշխությանը նախորդել էր մամուլի ասուլիս, որին մասնակցում էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան և «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ասուլիսին բանախոսները նշեցին, որ տարեցտարի մրցանակաբաշխության նկատմամբ հետաքրքրությունն աճում է ոչ միայն լրագրողների մասնակցության, այլև նոր հովանավորների առումով: Բանախոսները մեկ անգամ ևս կարևորեցին կանանց մասնակցությունը երկրի հասարակական ու քաղաքական կյանքում և փաստեցին, որ այդ առումով Հայաստանում առաջընթաց է նկատվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter