
Վաղը` փետրվարի 9-ին Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը գումարելու է ավագանու նիստ, որով էլ հաստատելու է համայնքի 2011թ. բյուջեն: Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարությանը կոչ արեց վերջ դնել քաղաքապետի ապօրինություններին եւ ստիպել վերջինիս կատարել ՏԻՄ օրենքի պահանջները:
«Այսօր Իջեւանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ քաղաքապետն իրեն զգում է բդեշխի կամ խանի կարգավիճակում»,- հայտարարեց Ա. Մինասյանը:
Պատգամավորին մտահոգում էր այն, որ 2009թ. դեկտեմբերի դրությամբ Իջեւանի ընտրված 13 ավագանիներից մնացել է միայն կեսը, ինչը քաղաքապետի գործողությունների արդյունք է:
Ըստ պատգամավորի` քաղաքապետն այս իրավիճակում պետք է հայտարարեր ավագանու նոր ընտրություններ, մինչդեռ` կառավարության աչքաթողության արդյունքում «չեղած ավագանիով» համայնքի բյուջե է հաստատում:
«Սա խոսում է այն մասին, որ հայրենի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկի օրենքը խախտողներին եւ պետք է կտրուկ գործողությունների դիմի»,- ավելացրեց Արծվիկ Մինասյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել